05/11/2026

EU – Armenia

Չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես, քանի դեռ մեկ ուրիշը չես աճեցրել

Անկինե Կիրակոզյանը ֆրանսահայ է` մասնագիտացած տնտեսագիտության, բնապահպանական քաղաքականության եւ բնական պաշարների կառավարման ոլորտներում։

Հրապարակ թերթը գրել է․ Տնտեսագիտության դոկտոր է։ Ուսանել է Նիս-Սոֆիա Անտիպոլիս համալսարանում, որտեղ 2015 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 2020 թվականի սեպտեմբերից դասախոսել է Նանսիի հանքարդյունաբերական բարձրագույն դպրոցում (École des Mines de Nancy), որը գործում է Լոթարինգիայի համալսարանի կազմում։

Մասնակցել է եվրոպական ծրագրերի, ջրային ռեսուրսների կառավարման համակարգում եւ էկոլոգիական անցման գործընթացների։ Նաեւ ակտիվ հասարակական գործիչ է եւ սրտացավ հայ՝ Հայ դատի պաշտպանության հանձնախմբի անդամ։ Մեր ուշադրությունը նա գրավեց վերջերս Նիսում ունեցած հրապարակային ելույթով, որտեղ բարձրացնում էր Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը եւ ֆրանսիացի պաշտոնյաներից պահանջում՝ ակտիվ քայլեր ձեռնարկել նրանց ազատելու ուղղությամբ։ Մենք մի քանի հարց ենք ուղղել նրան, որոնք շարունակաբար կներկայացնենք ձեզ։

«Հրապարակ». Չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես, քանի դեռ մեկ ուրիշը չես աճեցրել

– Հարգելի Անկինե, Դուք ապրում եք Ֆրանսիայում, բայց ազգությամբ հայ եք՝ պահպանել եք հայի ինքնությունն ու Հայաստանի հետ կապը: Հեռվից ինչպիսի՞ն են երեւում Հայաստանի խնդիրները: Եթե Ձեզ հարցնեին` ինչ անել, ինչ փոխել Հայաստանում, որպեսզի երկիրը զարգանա, առաջ գնա, Հայաստանում ապրելը դառնա գրավիչ, ի՞նչ կասեիք:

– Նախ թույլ տվեք ուղղել՝ Հայաստանի խնդիրները մեզ «հեռվից» չեն երեւում։ Ո՛չ ինձ, ո՛չ էլ սփյուռքի մեծ մասին՝ լինի ֆրանսահայ, լիբանանահայ, ամերիկահայ, թե այլ համայնքներից, մեր օրը սկսվում եւ/կամ ավարտվում է հայկական մամուլով, Երեւանից, Սյունիքից, Գյումրիից ստացվող լուրերով։ Ես չեմ հավակնի ասել, թե ապրում եմ այնպես, կարծես Հայաստանում եմ, դա անհարգալից վերաբերմունք կլինի նրանց նկատմամբ, ովքեր իսկապես ապրում են Հայաստանում եւ իրենց ուսերին են կրում այդ երկրի ծանրությունը։

Բայց մեր հնարավորությունների սահմաններում մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ։ Հենց այդ պատճառով ես ինձ իրավունք չեմ վերապահում Հայաստանի բնակիչներին թելադրելու, թե նրանք ինչ պետք է անեն իրենց երկրի հետ։ Փոխարենը կարող եմ ասել, թե ինչ եմ տեսնում։ Սփյուռքում կան բոլոր ոլորտների մասնագետներ՝ բժիշկներ, ճարտարագետներ, իրավաբաններ, հետազոտողներ, տնտեսագետներ, որոնք միայն մի ցանկություն ունեն՝ օգնել Հայաստանին՝ առաջ շարժվելու, որպեսզի Հայաստանը նայի ճիշտ ուղղությամբ, այլ ոչ թե դեպի նրանց, ովքեր միշտ եղել են իր թշնամիները՝ Թուրքիա եւ Ադրբեջան։

Մինչդեռ այսօր սփյուռքում այնպիսի զգացողություն կա, որ մեզ երբեմն ընկալում են որպես թշնամի, երբեմն էլ՝ որպես կթու կով։ Ուզում են փող, բայց ո՛չ գիտելիք ու փորձ։ Սփյուռքի կարիքը զգացին 1988 թվականին՝ երկրաշարժից հետո։ Նրա կարիքը զգացին 1990-ականներին, երբ Հայաստանը սոված էր ու մրսում էր, եւ ամեն շաբաթ օգնությամբ բեռնված ինքնաթիռներ էին ժամանում։ Նրա օգնության կարիքը զգացին Կասկադի կառուցումն ավարտելու եւ բարեկարգելու համար՝ Գաֆեսճյան հիմնադրամի շնորհիվ, նաեւ՝ Երեւանի ճանապարհները վերանորոգելու համար՝ Քրք Քրքորյանի միջոցներով։ Մենք հպարտությամբ ամբողջ աշխարհին հիշեցնում ենք, որ Ազնավուրը հայ է։ Բայց հենց որ նույն սփյուռքը կարծիք է արտահայտում, դառնում է անցանկալի եւ անհարմար։

Սփյուռքը չի պահանջում արտերկրից կառավարել Հայաստանը, պարզապես ցանկանում է, որ իրեն դիտարկեն որպես հայ ազգի անբաժանելի մաս՝ իր մասնագիտական կարողություններով, փորձով, միջոցներով եւ ներդրում ունենալու պատրաստակամությամբ։ Չի կարելի պահանջել նրա համերաշխությունը, բայց մերժել նրա մասնակցությունը։ Սեպտեմբերին ներկայացված քաղաքացիության մասին օրենքի բարեփոխման նախագիծը դրա վառ օրինակն է։

Մասնավորապես նախատեսվում է, որ սփյուռքի հայը Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է 2 տարի օրինական բնակվի Հայաստանում, որից առնվազն 366 օրը փաստացի գտնվի երկրի տարածքում, մինչդեռ այսօր նրա նկատմամբ նման բնակության պահանջ ընդհանրապես չի կիրառվում։ Ես չեմ հասկանում, թե ինչու են մոտ 3 միլիոն բնակիչ ունեցող եւ իր երիտասարդության մի մասին կորցնող երկրի համար ավելի դժվարացնում նրանց վերադարձը, ովքեր ցանկանում են գալ հայրենիք։ Սա սեփական մարդկային ներուժից կամովին հրաժարվել է նշանակում։

Եկեք նայենք թվերին։ Հայաստանի տնտեսական աճը տպավորիչ է եղել․ 2022 թվականին՝ 12,6 %, 2023-ին՝ 8,3 %, 2024-ին՝ 5,9 %, իսկ 2025-ին՝ 7,1 %՝ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների։ Բայց ինչի՞ հաշվին է գրանցվել այդ աճը։ Դրա զգալի մասը պայմանավորված է եղել բացառիկ հանգամանքներով՝ 2022 թվականից հետո Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիների՝ Երեւանում հաստատվելով եւ հատկապես Ռուսաստանի ու աշխարհի մյուս երկրների միջեւ վերաարտահանման հոսքերով։ Հայաստանի արտահանումը 2021 թվականի 3 միլիարդ դոլարից 2024-ին հասել է 13,1 միլիարդի, իսկ 2025 թվականին կրկին նվազել է՝ հասնելով 8,4 միլիարդ դոլարի։

Ռուսաստանի հետ առեւտրա­շրջանառությունը 2024 թվականի 12,4 միլիարդ դոլարից 2025 թվականին նվազել է մինչեւ 7,66 միլիարդ դոլար, այսինքն՝ 38,3 %-ով։ Այս անկման զգալի մասը բացատրվում է վերաարտահանման որոշ ուղիների դադարեցմամբ, մասնավորապես՝ ռուսական ոսկու վերաարտահանման շղթայի խզմամբ։ Բայց հենց սա է ինձ անհանգստացնում․ մեր տնտեսական զարգացման զգալի մասը կախված է այն որոշումներից եւ հանգամանքներից, որոնք մեծապես դուրս են Հայաստանի վերահսկողությունից։

Եվ չնայած այդ անկմանը՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առեւտրային ամենամեծ գործընկերը՝ 2025 թվականին կազմելով նրա արտաքին առեւտրի 35,8 %-ը, Չինաստանի 12,3 %-ի եւ Եվրամիության մոտ 11,4 %-ի դիմաց։ Ահա թե ինչու Ռուսաստանի հետ հարաբերություններից հապճեպ հեռանալը համարում եմ սխալ։ Ես Մոսկվայի հանդեպ ոչ մի պատրանք չունեմ, ոչ էլ մոռացել եմ, թե ինչ չարեց նա մեզ համար 2020 եւ 2023 թվականներին։ Բայց չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես, նախքան մեկ ուրիշը աճեցնելը։ Երբ Ռուսաստանը նախ սահմանափակեց, ապա անցած մայիսին եւ հունիսին կասեցրեց հայկական մրգերի ու բանջարեղենի ներմուծումը, դրա գինը վճարեցին մեր գյուղատնտեսները։ Գազը, մինչեւ 2038 թվականը ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարմանը հանձնված երկաթուղին, Ռուսաստանում աշխատող հարազատների եկամտով ապրող ընտանիքները․ այս ամենը հնարավոր չէ փոխարինել բարի մտադրությունների մասին հայտարարություններով։

Վերջապես կուզենայի խոսել այն ամենի մասին, ինչը հնարավոր չէ տեղափոխել այլ երկիր՝ հողը, ջուրը եւ արեւը։ Սեւանա լիճը, Արարատյան դաշտի արտեզյան ջրային ավազանը, որը գերշահագործվում է, մասնավորապես՝ ձկնաբուծության պատճառով, Սյունիքի եւ Ամուլսարի լեռները, որտեղ հանքարդյունաբերությունը սերունդների համար թափոններ է թողնում․ այս ամենը բնական կապիտալ է՝ ճիշտ այնպես, ինչպես ֆինանսական կապիտալը, եւ այն սպառվում է, եթե խելամտորեն չի կառավարվում։ Հայաստանը նաեւ արեւային օրերի քանակով զգալիորեն գերազանցում է եվրոպական միջին ցուցանիշը։ Մեր երկրում արտադրված արեւային էներգիայի յուրաքանչյուր կիլովատ-ժամը նշանակում է մեկ կիլովատ-ժամով պակաս կախվածություն ներմուծվող գազից։ Էներգետիկ ինքնիշխանությունը բնապահպանական բազմաթիվ հարցերից ընդամենը մեկը չէ, այն ազգային անվտանգության խնդիր է։

Ի վերջո, Հայաստանը գրավիչ դարձնել՝ նշանակում է այնտեղ ապրողներին եւ նրանց, ովքեր կցանկանային վերադառնալ, տալ 3 հստակ երաշխիք․ որ նրանք ապահով կլինեն, որ նրանց իրավունքները կպաշտպանվեն անկախ դատական համակարգի կողմից, եւ իրենց երեխաներն այնտեղ ապագա կունենան։ Այն երկրում, որտեղ այդ երաշխիքները բացակայում են, ներդրողը պահանջում է լրացուցիչ ռիսկային հավելավճար։ Իսկ երիտասարդ մասնագետը հավելավճար չի պահանջում․ նա պարզապես հեռանում է։ Երբ ձերբակալում են եպիսկոպոսների եւ ընդդիմադիր գործիչների, դա ազդակ է, որի գինը շատ բարձր է՝ քաղաքականության սահմաններից շատ ավելի հեռու։