Երեկ՝ վաղ առավոտից, իրավապահները խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի եւ նրանց հետ փոխկապակցված անձանց տներում ու գրասենյակներում նորից խուզարկություններ արեցին:
Հրապարակ թերթը գրել է․ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, պարզվեց, քրեական վարույթ կա՝ ՀԷՑ-ի հետ կապված, եւ 65 հասցեում խուզարկություններն այդ վարույթի շրջանակներում են կատարվում։ Ապա տեղեկացանք, որ առգրավել են Նարեկ Կարապետյանի մանկահասակ որդու խաղերի համակարգիչը, Սամվել Կարապետյանին բերման են ենթարկել եւ ձերբակալել, չնայած նա տնային կալանքի տակ է:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը դեռ ընտրությունների նախօրեին էիր սպառնում ընդդիմությանը, որ «կզացնելու է, բոմժ է դարձնելու, նստելու են եւ՝ երկար»։ Անգամ անուններ էր թվարկում՝ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան։ Իսկ օրերս էլ հայտարարել է, որ ճնշումներ են գործադրելու խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որ նրանք միանան իրենց եւ նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշում կայացնեն։ Հակառակ դեպքում փողոցային պայքար է սկսելու, որը ղեկավարելու են կառավարության անդամները, եւ «այնպիսի առաջարկ է անելու, որից ընդդիմությունը չկարողանա հրաժարվել»: Հավանաբար՝ բանտ գնալու առաջարկը նկատի ուներ։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, մեզ հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասում է. «Ես նախորդ ամիս էի արել այդ կանխատեսումը, եւ փաստը ցույց տվեց, որ իմ կանխատեսումը ճիշտ էր: Փաշինյանն ու իր թիմը, ունենալով պետական բոլոր ռեսուրսները եւ Արեւմուտքի բացահայտ աջակցությունը, կիրառելով այս մասշտաբների բռնաճնշումներ եւ այլն, չկարողացան հունիսի 7-ի ընտրություններում 50+ տոկոս ձայն հավաքել: Նիկոլ Փաշինյանի հաղթանակն իր համար կիսատ է, նա չունի սահմանադրական մեծամասնություն, ընտրություններից առաջ պնդում էր, որ եթե չունենա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետալի պատերազմ տեղի կունենա։ Ինչպես տեսնում ենք՝ արդեն նոյեմբերն է, բայց ոչ մի պատերազմ էլ տեղի չունեցավ, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը պարզապես հասարակությանը շանտաժի էր ենթարկում: Նա իր գլխավոր խնդիրը չի կարողացել լուծել: Իրեն պետք էր սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Ադրբեջանի կողմից պարտադրված հանրաքվեն իրականացնի, նոր սահմանադրություն գրի, որտեղ Անկախության հռչակագրի մասին խոսք անգամ չի լինի: Ամբողջ պատմությունը սա է: Հիմա ի՞նչ պետք է անի այս մարդը․ կա՛մ պետք է ընդդիմությանը ճնշելով, շանտաժի ենթարկելով, կալանավորելով ու տարատեսակ ճնշումների ենթարկելով կորզի իրեն անհրաժեշտ մանդատները, կա՛մ էլ պետք է հանրաքվեի գնա, բայց կրկին ընդդիմությանը ջարդելու եւ ամեն գնով կանգնեցնելու ճանապարհով: Հիմա նա հենց այդ ճանապարհով է գնում: Չեմ բացառում, որ արտախորհրդարանական որոշ ընդդիմադիր ուժերի դեմ էլ նման գործողություններ տեղի ունենան, բայց նախեւառաջ նա պայքարում է պառլամենտում ներառված ուժերի դեմ: Նրան օդուջրի պես մի քանի մանդատ է անհրաժեշտ: Ընդդիմադիր խորհրդարանական երկու ուժն էլ հստակ հայտարարել են, որ ոչ մի պարագայում մանդատ չեն տալու ալիեւյան սահմանադրությանը: Դա ոչ միայն այդ ուժերի ցանկությունն է, այլեւ նրանց ընտրողների պարտադրանքը: Մարդիկ լիազորել են ընդդիմադիր ուժերին՝ որեւէ պարագայում չսատարել իշխանությանը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընդդիմադիրներին համոզելու է, կոմպրոմիսի է գալու, առաջարկ է անելու եւ այլն: Ո՞րն է առաջարկը՝ առավոտ կանուխ 65 մարդու բնակարանում խուզարկություններ կատարե՞լը: Այս մարդն այլ տարբերակ չունի, մնում է, որ ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիները, քաղաքական ուժերը եւ լրատվամիջոցները սատար կանգնեն ընդդիմությանը, եւ ես ընդդիմադիր իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից եւ համախմբվել»։
Ապա Շարմազանովն անդրադարձավ Փաշինյանի այն սպառնալիքին, որ կառավարության անդամները կարող են փողոցային պայքար գեներացնել. «Թող գեներացնեն, հետո՞ ինչ: Ի՞նչ է տալու այդ ակցիան: Ընդդիմադիր պատգամավորները քաղաքացիների կողմից ունեն հրամայական՝ պայքարել իշխանության դեմ: Անգամ Նիկոլի ԿԸՀ-ի կազմակերպած ընտրությունների պարագայում այդքան մարդ մերժել է Նիկոլին, ոչ ոք իրավունք չունի ընդդիմությանը ենթարկել անօրինական ճնշումների: Նրանք, ովքեր չեն ուզում Հայաստանը վերածվի Արեւմտյան Ադրբեջանի, պետք է սատար կանգնեն ընդդիմադիր ուժերին: Սա «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան» դաշինքի խնդիրը չէ, սա մեր՝ բոլորիս խնդիրն է: Ես իմ ձայնը տվել եմ «Ուժեղ Հայաստանին» եւ իմ ձայնը չեմ տվել, որ նրանք գնան Նիկոլի համար կնոպկա սեղմեն: Հո սա Նովգորոդի «վեչեր» չէ, որ ով բարձր գոռա, նրա ուզած օրենքն ընդունվի: Հայաստանը պառլամենտական ներկայացուցչական երկիր է: Նույնիսկ քո կազմակերպած ընտրություններով դու չես ստացել սահմանադրական մեծամասնություն, վերջ: Հիմա նա փորձում է մթնոլորտը լարել երկրում՝ իր ուզածին հասնելու համար: Ընդդիմադիր կուսակցությունների լիդերներին բանտարկելու է, ընդդիմությանը փորձելու է ջլատել: Մենք չպետք է ընդդիմությանը մենակ թողնենք այս պայմաններում: Արեւմուտքը լռում է, օրը ցերեկով ԲՀԿ-ից 60 հազար ձայն գողացան, ոչ մի ձայն չհանեցին: Մենք ունենք մի տխուր փորձ: Նախորդ գումարման խորհրդարանում մի պատգամավոր՝ «Պատիվ ունեմ»-ից, մեկը` «Հայաստան»-ից, անցավ իշխանության կողմը: Համոզեցին, ճնշեցին, թե ինչ արեցին, փաստն այն է, որ այդ մարդիկ անցան իշխանության կողմը: Ավելին` «Հայաստան» դաշինքից որոշ համայնքապետեր էլ այսօր իշխանության կողմն են անցել եւ սատարում են Նիկոլ Փաշինյանին: Պետք է նման բացահայտ շանտաժներից չվախենալ: Այս ամենը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ, Հայաստանը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով: Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման ակցիաներ չէինք կազմակերպում, որովհետեւ կարեւորում էինք այլակարծությունը: Ի՞նչ է նշանակում՝ ով մեզ հետ չի, պիտի ճնշենք»:


Բաց մի թողեք
ՌԻԴ-ի ծրագիրը մնացել է թղթի վրա
2 ամբիոնի վարիչ՝ 1 ուսանողի ցուցմունքով
Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել