Արագածի ստորոտում ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը կռվախնձոր էր դարձել 2 ներդրողների՝ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» եւ Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին պատկանող «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերությունների միջեւ։
Հրապարակ թերթը գրել է․ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի տնօրենը Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Գասպարյանն էր։ Կառավարությունը 2023-ին հավանություն տվեց Արագածի հարավային գագաթին լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին, որը ներկայացրել է «Ռիդ»-ը։
Ծրագրով նախատեսվում էր Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերում խոշոր լեռնադահուկային եւ էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում՝ 1100 աշխատատեղով։ Կառուցվելու էր նաեւ ագրոշուկա, եւ այս ամենի համար կատարվելու էին 93 միլիարդ դրամի ներդրումներ։ Անցած տարի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հանդիպել էր «Ռիդ» ՍՊԸ ներկայացուցիչների հետ, քննարկել «Արագած» ծրագրի իրականացման ընթացքը եւ մտահոգություն հայտնել ծրագրի դանդաղ ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման մասշտաբային եւ ռազմավարական նախաձեռնությունները պետք է իրականացվեն անհրաժեշտ արագությամբ եւ բարձր արդյունավետությամբ։ Բայց քննարկումից հետո էլ առաջընթաց չկա, ծրագիրը մնացել է թղթի վրա:
Արագածոտնի Վարդենուտ համայնքի վարչական ղեկավար Կամո Սահակյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է ծրագիրը, որեւէ աշխատանք կատարվո՞ւմ է։ «Աշխատանքներ կատարվում են, բայց շատ թափով չէ, մի քանի բնակիչներ կան՝ դատական պրոցես է գնում, ու հիմնական պատճառը դա է՝ գնի հետ կապված է: Գյուղացիների հողերը գերակա շահ ճանաչվեցին, սակայն մարդիկ կան, որ համաձայն չեն ընկերության առաջարկած գնին, այդ պատճառով 3 տարի է՝ ձգձգվում է:
Նախատեսված է էկոգյուղի կառուցում, որ երիտասարդ ընտանիքներ ապրեն այդտեղ եւ աշխատեն»: Արայի վարչական ղեկավար Նարեկ Սերոբյանն էլ ասաց, որ լավ ծրագիր է, եթե կյանքի կոչվի. «Մեր համայնքում նման խնդիր չկար, մերը պետֆոնդի հողեր են, Արագածի լանջին, պետությունը ճանաչել է գերակա շահ: Հիմա գոնե պետք է 2 փուլ վերջացրած լինեին, սակայն առաջին փուլը չեն վերջացրել»:


Բաց մի թողեք
2 ամբիոնի վարիչ՝ 1 ուսանողի ցուցմունքով
Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել
Միակ «գործիքը»