14/03/2025

Թմրանյութ, զենք-զինամթերք և դանակներ․ ինչեր են հայտնաբերել Գեղարքունիքում և հայ – իրանական սահմանին․ Տեսանյութեր

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14-րդ բաժնի  աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել  Իրանի Իսլամական Հանրապետությունից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ:

ԻԻՀ հաշվառման «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի մաքսային հսկողության, այդ թվում՝ ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ տրանսպորտային միջոցում հնարավոր է առկա լինի գաղտնարան։

Միաժամանակ, մաքսային մարմիններին կասկածելի է թվացել նաև հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդի վարքագիծը։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա մաքսային հսկողության շրջանակում հիշյալ ավտոմեքենան ենթարկվել է խորը զննման: Տրանսպորտային միջոցի նստատեղի թիկնակի մեջ հայտնաբերվել են ավելի քան 12,1 կգ քաշով «մարիխուանա» և շուրջ 4,42 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ:

Փաստի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդմամբ՝ հունիսի 15-ին Գեղարքունիքի պարեկները Շահումյան փողոցում ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 61-ամյա վարորդին և 31-ամյա ուղևորին։

Ուղևորը իրավապահներին է ներկայացրել ծխախոտի տուփ, որի մեջ դեղնականաչավուն հետքերով կաթուցիչ է եղել:

Հունիսի լույս 17-ի գիշերը Գեղարքունիքի պարեկները Ներքին Գետաշեն բնակավայրի անտառամերձ հատվածում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Մարտունու բաժին են տեղափոխել 18 և 45 տարեկան երկու անձի։ 45-ամյա տղամարդու հայտնածով՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց է գնել, որը տեղադրել են նշված վայր։ Նրանց մատնացույց արած հատվածում իրավապահները հայտնաբերել են կանեփանման զանգված։

Հերթական դեպքը գրանցվել է հունիսի 19-ին: Գեղարքունիքի պարեկները Սևանի թերակղզու Ձկնորսների փողոցում ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Սևանի բաժին են տեղափոխել 27-ամյա վարորդին և 21-ամյա ուղևորին։ Վարորդը ներկայացրել է կանեփանման զանգվածով կաթուցիչ, գաղտնի փականով 4 ծալովի դանակ, մահակ, իսկ ուղևորը՝ մարիխուանայով փաթեթ։

Հաջորդ օրը Գեղարքունիքի պարեկները Մ-4 ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «Տոյոտան»։ Պարեկները ստուգման ընթացքում մեքենայում նռնակ են նկատել։ Վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Նա իրավապահներին է ներկայացրել դանակ, կացին և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։

Հունիսի լույս 21-ի գիշերը Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 34-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի մեքենան։ 36-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա և 34-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Սևանի բաժին։

Հունիսի 23-ին Գեղարքունիքի պարեկները նույն ճանապարհին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 34-ամյա տղամարդու վարած «ԲՄՎ»-ն։ 23 և 30 տարեկան 2 ուղևորները իրավապահներին են ներկայացրել դեղնականչավուն զանգվածով կաթուցիչներ։ Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Սևանի բաժին։

Նույն օրը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին պարեկները կանգնեցրել են 41-ամյա տղամարդու վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Սևանի բաժին։ Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով ընդհանուր 10 գրամից ավելի ապակե գլանակ։

Նույն օրը Գեղարքունիքի ջրային պարեկները հերթական դեպքն են բացահայտվել: Սևանի թիվ 1 հանրային լողափի տարածքում ջրային պարեկները ստուգման նպատակով մոտեցել են կայանված մի մեքենայի, ուղևորները դրսևորել են անկանոն վարքագիծ։ 34-ամյա ուղևորը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Սևանի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հոգեմեդ 15 դեղահաբ։ Նա նաև մեքենայից ներկայացրել է մոխրացած դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։

Հունիսի 23-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս Սևանի թերակղզու տարածքում կանգնեցրել են «Հոնդա» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ 31-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական:

Պարեկների պահանջով երևանցի 29-ամյա ուղևորը կիսով չափ դատարկել է գրպանների պարունակությունը և դիմել փախուստի: Պարեկները հետապնդել և ձերբակալել են նրան: Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մետ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ, իսկ փամփուշտատուփը լիցքավորված է եղել 8 փամփուշտով: 29-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։