Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի վերջին ընտրությունները կայացան 2026 թվականի հոկտեմբերի 27-ին։ Թեեւ ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները դեռեւս ամփոփված չեն, սակայն հրապարակված նախնական տվյալներով եւ ձայների մեծ մասի հաշվարկից հետո կան հետեւյալ տվյալները.
• Նախնական առաջատարներ (ըստ 66,2% քվեների հաշվարկի):
• Գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած դաշինքը («Լիկուդ» եւ դաշնակից ուժեր) ստանում է 56 տեղ (մանդատ)։
• Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը ստանում է 48 տեղ։
• Արաբական կուսակցություններ, որոնք չեն մտնում վերոհիշյալ դաշինքների մեջ, ստանում են 16 տեղ։ Հատկանշական է, որ 120-տեղանոց Քնեսեթում կառավարություն կամ մեծամասնություն ձեւավորելու համար անհրաժեշտ է նվազագույնը 61 մանդատ։
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, 120 պատգամավորական մանդատների վերջնական բաշխումը կհրապարակվի մինչեւ նոյեմբերի 4-ը։ Բացի այդ, մինչեւ նոյեմբերի 11-ը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններից հետո կառավարության ձեւավորման մանդատը կհանձնի Քնեսեթի պատգամավորներից մեկին։ Իսրայելի խորհրդարանի ընտրությունները, սակայն, հայկական լսարանի համար հետաքրքրական են մի շատ նուրբ հարցի արծարծման բնույթով․ խոսքը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հեռանկարի մասին է։
Ինչպես հայտնի է, Քնեսեթում Հայոց ցեղասպանության պաշտոնական եւ վերջնական ճանաչման քվեարկությունը կասեցվել (հետաձգվել) է։ Թեեւ 2026 թվականի հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը (նախարարների կաբինետը) միաձայն հավանություն տվեց արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձեւին, օրինագիծը խորհրդարանի կողմից վերջնական վավերացման այդպես էլ չարժանացավ։
Քնեսեթի ամառային արձակուրդի եւ հոկտեմբերի 27-ին կայացած Իսրայելի համապետական ընտրությունների պատճառով հարցը դուրս մնաց խորհրդարանի օրակարգից։ Այսպիսով, գործընթացը մնում է կիսատ, իսկ կառավարության որոշումը չունի լիարժեք օրենսդրական ուժ։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ուշագրավ է նաեւ մեկ այլ համատեքստում․ դատելով ընտրությունների արդյունքներից՝ վարչապետ Նեթանյահուի գլխավորած դաշինքի հաջողության (թեեւ ավելի ճիշտ կլինի ասել՝ քվեարկությունում առաջին տեղը զբաղեցնելու) հանգամանքից, պետք է հիշել նույն Բիբիի (Նեթանյահուի մականունն է՝ խմբ․) խոսքերը 20-րդ դարասկզբին հայերի դեմ թուրքերի իրականացրած ոճրի մասին։
Իհարկե, նա իր հայտարարություններում եւ ելույթներում Հայոց ցեղասպանության թեման օգտագործել է հիմնականում քաղաքական կոնտեքստում՝ հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հրապարակային սուր բանավեճերի ժամանակ: Օրինակ, 2024-ի մարտին Նեթանյահուն սոցցանցերում եւ հայտարարություններում հիշեցրել է Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին՝ ի պատասխան Իսրայելի հասցեին Էրդողանի կոշտ քննադատության:
2025 թվականի օգոստոսին իսրայելցի առաջնորդը կրկին անդրադարձել է թեմային՝ պնդելով, թե Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ նշելով, որ ինքը չի արգելափակել այն, չնայած Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը երկրի կողմից ցեղասպանության պաշտոնական ու օրենսդրական ճանաչման վերաբերյալ մնում է բարդ ու հակասական (մասնավորապես՝ որոշ ժամանակահատվածներում նշվել է խորհրդարանական գործընթացների սահմանափակման մասին):
Ամենավերջին անդրադարձը 2026 թ․ սեպտեմբերին էր, երբ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթի ժամանակ Նեթանյահուն դարձյալ հիշատակեց Հայոց ցեղասպանության թեման՝ ուղղված քննադատություն հնչեցնելով Էրդողանի հասցեին։ Այժմ, երբ ամենայն հավանականությամբ Նեթանյահուն կրկին կստանձնի կառավարության ղեկը եւ կունենա ավելի շատ համախոհներ երկրի խորհրդարանում, որոշակի աղոտ հույս, լավատեսություն կա, թե Իսրայելն ի վերջո պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ թող որ ի հեճուկս Թուրքիայի եւ, ինչու ոչ՝ ՀՀ գործող ապազգային իշխանությունների, որոնց համար համայն հայության կյանքում այդքան գերկարեւոր ու պատմական հարցն այլեւս օրակարգային չէ։


Բաց մի թողեք
Հռոմի պա՞պն էլ «քաղաքական» որոշում ընդունեց․ կքվեարկի ԱՄՆ-ի ընտրություններում
Արյունոտ քիթ, ծեծկռտուք, շտապօգնության կանչ․ Le Figaro-ն անդրադարձել է ԱԺ երեկվա միջադեպին
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. Լուսանկարներ