30/10/2026

EU – Armenia

Նախ պետք է ներողություն խնդրի, հետո նոր նրան «մատաղ» անեն

«Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով»։

Հիշեցնենք․ մի քանի օր առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը գրառում էր արել «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած Գյումրու օրվա առթիվ․ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, եւ ահա՝ պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։ Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»։

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի լեզվաոճական ձեւակերպումների ընդօրինակմամբ գրված այս գրառումն աննկատ չի մնացել ռուսական կողմի համար։ Արդեն հաջորդ օրը ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքեց, որ մարզպետի բառապաշարը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմում գերմանացի նացիստներին, որոնք ռուսներին «Իվան» էին անվանում, եւ նման արտահայտությամբ կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների հանդեպ։ Առուշանյանի տեքստին անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ շատ ավելի կոշտ գնահատականով, քան ՌԴ դեսպանության հայտարարությունն է։

Ըստ «Հրապարակի», ՌԴ պաշտոնական մակարդակում առաջարկ է հնչել՝ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու մասին։ Ինձ համար, մեծ հաշվով, միեւնույն է՝ Դավիթ Առուշանյանին քաղաքական իմաստով «մատաղ կանեն», թե «խաշլամա» կամ «տժվժիկ», սակայն հետաքրքիրն այստեղ այլ բան է։ Դավիթ Առուշանյանը պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պետք է ներողություն խնդրի, առաջին հերթին՝ Ռուսաստանից եւ ռուս ժողովրդից՝ նման ոչ կոռեկտ արտահայտություն իրեն թույլ տալու համար։ Ապա՝ Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններից ու նրանց ժառանգներից՝ ներառյալ նաեւ Գյումրիում բնակվող, ովքեր պայքարել են ֆաշիստական Գերմանիայի դեմ։

Ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում, ըստ էության, վերջնական եզրահանգման են գալու՝ արդյոք Հայաստանը ԵԱՏՄ անդամությունը պահպանո՞ւմ է, թե՞ դուրս է գալիս Եվրասիական միությունից։ Այդ հանդիպումից առաջ Առուշանյանը ավելի մեծ վատություն չէր կարող անել Փաշինյանին, քան իր արած հայտարարությունն էր, որով ավելի սրեց հայ-ռուսական հարաբերությունները։ Բոլորին է հայտնի Պուտինի վերաբերմունքը ռուսատյացության, հակառուսականության, ֆաշիզմի դեմ պայքարին։ Ու, վստահաբար, Առուշանյանի «քաջագործությունը» հասել է մինչեւ Պուտին։ Կարելի է հաստատապես ասել, որ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման ժամանակ ռուսական կողմը, այսպես թե այնպես, նաեւ այդ հայտարարությանը կանդրադառնա։ Արդյունքում Փաշինյանը ստիպված է լինելու որեւէ կերպ բացատրել Առուշանյանի հայտարարությունը՝ գուցե արդարանալով, թե Առուշանյանը տեղյակ չի եղել պատմության նրբություններին, ռուս ժողովրդի մենթալիտետին, եւ գուցե անգամ նրա անունից ներողություն խնդրի։ Ամեն դեպքում, իրավիճակը տհաճ կլինի։ Իսկ մեղավորը կլինի Դավիթ Առուշանյանը, որը տեւական ժամանակ պետական պաշտոններ է զբաղեցնում, բայց տարրական էթիկա եւ պետական պաշտոնյային վայել վարվելակերպ չունի եւ իր թեթեւ ձեռքով՝ առանց այն էլ սպասվող ծանր հանդիպմանը ընդառաջ նման տհաճ դրվագ մատուցեց։