30/10/2026

EU – Armenia

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Ախր անհարմար է` պատգամավոր եք, նախարար եք, տարրական իրավական գիտելիքներ պետք է ունենաք, ո՞նց եք այդ գիտելիքներով նման պաշտոն զբաղեցնում:

Հրապարակ թերթը գրել է․ Աչքովս ընկավ, որ ՔՊ խմբակցության ղեկավարն ու նախարար Խուդաթյանը կոչ են արել իրենց համայնքապետերին` դիմել դատարան` Իրինա Յոլյանի դեմ, իբր զրպարտել, վարկաբեկել է նրանց, երբ ասել է, որ համայնքապետերը կոռուպցիայի մեջ թաղված են, ընկերություններ են ստեղծել հարազատների անուններով և համայնքային փողերն են մսխում:

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար. պատվի, արժանապատվության, բարի համբավի ոտնահարման հիմքով` Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, դատարան կարող են դիմել միայն այն անձինք և ընկերությունները, որոնց իրավունքը ենթադրաբար խախտվել է` զրպարտության միջոցով: Զրպարտությունը պետք է վերաբերվի կոնկրետ և նույնականացման ենթակա անձին կամ ընկերությանը: Այսինքն, «համայնքապետեր» արտահայտությունը բավարար չէ, որ ամեն համայնքապետ իրեն զրպարտված զգա ու կարողանա հայց ներկայացնել դատարան: Պետք է լինի անուն-ազգանուն, գոնե համայնքի անունը… հասցեական պետք է լինի զրպարտությունը, այնպես որ ձեր կոչերը ձեզ պահեք ու մի քիչ տարրական գիտելիքներ ձեռք բերեք, անհարմար է` վերջը պետություն եք ներկայացնում:

Ինչ վերաբերում է Իրինա Յոլյանին, ում հետ պատիվ չեմ ունեցել շփվելու, նա այս խորհրդարանի` իմ հայտնագործություններից է. գրագետ, խելացի, խոսքի կուլտուրա ունեցող, համարձակ, ասելիքով մարդ, խոստումնալից քաղաքական գործիչ: Համոզված եմ` չեն կարողանա ճնշել, վախեցնել, վստահ իր գործը կշարունակի:

Առհասարակ, առիթ է ասեմ` այս գումարման ԱԺ-ի ընդդիմադիր հատվածում մի տասնյակի չափ լավ, պինդ պատգամավորներ են արդեն աչքի ընկել: Իսկ լավ քաղաքական գործիչը, ինչպես լավ գիտնականը, լավ բժիշկն ու լավ ուսուցիչը, երկրի հարստությունն է` արժեքավոր կապիտալ… այդ կապիտալն է մեզ դուրս բերելու այս փոսից…