02/09/2026

EU – Armenia

Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան

ՄԻՏՔ.am-ի գրավոր հարցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին․

Հարց․ Երեկ Փաշինյանը Պուտինին ասում է, որ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին ՀՀ օրենքը, որի հեղինակներից մեկը նաև Դուք եք, ընդունվել է ԱԺ-ում, որովհետև եթե չընդունվեր, ապա դուք ևս 300 000 ստորագրություն կհավաքեիք և հարցը կդնեիք հանրաքվեի։ Ինչպես եք վերաբերում այսպիսի հայտարարությանը, փաստորեն այն ընդդեմ իշխանությունների կամքի՞ է եղել, շանտա՞ժ եք արել։ Եվ ինչու կարելի է Ալիևի պահանջով Սահմանադրության հանրաքվե անցկացնել, Պուտինի պահանջով, որը վերահաստատվել է երեկ, հանրաքվե անցկացնել՝ ԵԱՏՄ, թե՝ ԵՄ, իսկ ՀՀ 300 000 արժանապատիվ ՀՀ քաղաքացիների պահանջով մինչ այդ չէր կարելի հանրաքվե անցկացնե՞լ։

Պատասխան․ Դուք ինձ տվել մի հարց, որը ես էլ կուզեի հասցեագրել ՀՀ վարչապետին։ Նա տարիների ընթացքում վարժեցրել է հանրությանը տրամագծորեն հակառակ եւ իրարամերժ իր հայտարարությունների, որոնք արվում են կամ մի քանի տարվա, կամ անգամ մի քանի ժամերի տարբերությամբ, ինչպես եղավ վերջերս, երբ օգոստոսի 23-ին Հառավարության հնգամյա ծրագրում նշված էր ԵԱՏՄ եւ Ռսաստսնի հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման գերխնդիրը, իսկ արդեն օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարեց, որ շատ մոտ ապագայում հայտ է ներկայացնելու ԵՄ անդամակցության համար։

Սակայն երբ գալիս է սեպտեմբերն, ամեն ինչ սկսվում է «դատարկ էջից», կարծես դպրոցական տետրակում լինի։

Պուծինի հետ բիշքեքյան հանդիպմանը 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՇՀԿ վեհաժողովի շրջանակներում վարչապետ Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն։ Մեջբերեմ նրա խոսքերը բառացիորեն. «Եթե անկեղծ ասեմ՝ օրենքի ընդունումը նշանակում էր այն ժամանակ հրաժարում հանրաքվեից… այլապես դրա նախաձեռնողները կհավաքեին եւս 250 հազար ձայն եւ կարողանալու էին պարտադրել ԵՄ անդամակցության հանրաքվե»։

Որպես ԵՄ անդամակցելու մասին 2024 թ. ստորագրահավաքի եւ 2025 թ. օրենքի նախաձեռնող, ես նույնպես հարցնում եմ Փաշինյանին՝ արդյոք նա ՀՀ օրենքը ներկայացնում է հիմա ՌԴ բռնապետին, որպես իր կողմից օգտագործված միջոց՝ հանրաքվե ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ եւ ԵՄ դիմում ՉՏԱԼՈՒ համար։

Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ։ Թե՞ սա ծուղակն ընկած մարդու «լեզվի սայթակում» է, ըստ Ֆրեյդի։ Կամ էլ՝ հերթական «սատանայի մայլում քյանդրբազությո՞ւն», ինչպես եւ նախկինում։

Համենայնդեպս սա ամոթալի, նողկալի, տապալված ներկայացում էր, որի տրամաբանական ավարտը եղավ ՀՀ անհեթեթ մասնակցությունը «Քոչվորների համաշխարհային խաղերին», որով եւ պսակվեց Շանհայան համագործակցության կառույցի նիստը Ղրղզստանում։