13/09/2026

EU – Armenia

ՊՆ-ի զենքերը սերժանտի տանը․ «զենքի որսը» հասել է բանակ

Վերջին ամիսներին ոստիկանությունը կարծես «զենքի որսի» լայնածավալ գործընթաց է սկսել։ Տարբեր անձանց բնակարաններում, ավտոտնակներում, անգամ գերեզմանոցներում պարբերաբար հայտնաբերվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի մեծ խմբաքանակներ։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ գործընթացի շրջանակում խուզարկություն է իրականացվել զորամասերից մեկի 2-րդ ջոկի հրամանատար, սերժանտ Մկրտիչ Մարգարյանի բնակարանում։ Խուզարկության արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, հայտնաբերվել է ապօրինի պահվող ռազմամթերք՝ այդ թվում ինքնաձիգներ, գնդացիրներ և մոտ 50 փամփուշտ։

Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հայտնաբերված զենք-զինամթերքը ՊՆ-ի սեփականությունն է եղել։

Մկրտիչ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն նրան չեն կալանավորել։ Ընտրվել է ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց։