30/10/2026

EU – Armenia

Երկրի առջև կանգնած խնդիրների լրջությունը պետք է գիտակցվի ՔՊ-ի կողմից

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը ևս մեկ անգամ բացահայտեց Հայաստանի քաղաքական կյանքում արմատավորված ուժի և փոխադարձ հաշվեհարդարի մտածողությունը։

Խորհրդարանի նիստերի դահլիճում պատգամավորները միմյանց հարվածներ էին հասցնում, աթոռներ ու շշեր նետում, վնասում գույքը։ Կային վնասվածքներ ստացածներ, խորհրդարան էր ժամանել շտապօգնություն։ Սակայն առավել մտահոգիչ էին կատարվածից հետո հնչած հայտարարություններն ու բռնությունն արդարացնելու փորձերը։

Վիրավորանքին վիրավորանքով, բռունցքին բռունցքով պատասխանելու գործելակերպը ներկայացվում էր որպես արժանապատվության պաշտպանության ընդունելի միջոց։ Երբ նման մտածողությունը հաստատվում է քաղաքական կյանքի բարձրագույն մակարդակում, այն ազդում է հասարակության վարքագծի վրա և աստիճանաբար խաթարում պետական հաստատությունների նկատմամբ վստահությունը։

Միջադեպի քաղաքական համատեքստը նույնպես արժանի է ուշադրության։ Ընդամենը մեկ օր առաջ խորհրդարանը վավերացրել էր ԹՐԻՓՓ-ի հայ-ամերիկյան համաձայնագիրը՝ Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական ապագայի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթը։ Հաջորդ օրը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեցին պատգամավորների բռունցքներն ու կոտրված աթոռները։ Երկրի զարգացման հեռանկարներին վերաբերող քննարկումները ստվերվեցին խորհրդարանական առճակատմամբ։

Այս հաջորդականության մեջ հնարավոր քաղաքական սադրանքի տրամաբանություն է նկատվում։ ԹՐԻՓՓ-ի վավերացումից հետո ընդդիմության առջև քաղաքական նախաձեռնությունը պահպանելու խնդիր էր կանգնած։ Համաձայնագրին առարկայական հակադրվելը պահանջում էր տնտեսական հաշվարկներ, անվտանգության հիմնավորումներ և հստակ այլընտրանքներ։ Իսկ խորհրդարանական բախումը կարող էր փոխել հանրային քննարկման ուղղությունը՝ իշխանությանը ներքաշելով մի իրավիճակի մեջ, որի հետևանքները հնարավոր կլիներ օգտագործել նրա դեմ։ Կազմակերպված սադրանքի մասին վերջնական եզրակացության համար, անշուշտ, անհրաժեշտ են ապացույցներ։ Սակայն նման հաշվարկի հնարավորությունը քաղաքական վերլուծությունից դուրս թողնել նույնպես ճիշտ չէր լինի։

Հատկապես խոսուն էին միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղի ունեցածը բնորոշեց որպես «հայկական, նորմալ կռիվ»։ Գառնիկ Դավթյանն իր գործողությունները բացատրեց տղամարդկային արժանապատվությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ պնդելով, որ ճիշտ և տեղին է վարվել։

Այս հայտարարությունների հիմքում մեր հասարակության մեջ խոր արմատներ ունեցող մի պատկերացում կա։ «Դու արել ես, ես էլ կանեմ» սկզբունքը դարձել է սեփական վարքագիծն արդարացնելու հարմար միջոց։ Յուրաքանչյուր նոր վիրավորանք կամ հարված հիմնավորվում է նախորդով։ Պատասխանատվությունն անընդհատ փոխանցվում է հակառակորդին, և փոխադարձ հաշվեհարդարի շղթան շարունակվում է։ Առավել վտանգավոր է, երբ այս տրամաբանությունը որդեգրում են մարդիկ, որոնց վստահված է օրենքներ ընդունելու և հասարակական հարաբերությունների կանոնները պահպանելու պատասխանատվությունը։

Քաղաքական գործիչների խոսքն ու վարքագիծը հասարակության համար օրինակ են ծառայում։ Երիտասարդները տեսնում են, որ պետական բարձրագույն ամբիոններից կարելի է արդարացնել ուժի կիրառումը, և այդ պատկերացումները կարող են տեղափոխել իրենց առօրյա հարաբերություններ։ Փողոցում, դպրոցում կամ բանակում սովորական վեճերը երբեմն ավարտվում են դանակահարությամբ ու սպանությամբ։ Իհարկե, այդ ողբերգություններն ունեն բազմաթիվ պատճառներ, սակայն քաղաքական առաջնորդների կողմից բռնության արդարացումը նպաստում է դրա նկատմամբ հանդուրժողականության տարածմանը։ Հասարակության համար վտանգավոր է, երբ արժանապատվության պաշտպանությունը կապվում է դիմացինին ֆիզիկապես պատժելու կարողության հետ։

Այս առումով մտահոգության տեղիք է տալիս նաև իշխանության վարքագիծը։ Դեռ օգոստոսին, Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո, Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկում էր պահպանել բարեկիրթ բանավեճի կանոնները՝ միաժամանակ զգուշացնելով, որ այլ գործելակերպի դեպքում իշխանությունը պատրաստ է պատասխանել նույն տրամաբանությամբ։

Հոկտեմբերի 29-ին Ռուբինյանը լարվածության ընթացքում հայտարարեց, որ հատուկ ընդմիջում չի հայտարարում, որպեսզի բոլորը տեսնեն կատարվողը։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի՝ ընդդիմադիրների ուղղությամբ աթոռ նետելու կադրերը և Տարոն Չախոյանի հետագա հայտարարությունը, որ կռիվ հրահրողները չեն կարող առանց ծեծի հեռանալ խորհրդարանի դահլիճից, լրացուցիչ հարցեր առաջացրին իշխանության արձագանքի վերաբերյալ։

Պետք է հաշվի առնել նաև մեր հասարակության մեջ տարածված մի հոգեբանական առանձնահատկություն։ Զսպվածությունը հաճախ ընկալվում է որպես թուլություն, իսկ հարվածին չպատասխանելը՝ վախի նշան։ Քաղաքական հարաբերություններում այս պատկերացումը կարող է օգտագործվել հակառակորդին հրապարակայնորեն նվաստացնելու, նրա հեղինակությունը վնասելու և ուժի դիրքերից սեփական առավելությունը ցուցադրելու նպատակով։ Նման հաշվարկով սադրանքը դիմացինին կանգնեցնում է բարդ ընտրության առաջ. պատասխան հարվածը կարող է խորացնել առճակատումը, իսկ զսպվածությունը ներկայացվել որպես անզորություն։

Պետական պաշտոն զբաղեցնելը որևէ մեկին չի զրկում ֆիզիկական հարձակումից պաշտպանվելու իրավունքից։ Անմիջական բռնությանը անհրաժեշտ և համաչափ հակազդեցությունը կարող է լիովին արդարացված լինել։ Սակայն իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն ավելի մեծ է։ Նրանք պարտավոր են կանխել բռնության տարածումը, արագ վերականգնել կարգուկանոնը և ապահովել օրենքի գործադրումը։ Սա պահանջում է վճռականություն, սառնասրտություն և սեփական գործողությունների հետևանքները գնահատելու կարողություն։ Հատկապես այն իրավիճակներում, երբ հակառակորդը կարող է միտումնավոր հրահրել պատասխան գործողություններ՝ իշխանությանը ներքաշելով իր թելադրած առճակատման մեջ։

Հատկանշական է, որ Ազգային ժողովում արդեն գործում է պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով։ Դեռ հոկտեմբերի սկզբին ներկայացվել էին պատգամավորական վարքագծի կանոնները՝ նիստերի կարգի պահպանումից մինչև քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած նախորդ քաշքշուկից հետո, դատելով կրկնվող միջադեպերից, բավարար հետևություններ չեն արվել։ Այժմ հանձնաժողովը պետք է ցույց տա իր իրական նշանակությունը։ Յուրաքանչյուր մասնակցի գործողություն անհրաժեշտ է գնահատել առանձին՝ անկախ կուսակցական պատկանելությունից։

Խնդրի հետևանքները կարող են շատ ավելի խորն ու երկարատև լինել։ Քաղաքական բռնության նկատմամբ հանդուրժողականությունն աստիճանաբար քայքայում է հասարակության վստահությունը երկրի կառավարման համակարգի նկատմամբ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքական հակառակորդների միջև բռնությունը, փոխադարձ թշնամանքն ու անպատժելիությունը կարող են խորացնել ներքին ճգնաժամերը։ Երբ օրենքներ ընդունողներն իրենք են անտեսում հանրային վարքագծի տարրական կանոնները, հասարակության համար գնալով դժվարանում է հավատալ այդ օրենքների հեղինակությանը։

Հայաստանն այսօր ապրում է տարածաշրջանային և միջազգային լուրջ վերադասավորումների ժամանակաշրջանում։ Փոխվում են ուժերի հարաբերակցությունները, ձևավորվում են տնտեսական ու տրանսպորտային նոր կապեր, շարունակվում են խաղաղության բանակցությունները։ Հայաստանի առաջ կանգնած են անվտանգության, ինքնիշխանության ամրապնդման և տնտեսական զարգացման բարդ խնդիրներ։ Դրանց լուծումը պահանջում է քաղաքական հասունություն, կազմակերպվածություն, սառնասրտություն և սեփական հնարավորությունների իրատեսական գնահատում։

Աշխարհում մրցակցությունը գնալով կոշտանում է։ Պետությունների դիրքերն ամրապնդվում են արդյունավետ կառավարման, որակյալ որոշումների, տնտեսական ներուժի և երկարաժամկետ նպատակների շուրջ հետևողական աշխատանքի շնորհիվ։ Մինչ մենք ժամանակ ու էներգիա ենք վատնում ներքին հաշվեհարդարների վրա, տարածաշրջանի մյուս դերակատարները զբաղված են իրենց տնտեսական ու անվտանգային հնարավորություններն ընդլայնելով։ Միջազգային քաղաքականության մեջ ներքին անկազմակերպվածությունն ունի իր գինը, որը կարող է արտահայտվել կորցրած հնարավորություններով, նվազած ազդեցությամբ և արտաքին ճնշումներին դիմակայելու սահմանափակ կարողությամբ։

Բարոյական քարոզ կարդալու կամ տեղի ունեցածի շուրջ հումոր անելու ցանկություն չունեմ։ Պարզապես ուզում եմ հասկանալ, թե նման մտածողությամբ ինչպես ենք պատրաստվում դիմակայել Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին։ Եթե քաղաքական հարաբերություններում շարունակենք առաջնորդվել փոխադարձ հաշվեհարդարի տրամաբանությամբ, դրա հետևանքները վաղ թե ուշ զգալու է ամբողջ երկիրը։ Մեզ կարող են շրջանցել ավելի հաշվենկատ, կազմակերպված և հետևողական ուժեր, որոնք իրենց նպատակներին հասնելու համար ունեն անհրաժեշտ կարգապահություն ու հստակ ռազմավարություն։

Առանձնահատուկ պատասխանատվություն է կրում իշխանությունը։ Նրա ձեռքում են օրենքի գործադրումն ու կարգուկանոնի ապահովման օրինական միջոցները։ Ընդդիմությունը նույնպես պարտավոր է գիտակցել իր վարքագծի հետևանքները։ Յուրաքանչյուր պատգամավոր պետք է անձնական պատասխանատվություն կրի իր գործողությունների համար։ Բռնությունը դատապարտելու պահանջը չի կարող պայմանավորված լինել այն գործադրողի քաղաքական պատկանելությամբ։

Հայաստանի քաղաքական դասը լուրջ աշխատանք ունի կատարելու առաջին հերթին սեփական մտածողության ու վարքագծի վրա։ Երկրի կառավարումը պահանջում է ինքնատիրապետում, պատասխանատվություն, սադրանքները ճանաչելու և ճնշման պայմաններում հաշվենկատ որոշումներ կայացնելու կարողություն։ Նույն հատկանիշներն անհրաժեշտ են նաև արտաքին քաղաքականության, անվտանգության և տնտեսական զարգացման հարցերում։

Մեր տարածաշրջանում քաղաքական սխալները հաճախ երկարատև հետևանքներ են ունենում։ Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունի, իսկ լուծում պահանջող խնդիրները բազմաթիվ են։ Մենք պարզապես իրավունք չունենք մեր ուժերը սպառելու փոխադարձ վիրավորանքների, ներքին հաշվեհարդարների և սեփական առավելությունն ապացուցելու անպտուղ փորձերի վրա։ Երկրի առջև կանգնած խնդիրների լրջությունը պետք է արտահայտվի նաև դրանց լուծման պատասխանատվությունը ստանձնած մարդկանց մտածողության և վարքագծի մեջ։ Պարտադիր չէ, որ սահմանին կրակոցներ հնչեն, որպեսզի մենք վերջապես սկսենք մեզ լուրջ պահել։