Սեպտեմբերի սկզբին Սյունիքի Ծավ գյուղի բնակիչներից մեկը խմելու ջրում կասկածելի մետաղական զանգված էր հայտնաբերել եւ ահազանգել պատկան մարմիններին: Ահազանգից հետո առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) կողմից իրականացված ջրի նմուշառման արդյունքում պարզվել էր, որ ջրում սնդիկի պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի չափը։ Դրանից հետո բնակչությանը հորդորեցին խմելու եւ կենցաղային նպատակներով այն չօգտագործել, բնակչությանն ապահովել այլընտրանքային անվտանգ ջրով։ Ջրի ախտահարման պատճառները պարզելու համար քննություն սկսվեց:
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը Ծավի դեպքի հետ կապված՝ ասաց, որ Հայաստանում խմելու ջրի աղտոտվածությունը պետական կառույցների անպատասխանատվության եւ հանրային առողջությանը սպառնացող աղետալի իրավիճակի մասին է խոսում. «Հայաստանում խմելու ջրի որակը դեռեւս կարգավորվում է 2002 թվականի հնացած սանիտարական նորմերով։ Թեեւ 2023 թվականին նախարարի ստորագրությամբ հաստատվել է ջրի որակի նոր իրավական ակտ, դրա կիրառումը դիտավորյալ հետաձգվել է մինչեւ 2027 թվականը: Թե ինչ գիտական հիմնավորմամբ է կրկնապատկվել թույլատրելի թույնի չափաքանակը, նախարարությունը հստակ պատասխան չի տվել՝ սահմանափակվելով միայն ԵՄ եւ միջազգային ցուցանիշներին ընդհանրական հղումներ անելով, առանց տեղական ջրերի որեւէ հատուկ ուսումնասիրության։ Ես նախարարություն մի քանի հարցում եմ ուղարկել, սակայն ինձ հետազոտական արդյունքները չեն տվել ու չեն էլ հրապարակում եւ չեն ասում, թե ինչ են ցույց տվել հետազոտությունները: Չի բացառվում, որ այս պատմությամբ շեղում են հանրությանը, իսկ իրականում ավելի վտանգավոր խնդիրներ կան, որի մասին լռում են պատկան մարմինները»:
ՀՎԿԱԿ-ի հայտարարությունից մինչ օրս Ծավի բնակիչները տարակուսած են՝ ինչպե՞ս է սնդիկը հայտնվել իրենց խմելու ջրում։ Այդ պատմությունը նրանց այնքան էլ համոզիչ չի թվում, ավելին՝ այդ օրերին, երբ առողջապահության նախարարությունը հորդորել էր ջուր չօգտագործել, բնակիչներից շատերն այդ ջուրն օգտագործել էին, եւ գյուղում ոչ մեկը ոչ մի գանգատով հիվանդանոց չէր դիմել։ «Մեր ջուրը շատ բարձր սարերից է գալիս, սնդիկն այդքան բարձր տեղն ի՞նչ գործ ունի: Գյուղում շատերը չեն հավատում սնդիկի այդ պատմությանը, գուցե այսկերպ փորձում են ժողովրդին վախեցնել: Խոսակցություններ են պտտվում, թե այդ պատմությունն առաջացել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի սկզբին ինչ-որ ամերիկացի պաշտոնյաներ են այցելել գյուղ, ԹՐԻՓՓ-ի հետ կապված քննարկում ունեցել»,- ասաց զրուցակիցս:
Շուրջ երկու ամիս պետական տարբեր կառույցներ զբաղվում են հետազոտություններով, ստեղծվել է միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, վերցվել են ջրի նոր նմուշներ, կատարվել են լաբորատոր ուսումնասիրություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ պարզելու, թե իրականում ինչ կա Ծավի ջրում։ Վերջում առողջապահության նախարարությունը հայտարարել է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը, հետեւաբար՝ ջուրն անվտանգ է։
Հրապարակ թերթը գրել է․ Ծավ համայնքի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանին հարցրինք՝ պարզվե՞ց, թե սնդիկը որտեղից հայտնվեց ջրում, առողջապահության նախարարությունից որեւէ գրություն ստացե՞լ եք ջրում սնդիկի պարունակության վերաբերյալ։ «Ես չեմ կարող ասել, ես ոչ մի պաշտոնական թուղթ չեմ տեսել, ոնց առողջապահության նախարարությունը հայտարարել է սնդիկի քանակի բարձրացում, նույն ձեւով հայտարարել է քանակի իջեցման մասին, որ նորմայի մեջ է, եւ կարող ենք ջուրն օգտագործել: Այս ամենի մասին տեղեկացել եմ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից ու լուրերով: Այս 2 ամիսների ընթացքում գյուղից որեւէ մեկը հիվանդանոց չի դիմել, իսկ ում բաժակում որ հայտնաբերվել է սնդիկը, վերջին երկու տարում գյուղում է ապրել»:
– Գյուղացիները մեզ պատմեցին, որ խմելու ջուրը շատ բարձր սարերից է գալիս, եւ հնարավոր չէ, որ այդ բարձրության վրա սնդիկ հայտնվեր ջրում: Համայնքի խմելու ջուրն իսկապե՞ս շատ բարձր սարերից է իջնում:
– Հա, սարերից եկող ջրեր են:
– Իսկ ապօրինի շահագործվող հանքի հետ կապված ի՞նչ կասեք, արդյո՞ք դա է պատճառը, որ սնդիկը հայտնվել է ջրում:
– Հանքը մեր բնակավայրում է գտնվում, ոսկու հանք է, շահագործում էին միայն հանքագողերը, չեմ կարող ասել՝ դրանից է, թե՝ ոչ: Քննիչները կարող են ասել:
– Մեզ պատմեցին, որ գյուղում սնդիկի պատմությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ համայնք են այցելել ԵՄ դիտորդներ, ամերիկացի պաշտոնյաներ, քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր: Տեղյա՞կ եք այդ հանդիպումից, ինչո՞ւ են գյուղացիներից ոմանք այդ կարծիքին, ի՞նչ կապ կա Ծավ գյուղի եւ ԹՐԻՓՓ ծրագրի միջեւ:
– Ընդհանրապես տեղյակ չեմ, նման հանդիպում՝ Ծավում, ով ում հետ է հանդիպել… Ամեն դեպքում, ես տեղյակ չեմ, միգուցե ԵՄ դիտորդներ են այցելել համայնք, ժողովուրդն ուրիշ բան է մտածել:
ՀԳ․ Նշենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոն Ասկոնասը եւ ամերիկացի այլ պաշտոնյաներ այցելել էին Սյունիք։ Նրանք տեղի համայնքների հետ քննարկել են «Միջազգային խաղաղության եւ բարօրության Թրամփի երթուղի» (TRIPP) ենթակառուցվածքային նախագիծը, դրա ազդեցությունը եւ սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսվող տնտեսական հնարավորությունները։


Բաց մի թողեք
ՌԻԴ-ի ծրագիրը մնացել է թղթի վրա
2 ամբիոնի վարիչ՝ 1 ուսանողի ցուցմունքով
Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել