Դիլիջան համայնքի Հովք գյուղում ապրում են Ադրբեջանից Հայաստան վերաբնակված մեր հայրենակիցները։ Նախկինում գյուղն ադրբեջանաբնակ է եղել, կոչվել է Հախկխլու, Վուրղուն։ Հովք անվանումը կրում է 1991թ․ ապրիլի 3-ից։
Հրապարակ թերթը գրել է․ Գյուղը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջեւանից մոտ 12 կմ հարավ-արեւմուտք, իսկ Դիլիջանից՝ մոտ 25 կմ հեռավորության վրա։ Մի քանի տարի առաջ, շաբաթվա աշխատանքային օրերին գործում էր Հովք-Իջեւան-Հովք միկրոավտոբուսային երթուղին, որը փակվել է։ Փակվել է նաեւ Դիլիջան քաղաքից դեպի Հովք հասարակական տրանսպորտի երթուղին։ Փաստացի, մոտ 480 բնակիչ ունեցող Հովքում չկա մշակութային որեւէ կենտրոն, որտեղ գյուղի բնակիչները կարողանան առնչվել մշակութային կյանքին։ Գյուղի ներքեւի մասում գործում է Կանաչ ուսուցման կենտրոնը, որն ունի էկոլոգիական, գյուղատնտեսական եւ կրթական ուղղվածություն։ Հովքի ընտանիքների մեծ մասը սեփական ավտոմեքենա ունի, Դիլիջան եւ Իջեւան քաղաք մեկնում են իրենց մեքենաներով։ Հովքի բնակիչների կապն ավանդաբար սերտ է եղել ոչ թե Դիլիջան քաղաքի, այլ մարզկենտրոն Իջեւանի հետ։
Հովքի ցավոտ հիմնախնդիրը բնակավայրում սողանքային գոտու, սողանքից տուժած առանձնատների գոյությունն է։ 2021թ․ հուլիսից Հովք բնակավայրի վարչական ղեկավար Հովհաննես Նաղդալյանի վկայությամբ՝ գյուղում կա մոտ 30 վթարային առանձնատուն, որոնք սողանքի հետեւանքով տարբեր աստիճանի վթարային են, սակայն այդ առանձնատների տերերից իրենց տների վթարայնության վերաբերյալ փաստաթուղթ ունեն 1-ը կամ 2-ը։ Հովքը դրախտային բնություն ունի, սակայն կյանքը դրախտային չէ Հովքի բնակիչների ու գյուղ այցելողների համար։ Մեծ խնդիր է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից Հովք ձգվող ճանապարհի սկզբնամասի՝ մոտ 2 կիլոմետրանոց հատվածի անմխիթար, փոսառատ վիճակը։ Հայաստանի անկախացումից հետո այդ ճանապարհը չի ասֆալտապատվել։ Իջեւանցի, դիլիջանցի շատ տաքսիստներ վատ ճանապարհի պատճառով հրաժարվում են Հովք մեկնել։ Ներկայում վերանորոգվում է միջպետական ավտոճանապարհի Թեղուտ- Ճամբարակ տանող ճանապարհի խաչմերուկի հատվածը, որը վատթար վիճակում չէր։ Ոչ վատ վիճակում գտնվող այդ ճանապարհահատվածի ասֆալտի ծածկը քերել են, նոր շերտ են ավելացնում։ Իսկ Հովքի քարուքանդ ճանապարհը հիմնանորոգելու մասին ո՛չ Դիլիջանի համայնքապետարանում, ո՛չ Տավուշի մարզպետարանում, ո՛չ կառավարությունում չեն մտածում։ Վերջին տարիներին Հովքում 4 հյուրատուն է գործարկվել, այժմ 10 հյուրատուն են կառուցում։ Հովքում հիանալի նախադրյալներ կան զբոսաշրջության զարգացման համար։ Գյուղում տուրիստների համար, բացի հիանալի բնությունը, տեսարժան շատ բան կա։ Հովքի տարածքում գտնվում են հնամենի, կիսավեր վանքեր, խաչքարեր, այդ թվում՝ Ամենափրկիչ սրբավայրը, ինչպես նաեւ՝ Քարե լիճը։ Սակայն զբոսաշրջության զարգացմանը խանգարում է գյուղ տանող ճանապարհի վիճակը, նաեւ՝ Հովքը սնուցող խմելու ջրի վատ որակը։ Գյուղը սնուցվում է մակերեսային աղբյուրներից։ Հորդ անձրեւների ժամանակ այդ ջրերը վարարում, պղտորվում են, դրանք մաքրելու համար ջրի մաքրման կայաններ չկան։ Հովքի բնակիչներն ասում են, որ դեպքեր են եղել, երբ իրենց տան ջրի ծորակից հոսել են որդեր, աղբ։ Հայաստանի, նաեւ Դիլիջանի համայնքային իշխանությունները Հովքի հիմնահարցերին բավարար ուշադրություն չեն դարձնում։


Բաց մի թողեք
Վարչական միավորները պետք է հոգան միայնակների թաղման ծախսերը. Լուսանկար
Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր…
Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար