07/09/2026

EU – Armenia

Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց

90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ, որը ՀՀ զինված ուժերի ձեւավորման գործընթացի առանցքային մասնակից է եւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ստեղծման գաղափարի հեղինակներից մեկն է, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից։

Թե ինչով է պայմանավորված, գեներալն անկեղծացել է․ — Ես գնացի հյուպատոսարան եւ վերադարձրեցի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմացած հարցնում են՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Ես էլ ասացի՝ բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին եւ ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել։

Ես հանձնեցի անձնագիրս, իսկ ձեր այսօրվա նախագահականից ստացա հաղորդագրություն. «Դուք զրկված եք քաղաքացիությունից»։ Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլեւս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ։

Գեներալ Նորատ Գրիգորյանի մասին ոչինչ չեմ ասելու։ Թե նա ինչ դեր է ունեցել Հայկական բանակի կայացման և Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակման գործում, այդ մասին էլ չեմ հիշեցնելու։ Միայն կասեմ, որ 1992 թվականին, ընդունելով Հայաստանի կառավարության հրավերը, նա ստանձնել է Հայկական բանակի հրամանատարությունը։ 1992-1995 թվականներին եղել է Գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ 1993 թվականին՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ Հայոց բանակի հաղթանակների պատմության մեջ նրա անունը կա։

Ու այսօր, երբ նա գրում է․ «Ես գնացի հյուպատոսարան եւ վերադարձրեցի ՀՀ անձնագիրս… երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին եւ ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել… Ես հանձնեցի անձնագիրս… Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլեւս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ», ոչ թե փորձում եք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, այլ նրան ամենավիրավորական ու կեղտոտ բառերով «պատասխանում» եք։ Հասկանում եմ, սա այսօրվա իշխանության քաղաքականությունն է ու ինքն է նախաձեռնել դա, բայց դուք հո անշունչ խմո՞ր չեք նրա ձեռքին։ Մի պահ մտածեք՝ ո՞ւմ եք «ջհաննամ» ուղարկում։ Գեներալի՞ն։ Այն մարդո՞ւն, որ պատերազմի տարիներին եկել է Հայաստան և իր մասնագիտական գիտելիքն ու փորձը դրել է բանակաշինության հիմքում։ Սա հիշողության կորուստ է։ Դուք կորցրել եք ձեր հիշողությունը։

Կարելի է չհամաձայնել Տեր-Գրիգորյանցի քաղաքական գնահատականների հետ։ Կարելի է նրան քննադատել՝ կոշտ, շատ կոշտ։ Բայց մարդուն, որի անունը Հայոց բանակի ստեղծման ու հաղթանակների պատմության մեջ կա, «ջհաննամ գնա» ասելը
քաղաքական տգիտության ու բարոյական անճաշակության խառնուրդ է։ Եվ ամենազավեշտալին այն է, որ նրան «ջհաննամ» ուղարկողներից շատերը երևի իրենց պատկերացնում են հայրենիքի պահապաններ։ Հայրենիքը պահելու առաջին պայմաններից մեկը սեփական պատմության վրա չթքելն է։ Հաղթանակ կերտողներին հայհոյելով դուք պարզապես ցույց եք տալիս ձեր սեփական չափը։ Ամենացավալին հենց սա է․ մենք հասել ենք մի կետի, որտեղ բանակաշինության տարիների վաստակը մի քանի վայրկյանում մոռացվում է, իսկ հայհոյանքը ներկայացվում է որպես հայրենասիրության բարձրագույն դրսևորում։ Սա է մեր այսօրվա իշխանության քաղաքականությունը և այս ամենը կատարվում է նրա ուղղակի և անուղղակի ուղղորդմամբ։
Հայ ժողովրդի պատմությունը չկայացածների մեկնաբանությունների բաժինը չէ։

Ու եթե այսօր որևէ մեկը, անկախ նրանից՝ ով է նա, ասում է՝ «Ես այլևս Հայաստան չեմ գա», իսկ ձեր առաջին արձագանքը «ջհաննամ գնա»-ն է, ապա գուցե մի պահ գեներալին հանգիստ թողեք ու ձեզ հարց տվեք՝ ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Երբ մարդ կորցնում է հիշողությունն ու տրամաբանությունը, նրան բուժում է պետք։ Գեներալի այս քայլը սթափության կոչ է։ Գնացեք ու բուժվեք։ Մի կործանեք Հայաստանը։

Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց