08/09/2026

EU – Armenia

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կազմակերպած հարսանիք փարթին` Հովհաննավանքի բակում. Տեսանյութ

Հանգստյան օրերին համացանցը ցնցեց Հովհաննավանքի եկեղեցու բակում կազմակերպված հարսանիքի տեսանյութը։

Վանքը զավթած կարգալույծ Ստեփան Ասատրյանը (նախկին տեր Արամը) որոշել է, քանի դեռ հնարավորություն կա, եկեղեցու բակը տրամադրել հարսանիքներ անցկացնելու համար։ Դե, ոչ վերադաս ունի, ոչ հսկող։ Հարսանիքներն էլ աչքի էին ընկել քրեական ենթամշակույթ կրող երգերով ու եկեղեցու բակում ոչ պատեհ կատարումներով։

Եկեղեցին ուժով պահող Փաշինյանի սրտի հոգևորականը հերքել էր՝ ասելով, թե նման բան չկա, արհեստական բանականությամբ է սարքած։

Մեզ փոխանցեցին այլ տեսանյութեր ևս՝ եկեղեցու բակից, որտեղ հնչում է ռաբիս երաժշտություն, և ինչ-որ պայթուցիկ սարքեր են կրակում․ հրավառություն է, երևի։

Միակ բաց հարցը, որ մնում է, այն է, թե կարգալույծ նախկին հոգևորականը, որը ուժով զավթել է եկեղեցին, եկեղեցին ռեստորանի կարգավիճակով տրամադրելով, որքան գումար է աշխատում և ուր են գնում այդ փողերը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Կարգալույծ հռչակված ու այլևս աշխարհիկ անձ Ստեփան Ասատրյանը, ինչպես հայտնի է, գործադիր իշխանության ուղիղ հովանավորությամբ բռնազավթել է Հովհաննավանքը:

Հայ առաքելական եկեղեցուց բռնազավթված այս եկեղեցու անվանումը վերջին օրերին վերստին շրջանառվում է լրահոսում՝ կապված խայտառակ տեսանյութի հետ, որտեղ արձանագրված է, թե սրբավայրն ինչպես է պղծվում՝ վերածված լինելով ռաբիս տաշի-տուշիատեղի:

Ու թեպետ աղմուկից հետո ՔՊ-ի վերոնշյալ հովանավորյալ Ստեփան Ասատրյանը հայտարարում է, թե «սարքած վիդեոներ են», տեղացիները վկայում են, որ ոչ մի բան էլ սարքված չէ, ավելին՝ նման «տաշի-տուշիներ» էլի են անցկացվել բռնազավթված եկեղեցու մերձակայքում:

Ի լրումն, Մայր Աթոռը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ «վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը»:

Ինքնին հասկանալի է, որ բազմաթիվ մարդիկ, հավատացյալներ ու ոչ միայն հավատացյալներ զայրացած ու վրդովված են:

Բայց մյուս կողմից՝ չի կարելի ասել, թե խիստ զարմանալի է տեղի ունեցողը: Ի վերջո, ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի ու նրա քաղմերձավորների արշավի համատեքստում ինչ անթույլատրելի, անընդունելի, արգահատելի ամեն ինչ կարող է լինել: Նման իրավիճակն ու դրսևորումներն արտացոլում են փաշինյանական իշխանության և այդ իշխանության կողմից խրախուսվող տիրադավների ձեռագիրն ու «հավատո հանգանակը»: Նրանք, հասկանալի է, եկեղեցին բոլոր առումներով վարկաբեկելու մղումների մեջ են: Ու, գիտեք, եթե մարդիկ խիղճ ու հավատ չունեն, եթե Աստվածաշնչից որևէ տեքստ անգիր արտասանելը շփոթում են հավատ և աստվածավախություն ունենալու հետ, եթե խորապես թողություն հայցելու և ապաշխարելու խորհուրդները շփոթում են «փարթիի», «դուքանի» հետ, նրանք եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն:

Մեկ բան է մխիթարում. մեր, հատկապես միջնադարյան վանքերը շատ դաժան փորձությունների միջով են անցել՝ մինչև մեր օրերին հասնելը: Շատերը մնացել են կանգուն: Մնացել են սրբավայր: Նույնիսկ՝ խոնարհվածները:

Այս փորձությունն էլ, որ փորձանք է դարձել երկրի ու ժողովրդի գլխին, մի օր, անկասկած, կսպառվի, կանցնի: