07/09/2026

EU – Armenia

Yandex-ը Հայաստանում վաղուց միայն տաքսի պատվիրելու հավելված չէ

Երբ Հայաստանում գործող խոշոր տեխնոլոգիական հարթակի ղեկավարը հայտարարում է, որ երկրի ակտիվ բնակչության շուրջ 10 տոկոսն այս կամ այն կերպ գումար է վաստակում իրենց հարթակների միջոցով, դա այլևս միայն հաջող բիզնեսի պատմություն չէ, դա տնտեսական իշխանության պատմություն է։

Yandex-ը Հայաստանում վաղուց միայն տաքսի պատվիրելու հավելված չէ։ Այն վարորդին կապում է ուղևորի, առաքիչին՝ պատվիրատուի հետ, որոշում է պատվերների բաշխման ալգորիթմը, միջնորդավճարը, դինամիկ գինը և մեծ ծավալի տվյալներ է ստանում մարդկանց տեղաշարժի ու սպառողական վարքագծի մասին։

Հետևաբար հարցը Yandex-ի լավ կամ վատ ընկերություն լինելը չէ, հարցն այն է՝ պե՞տությունն է վերահսկում հարթակը, թե՞ հարթակն այնքան է մեծացել, որ պետությունն արդեն ստիպված է հարմարվել նրան։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ինքն է ուսումնասիրել էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրումների ոլորտը և արձանագրել մրցակցային խնդիրներ ու ռիսկեր։ Դեռ նախորդ ուսումնասիրություններում Yandex-ի վարքագծի վերաբերյալ բարձրացվել էր նաև անհավասար մրցակցային պայմանների հարցը, բայց այստեղ կա ավելի զգայուն խնդիր՝ տվյալները։

Տաքսու հավելվածը գիտի այնպիսի բաներ, որոնք երբեմն չգիտի նույնիսկ բանկը՝ որտեղից ես դուրս եկել առավոտյան, ուր ես գնացել երեկոյան, որ հասցեներն ես պարբերաբար այցելում, երբ ես տանը, որտեղ ես աշխատում։ Այդ տվյալները տնտեսական ակտիվ են։ Բայց օտարերկրյա տեխնոլոգիական հարթակի ձեռքում դրանք նաև ազգային անվտանգության հարց են։

Ռուսաստանում ընդունված կարգավորումները անվտանգության ծառայություններին հասանելիության հնարավորություններ են ստեղծել տաքսի ծառայությունների տվյալների նկատմամբ։

Այդ ռիսկը այնքան լուրջ էր գնահատվել, որ եվրոպական կարգավորողները միջամտել էին Yandex-ի միջազգային տաքսի ծառայությունից Ռուսաստան տվյալների փոխանցման հարցում։ Ինքը՝ Yandex-ը, հրապարակում է պետական մարմիններից ստացած տվյալների հարցումների վիճակագրություն և հայտարարում, որ օրինական պահանջների դեպքում համապատասխան տեղեկություն տրամադրում է։

Պետք է անկախ աուդիտով պարզ լինի՝ Հայաստանի քաղաքացիների տվյալները որտե՞ղ են պահվում, ո՞ր իրավաբանական անձն է դրանք վերահսկում, Հայաստանից դուրս փոխանցվո՞ւմ են, ո՞ր երկրներ, և օտարերկրյա պետական մարմինները ի՞նչ իրավական ճանապարհով կարող են դրանց հասանելիություն պահանջել, սակայն լավագույն պաշտպանությունը միայն վերահսկողությունը չէ։

Լավագույն պաշտպանությունը մրցակցությունն է։ Եթե մեկ հարթակ չափազանց մեծ մասնաբաժին ունի, վարորդն իրականում կորցնում է ընտրությունը։ Ուղևորն էլ՝ այլընտրանքը։

Իսկ պետությունը բանակցում է ոչ թե սովորական ընկերության, այլ հազարավոր մարդկանց եկամտի վրա ազդող համակարգի հետ։ Այդ պատճառով Հայաստանին պետք չէ «պատերազմ Yandex-ի դեմ»։ Պետք է Yandex-ի դեմ իրական մրցակցություն։

Պետությունը պետք է ապահովի, որ նոր հայկական և միջազգային հարթակների մուտքը շուկա հեշտ լինի, վարորդը կարողանա միաժամանակ աշխատել տարբեր հարթակներում, գնագոյացման և միջնորդավճարների սկզբունքները լինեն հասկանալի, իսկ գերիշխող դիրքը չօգտագործվի մրցակցին շուկայից դուրս մղելու համար։

Հատկապես վտանգավոր է այն պահը, երբ հասարակությունը սկսում է որևէ մասնավոր հարթակ ընկալել որպես անփոխարինելի ենթակառուցվածք։ Երկաթուղին, էներգետիկան և հեռահաղորդակցությունը Հայաստանին արդեն սովորեցրել են մեկ պարզ դաս՝ կախվածությունը սկզբում հարմարավետություն է թվում, իսկ քաղաքական ճգնաժամի պահին դառնում է խոցելի բացթողում։

Թվային տնտեսությունում նույն օրենքն է գործում։ Yandex-ը կարող է մնալ Հայաստանում, ներդրումներ անել, ստեղծել աշխատատեղեր և նոր տեխնոլոգիաներ բերել, բայց որքան մեծ է նրա ազդեցությունը, այնքան բարձր պետք է լինի պետության պահանջը՝ մրցակցության, թափանցիկության և տվյալների պաշտպանության նկատմամբ, որովհետև երբ մեկ ընկերության ալգորիթմից կախված է հազարավոր ընտանիքների եկամուտը, իսկ նրա սերվերներում կուտակվում է միլիոնավոր մարդկանց տեղաշարժի պատմությունը, մենք այլևս պարզապես տաքսու մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք տնտեսական ինքնիշխանության մասին։