«Կոտայքի մարզում ՔՊ-ի առաջիկա ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հարցում պատկերը ամբողջությամբ չի ուրվագծվում։ Եթե Հրազդանի, Ծաղկաձորի և Արզնիի մասով իշխանությունն արդեն որոշակի որոշումներ ունի, ապա ամենամեծ հարցականը շարունակում է մնալ Աբովյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկար քննարկումներից հետո ՔՊ-ում, կարծես թե, կանգ են առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա։
Նա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարն է։
Սակայն ուշագրավն այն է, որ ՔՊ-ն Աբովյանի գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հարցում այլ մարտավարություն է ընտրել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը մտադիր չէ նրա դեմ կոշտ պայքար մղել կամ բանակցությունների միջոցով նրան ՔՊ-ի թեկնածու դարձնել։ Ընդհակառակը՝ Բաբայանին, ըստ իշխանական աղբյուրների, «ազատ են թողնելու»։
Այսինքն՝ Էդուարդ Բաբայանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ընտրություններին սեփական նախաձեռնությամբ, իսկ ՔՊ-ն, ըստ էության, չի խոչընդոտի նրա ընտրարշավին։
Ավելին՝ իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ ՔՊ-ում բավական իրատեսական գնահատական կա՝ Աբովյանում Էդուարդ Բաբայանի ավելի մեծ ընտրազանգված ունի, հաղթանակի մեծ շանսեր, քան իշխանության կողմից առաջադրվելիք թեկնածու Հովհաննես Աբրահամյանը։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված՝ ՔՊ-ում որոշել են ոչ թե գնալ Բաբայանի հետ մրցակցության կամ նրան իրենց թեկնածու դարձնելու բանակցությունների, այլ նրան թողնել ազատ, սեփական ճանապարհով։
Իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է նաև այն սցենարը, որ եթե Էդուարդ Բաբայանը հաղթի ընտրություններում, ՔՊ-ն կընդունի այդ արդյունքը և նրա համար հաղթանակի հարցում խնդիրներ չի ստեղծի։ Կաշխատեն Բաբայանի հետ, ինչպես՝ այսօր»։


Բաց մի թողեք
Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ
Արծրունները շարունակում են ստել
Հայաստանի ապագան Լիխտենշտեյնն է` իր բնակչության քանակով