06/09/2026

EU – Armenia

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ էի ապրում

«Շատ լավ հարաբերություններ ունենք Արմեն Գրիգորյանի հետ։ Ինչպես միշտ՝ ընկերական։ Արմենը միշտ այն մարդկանցից է եղել, որի հետ ես երբևէ նույնիսկ դառը խոսակցություն չեմ ունեցել»,- Արմեն Գրիգորյանի՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԽ գործող քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Լրագրողների հարցերին ի պատասխան, թե իր ու Արմեն Գրիգորյանի հարաբերությունները լարվա՞ծ են, քանի որ իրեն Արմեն Գրիգորյանի պաշտոնում են նշանակել, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Իմ նախկին պաշտոնն էլ Ռուբեն Ռուբինյանն է զբաղեցնում, բայց նրա հետ ամենօրյա շփման մեջ եմ»։ Հարցին՝ արդյոք հեղափոխության գաղափարներին չեն դավաճանե՞լ, քանի որ իրենց մեղադրում են՝ մեկ անձի մերժեցիք, բայց հեղափոխության հիմնական գաղափարները մնացին անկատար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այն մարդիկ, որոնք նման բան են ասում, չեն հասկացել՝ հեղափոխությունն ինչի մասին է եղել։ Կային մարդիկ, որոնք մտածում էին, որ հեղափոխության հաջորդ օրը հրապարակում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին խարույկի վրա այրելու են, փողոցում մարդիկ են կանգնած լինելու, որ բոլորին գումար են բաժանելու, շատ գործարարների ու քաղաքական գործիչներ կային, որոնք մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանը եկավ, հիմա կարող են գալ ու լինել նրա աշխատողները»։

Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ․ «Շատ երկար ժամանակ ես երջանիկ չեմ եղել։ Երբ կյանքը կտրուկ փոխվում է, կարող եմ անկեղծ ասել, գուցե չհավատաք, բայց մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ էի ապրում, ավելի հանգիստ էի ապրում։ Գիտեք՝ հեշտ է, որ խոսում եք՝ թիկնապահներ և այլն։ Ես անձնական կյանք չունեմ, ապրում եմ լայվ ռեժիմով, անձնական տարածք չունեմ, եկել եմ գրքի շնորհանդեսի, բոլորը հարցնում են հարսանիքից, զբաղվում են իմ երեխաներով, յուրաքանչյուր իմ լուսանկար, հարցազրույց բոլոր գրագետ, ոչ գրագետ, պարկեշտ, ոչ պարկեշտ մարդիկ քննարկում են»։