Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվական հարթակներում վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե Բերդավանի հարակից 4-5 հայկական դիրքեր սահմանազատման շրջանակում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Բերդավանում այս տեղեկությունը հերքում են՝ նշելով, որ տարածքում այս պահին սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում։
Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը նշեց, որ ինքն էլ կարդացել է տարածվող տեղեկությունները, սակայն դրանց իրականությանը չհամապատասխանող լինելու մասին է խոսում։ «Այս պահին Բերդավանի հատվածում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում, դա նաեւ փոխվարչապետի գրասենյակն է հերքել»,- նշեց Զուրաբյանը։
Բերդավանի հատվածի նկատմամբ ուշադրությունն առավել մեծ է նաև այն պատճառով, որ սահմանամերձ գոտում են գտնվում պատմամշակութային նշանակություն ունեցող տարածքներ։ Գյուղի վարչական տարածքում գտնվող Ղալինջաքար ամրոցը հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։ Ամրոցի հարակից տարածքում է նաև Սուրբ Նշան եկեղեցին։
Վարչական ղեկավարի խոսքով՝ եկեղեցին շարունակում է հասանելի լինել բնակիչներին։ Վերջին կիրակի Սուրբ Նշան եկեղեցում նաև պատարագ է մատուցվել։
Բերդավանում, սակայն, սահմանազատման գաղափարին դեմ լինելու մասին չեն խոսում։ Ավելին՝ բնակիչները սպասում են, որ գործընթացը հստակեցվի և սահմանագիծը վերջնականապես որոշվի։
Իսկ թե ինչ վերաբերմունք ունեն բերդավանցիները Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հնարավոր բացման նկատմամբ, MediaHub-ը պարզել էր դեռևս գարնանը՝ գյուղում անցկացված հարցման միջոցով։
Բնակիչների մի մասը կողմ էր սահմանը բացելու գաղափարին՝ հիշելով, որ նախկինում ադրբեջանցիների հետ առևտուր էին անում և այդ տարիների կյանքը գնահատում էին որպես ավելի բարեկեցիկ։
Մյուսները, սակայն, կտրականապես դեմ էին՝ նշելով, որ Ադրբեջանը իրենց համար թշնամի երկիր է, և իրենք չեն պատկերացնում ադրբեջանցիների հետ համատեղ ապրելը։

Բաց մի թողեք
Ում է կրակել ադրբեջանցին. բացառիկ լուսանկար
Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում
Մեծ հիասթափություն