Ամերիկյան լրագրության պատմությունը համաշխարհային լրագրության պատմության ամենահետաքրքիր բաժիններից է։
Այստեղ կա ամեն բան՝ ե՛ւ ամենօրյա լրատվություն ապահովող լրատվամիջոցներ, ե՛ւ անալիտիկայով զբաղվող պարբերականներ, որոնք ունեն որոշակի մասնագիտացում եւ ուղղվածություն ու դարձել են իրենց ոլորտներում «եղանակ թելադրող», ինչու չէ՝ նաեւ ողջ աշխարհի համար։
Variety-ն թերեւս այս վերջին կատեգորիային է պատկանում՝ որպես համաշխարհային շոու-բիզնեսի ամենաթարմ նորությունները լուսաբանող լրատվամիջոց։ Այն գոյություն ունի արդեն 120 տարի եւ այդ ընթացքում՝ նյույորքյան փոքրիկ թերթից, որը գրում էր վոդեւիլների մասին, այսօր դարձել է հեղինակավոր պարբերական։ Variety-ն հիմնադրվել է Նյու Յորքում, 1905 թ․ դեկտեմբերի 16-ին, Սայմ Սիլվերմանի կողմից։ Սիլվերմանը թատերական մեկնաբան էր։ Որպես լրագրող՝ նա բախվում է լրագրության ոլորտում բավական տարածված մի խնդրի՝ խմբագրական քաղաքականության եւ իր մոտեցումների անհամատեղելիության հետ։ Հատկապես տարաձայնությունները կապված էին գովազդատուների հետ։ Սիլվերմանը, ըստ պատմական նյութերի, դերասաններից մեկի մասին վատ հոդված էր գրել այն պարբերականում, որտեղ աշխատում էր այդ ժամանակ։ Դերասանը, սակայն, այդ պարբերականի գովազդատուն էր։ Արդյունքում՝ Սիլվերմանը ստիպված է լինում հեռանալ այդ լրատվամիջոցից եւ որոշում է սեփական պարբերականը ստեղծել։ Որպես վարկ՝ այն ժամանակների համար զգալի մեծ գումար է վերցնում՝ 2 հազար 500 դոլար։ Ի սկզբանե, Variety-ն գրում էր միայն թատերական բիզնեսի եւ վոդեւիլների մասին։ Սա կարեւոր է, որպեսզի հստակ լինի, որ ի սկզբանե այն ստեղծվել է որպես պրոֆեսիոնալ պարբերական։ Ընթերցողներն էլ ժամանցային ինդուստրիայի ներկայացուցիչներն էին՝ հիմնականում պրոդյուսերներ, թատրոնների սեփականատերեր, դերասաններ, գործակալներ, գործարարներ եւ գովազդատուներ։ Variety-ի համար մշակույթի ու ժամանցի վերաբերյալ նաեւ վերլուծություններ են արվել՝ այս ոլորտները ներկայացրել են որպես ինդուստրիա, իրենց ֆունկցիոնալ մեխանիզմներով եւ այլն։
Իր գոյության ընթացքում Variety-ն հասցրել է մշակել որոշակի պրոֆեսիոնալ խոսվածք՝ սլենգ։ Օրինակ՝ boffo-ն, ըստ այդ սլենգի, մեծ հաջողությունն է, ankled-ը՝ աշխատանքից հեռանալը, inked-ը՝ պայմանագիր կնքելը, lensed-ը՝ կինոնկար նկարահանելը։ Այսօրինակ արտահայտություններն ամերիկյան հասարակության մեջ լայն տարածում են ստացել հենց Variety-ի շնորհիվ։ Հատկապես ուշագրավ էին պարբերականի վերնագրերը․ կարճ, աշխույժ, հաճախ կառուցված բառախաղերի վրա։ Դա ոչ թե սոսկ լրագրողական հնարք էր, այլ՝ սեփական պրոֆեսիոնալ լեզվի ստեղծում, որը հասկանալի կլիներ «յուրային» մարդկանց։ Variety-ն այդպիսով դառնում է ոչ միայն ամերիկյան շոու-բիզնեսի տարեգիրը, այլ նաեւ՝ խոսույթի ստեղծողը։
Variety-ի համար հատկապես շրջադարձային է լինում կինոյի ստեղծումը։ Կինոն եւ կինոինդուստրիան չէին կարող պարբերականի ուշադրությունից դուրս մնալ։ 1920-ական թվականներից, երբ Հոլիվուդը դարձավ համաշխարհային կինոյի կենտրոններից մեկը, Variety-ի նյութերում կինոնյութերը հաստատուն կերպով սկսեցին ձեռք բերել կարեւոր տեղ։ Աստիճանաբար՝ կինոն եւս դարձավ անալիտիկայի նյութ՝ թե՛ որպես մշակութային երեւույթ, թե՛ որպես կինո-էկոնոմիկա։
Հաջորդ կարեւոր փուլը 1933 թվականին եղավ, երբ հայտնվեց Daily Variety-ն։ Այն Լոս Անջելեսում դարձավ ամենահայտնի օրաթերթերից մեկը, եւ այդ ամենը՝ Հոլիվուդի շեշտակի զարգացման ֆոնին։ Daily Variety-ն պետք է արագ զարգացող կինոարդյունաբերությանն ապահովեր օպերատիվ տեղեկատվությամբ եւ միաժամանակ մրցակցեր նորաստեղծ The Hollywood Reporter-ի հետ։ Daily Variety-ի ստեղծումն ահռելի շրջադարձ էր լրատվության ոլորտում։ Սակայն վերջինիս հրատարակումն սկսելուց երկու շաբաթ անց՝ 1933 թվականի սեպտեմբերի 22-ին, մահանում է Սայմ Սիլվերմանը։ Պարբերականն անցնում է Սիլվերմանների ընտանիքի տնօրինմանը։


Բաց մի թողեք
«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. Լուսանկարներ
Կյանքից հեռացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանը. Լուսանկար
Լույս է տեսել «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի համակենտրոնացման ճամբարները» գիրքը. Լուսանկար