06/09/2026

EU – Armenia

Հայկ Սարգսյանն ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար

ԱԺ-ում ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը «Tete A Tete» հաղորդման եթերում մանրամասներ է ներկայացրել վարչապետի հետ իր հետպատերազմյան շփումների, ներքին քաղաքական մթնոլորտի և իրենց հարաբերությունների մասին։

Նա մասնավորապես նշել է, որ 2021 թվականի նոյեմբերի 9-ից հետո անընդհատ բարձրաձայնել է առկա համակարգային խնդիրների մասին և դժգոհություն հայտնել Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության գործունեությունից՝ շեշտելով, թե այդ կառույցներն այդ շրջանում գործնականում չէին աշխատում։

Նախկին պատգամավորը խոստովանել է, որ խնդիրների մասին բացահայտ և կոշտ բարձրաձայնելը սկսել է «վանել» վարչապետին, ով ժամանակի ընթացքում սկսել է խուսափել իր հետ անմիջական շփումներից։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար, և հավելել, որ պետք է ավելի ճկուն ու դիվանագիտական մոտեցում ցուցաբերեր պետական մարմինների թերությունների մասին խոսելիս։