27/12/2024

Ռուս – իրանական գազային հարաբերություն` ռեգիոնալ պատկերի փոփոխության էական ազդակ

Ռուսական Գազպրոմն ու Իրանի ազգային գազային ընկերությունը ստորագրել են ռազմավարական հուշագիր, որը ենթադրում է ռուսական գազի խողովակաշարային մատակարարում Իրան:

Առավել դետալային, թե ինչ է նշանակում այդ ռազմավարական հուշագրի ստորագրումը, հայտնի չէ, սակայն գազային եւ ընդհանրապես էներգետիկ ոլորտում ռուս-իրանական գործակցության խորացման մասին կողմերը խոսում են 2022 թվականից: Ավելին, հայտնի է, որ ՌԴ նախագահ Պուտինի Իրան այցի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանը մոտ 40 միլիարդ դոլարի ներդրում կիրականացնի Իրանի նավթագազային ոլորտում: Ռուս-իրանական ռազմավարական հուշագիրը նշանակու՞մ է արդյոք, որ օրակարգից աստիճանաբար դուրս է մղվում Թուրքիայում գազային հաբի գաղափարը, որի մասին ավելի քան մեկ տարի առաջ խոսում էին Անկարան ու Մոսկվան:

Իրանն ունի գազի սեփական բավականին մեծ պաշարներ, հետեւաբար ինչի՞ համար է պետք ռուսական գազի տեղափոխումը Իրան: Ըստ էության՝ Իրանից էլ այլ ուղղություններ տեղափոխելու համար: Այդպիսով, դա թերեւս ենթադրում է, որ գազային հաբի գաղափարը «տեղափոխվում» է Իրան:

Հնարավոր է, որ Թեհրանը նաեւ այդ պայմանով է պատրաստ Ռուսաստանի հետ կնքել ռազմավարական գործակցության մեծ պայմանագիր, որը կողմերի հավաստիացմամբ պատրաստ էր ստորագրման, բայց դա հետաձգվեց Իրանի նախագահի ողբերգական մահվան հետեւանքով: Հատկանշական է, որ ռուս-իրանական ռազմավարական հուշագիրը կնքվում է Իրանի նախագահի արտահերթ ընտրության քվեարկությունից մի քանի օր առաջ:

Եթե Ռուսաստանը հրաժարվի Թուրքիայում գազային հաբի գաղափարից, ապա դա էապես կնվազեցնի ռուս-թուրքական երկխոսության բովանդակությունը, ինչը անշուշտ կարող է նշանակել նաեւ ազդեցություն այն միջավայրերի վրա, որոնց վրա տարածվում է այդ երկխոսությունը: Առաջիկա օրերին Աստանայում տեղի է ունենալու ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը:

Օրերս, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարեց, որ Պուտինին նաեւ սպասում են Թուրքիայում: Այդ այցը չի կայանում արդեն ավելի քան մեկ տարի, ինչը նշանակում է, որ խնդիրը ոչ թե ժամանակն է, այլ բովանդակությունը:

Եթե ռուս-թուրքական հարաբերության բովանդակության մի կարեւոր բաղադրիչ անցնում է դեպի ռուս-իրանական հարաբերություն, ապա սա կարող է ռեգիոնալ պատկերի փոփոխության էական ազդակ: