30/10/2026

EU – Armenia

Ամեն անգամ արտերկրից գալիս դեղ ենք բերում մտերիմներին. ո՞նց է սա լուծվելու

Կաթնամթերքի արտադրող ընկերությունների նկատմամբ կիրառված տուգանքների և սպառողների իրավունքների պաշտպանության հարցը բարձրացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանի թեկնածության քննարկման ժամանակ։

Մանուկյանը հիշեցրել է, որ օգոստոսին հանձնաժողովը հինգ կաթնամթերք արտադրող ընկերությունների տուգանել էր ընդհանուր 16 միլիոն դրամով։ Ստուգումների արդյունքում պարզվել էր, որ նրանց արտադրած պանրի և թթվասերի մեջ կաթնայուղի պարունակությունը սահմանված նվազագույն ցուցանիշից մի քանի անգամ ցածր է եղել։

Պատգամավորը հետաքրքրվել է, թե տուգանքների կիրառումից բացի ինչպե՞ս են վերականգնվելու այն քաղաքացիների իրավունքները, որոնք արդեն ձեռք են բերել պահանջներին չհամապատասխանող արտադրանքը։

Շուշան Սարգսյանի խոսքով՝ սպառողները կարող են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել «Սպառողի օգնական» հարթակին, ինչպես նաև օգտվել դատական պաշտպանության հնարավորությունից։ Նա ընդգծել է, որ նման խախտումները կարող են վերաբերել անորոշ թվով սպառողների, ինչի պատճառով հնարավոր չէ պարզել բոլոր այն անձանց շրջանակը, որոնք ձեռք են բերել տվյալ արտադրանքը։ Սակայն համապատասխան ապացույցներ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է օրենքով սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները։

Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է նաև դեղերի շուկային՝ բարձրացնելով դրանց որակի, գների և սպառողների շահերի պաշտպանության խնդիրները։ Նա նշել է, որ հաճախ ստիպված է լինում արտերկրից դեղեր բերել հարազատների և ծանոթների համար՝ հետաքրքրվելով, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ քաղաքացիներին որակյալ դեղորայքի հասանելիությունն ապահովելու համար։

Ի պատասխան՝ Շուշան Սարգսյանը պարզաբանել է, որ դեղերի որակի վերահսկողությունը հանձնաժողովի լիազորությունների շրջանակում չէ։ Այդ գործառույթն իրականացնում են ոլորտի պատասխանատու լիազոր և տեսչական մարմինները։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հանձնաժողովն ուսումնասիրում է դեղերի շրջանառության ոլորտում մրցակցային պայմանների բարելավմանն ու գնագոյացմանը վերաբերող հարցերը։