20/11/2026

EU – Armenia

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Չորեքշաբթի օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը՝ աջակցեք, որ նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվի, եւ եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ լինի նոր սահմանադրությանը, հրաժարական կտամ:

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Եթե կողմ լինի, կստորագրեմ խաղաղության համաձայնագիրն ու այդ դեպքում եւս հրաժարական կտամ։ Այսինքն՝ ցանկացած ելքի դեպքում հրաժարականն անխուսափելի է։ Պարզվում է՝ Փաշինյանի այս հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում։

Մեզ հետ զրույցում որոշ ՔՊ-ականներ սրտնեղեցին, թե ընտրությունից 5 ամիս է անցել, իսկ իրենք առաջիկա 5 տարիների հետ կապված պլաններ ունեն, ի՞նչ է նշանակում` հրաժարական կտամ կամ կգնամ արտահերթի: Այս սցենարի մեջ նրանք իշխանության վախճանը, ըստ այդմ` իրենց մշուշոտ ապագան են տեսնում եւ անհանգստացած են: Սա նշանակում է` ավարտվում է ՔՊ-ի ոսկե դարը, եւ իրենք, որ բավականին երիտասարդ են, պետք է մտածեն իրենց ապագայի մասին, ուստի որոշում են կայացրել առաջիկայում պասիվանալ` իրենց հայտարարություններում զուսպ լինել, որ Նիկոլի հետ չոչնչանան, Նիկոլից հետո էլ կյանք ունենան։

Գուցե նաեւ այս անհանգստությունն է պատճառը, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը խոսքը փոխեց, թե սահմանադրությունը փոխելու դեպքում ինքը հաջորդ ընտրություններին, այսինքն` 2031 թվականին չի առաջադրվի: