Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարություններում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նոր փուլի ամբողջ հակասությունը տեղավորվում է մի քանի նախադասության մեջ։
Բաքուն խոսում է Արարատ Միրզոյանի հետ առաջիկա հանդիպման, երկու երկրների պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակությունների շփումների, ամբողջ սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման մասին։ Միաժամանակ կրկնում է, որ դրա համար Հայաստանում պետք է լուծվի Սահմանադրության հարցը։
Սա, անկասկած, պատերազմից խաղաղության անցման ամենակարևոր հանգրվաններից մեկն է։ Սահմանազատման մասով, ի դեպ, նոր սկզբունք չի հայտարարվել։ Երևանն ու Բաքուն դեռ 2025-ի հունվարին համաձայնել էին աշխատանքը սկսել Հայաստան – Վրաստան – Ադրբեջան սահմանների հատման հյուսիսային կետից և փուլ առ փուլ շարժվել մինչև Իրանի սահման։
Այդ պայմանավորվածությունը վերահաստատվել է հետագա հանդիպումներում, բայց դրա իրականացումն ինքնին քաղաքական մեծ նշանակություն ունի։ Երեսուն տարուց ավելի հայ-ադրբեջանական սահմանը հիմնականում եղել է ոչ թե պետական սահման, այլ ռազմաճակատ։ Եթե այն հյուսիսից հարավ ամբողջությամբ սահմանազատվի, քարտեզի վրա գիծը առաջին անգամ պետք է սկսի կատարել իր բնական գործառույթը՝ ոչ թե բաժանել երկու բանակներ, այլ սահմանել երկու պետությունների իրավազորությունը։
Դա խաղաղության ամենաառարկայական ձևն է։ Ավելի բնական ու ուժեղ։ Խաղաղությունը իրական է դառնում ոչ միայն ստորագրված հայտարարություններով, այլ այն ժամանակ, երբ անորոշ սահմանագծերին փոխարինում են հստակ սահմանները, անցակետերը և բնականոն քաղաքացիական հաղորդակցությունը։
Հենց այդ պատճառով Միրզոյան-Բայրամով ուղիղ շփումների շարունակությունն էլ կարևոր է։ Երկու նախարարները օգոստոսի վերջին Բիշքեկում արդեն կարճ հանդիպում էին ունեցել, մինչդեռ 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո կողմերը պայմանավորվել էին շարունակել ուղիղ երկխոսությունը։
Կայուն խաղաղության համար սա գուցե ավելի կարևոր է, քան նոր միջնորդներ գտնելը։ Հաշտված պետությունները պետք է վերջապես սովորեն խոսել միմյանց հետ առանց ամեն անգամ երրորդ մայրաքաղաք գնալու։
Բայց այստեղ մնում է Սահմանադրության խնդիրը։ Բայրամովի ձևակերպումը առաջին հայացքից նույնիսկ զուսպ է. Սահմանադրության ընդունման ժամանակն ու ժամկետները Հայաստանի ներքին գործն են։ Սակայն հաջորդ միտքը վերադարձնում է հիմնական հակասությունը՝ Ադրբեջանը սպասելու է գործընթացի ավարտին և դրանից հետո միայն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Այսինքն՝ ժամկետը Երևանի գործն է, բայց ակնկալվող արդյունքը՝ Բաքվի պայմանը։ Դա արդեն ինքնիշխանության հարց է։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրական համակարգում՝ Անկախության հռչակագրին հղման միջոցով, պահպանվում են տարածքային պահանջներ իր նկատմամբ և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կապում է դրանց վերացման հետ։
Հայաստանը, մյուս կողմից, նոր Սահմանադրության մշակումը ներկայացնում է որպես դեռ 2018-ից իր ներքին քաղաքական օրակարգում եղած գործընթաց։ Այս երկու գործընթացները պետք է սկզբունքորեն տարանջատել։
Հայաստանը կարող է փոխել Սահմանադրությունը։ Կարող է ընդունել բոլորովին նոր Սահմանադրություն։ Կարող է վերանայել Անկախության հռչակագրին վերաբերող ձևակերպումները։ Բայց դա պետք է անի Հայաստանի քաղաքացին, ոչ թե Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Սա հակաադրբեջանական դիրքորոշում չէ։ Հակառակը՝ հենց սա է խաղաղության տրամաբանությունը։ Եթե խաղաղությունը ենթադրում է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչում, ապա այդ ինքնիշխանությունը չի կարող կանգ առնել հարևանի սահմանադրական կարգի դռան մոտ։
Այստեղ է Բաքվի համար նույնպես կարևոր ընտրությունը։ Ադրբեջանը կարող է ունենալ անվտանգության մտահոգություններ և պահանջել դրանց հստակ իրավական լուծումներ։ Դրա համար գոյություն ունի հենց խաղաղության պայմանագիրը։
Այն կարող է ամրագրել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, սահմաններիանձեռնմխելիությունը և միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը։
Բայց եթե արդեն համաձայնեցված միջպետական պայմանագիրը շարունակում է կախված լինել մյուս երկրի ներքին սահմանադրական գործընթացից, ստեղծվում է վտանգավոր նախադեպ՝ խաղաղության պայմանը սկսում է տարածվել պետության ներքին քաղաքական կառուցվածքի վրա։
Խաղաղության հաջորդ փուլում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն շատ ավելի առարկայական խնդիրներ՝ սահմանազատում, հաղորդակցություններ, առևտուր, անվտանգություն, գերիների ու մյուս մարդասիրական հարցերը։
Այստեղ արդեն հնարավոր է իրական առաջընթաց։ Հյուսիսից հարավ սահմանազատված սահմանը կարող է շատ ավելի վստահելի խաղաղության երաշխիք լինել, քան անվերջ մեկնաբանությունները մեկ ուրիշ երկրի Սահմանադրության մասին։ Խաղաղությունը պետք է վերջապես ամրագրվի սահմանի վրա, ոչ թե տեղափոխվի հարևան պետության սահմանադրական տիրույթ։

Բաց մի թողեք
Աղբավայրը պետք է հարստացնել իշխանական համակարգով
Զատուլինը բարձրաձայնեց այն, ինչ պաշտոնական Մոսկվան ամիսներ շարունակ չի ասում
Լուրջ ահազանգ՝ ինչ է կատարվում տեղական իշխանության մակարդակում