Հայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 13-ին կնշի Խաչվերացը՝ հինգ տաղավար տոներից վերջինը։ Այն համարվում է Խաչին նվիրված տոներից ամենակարևորը և նվիրված է Տիրոջ խաչափայտի վերադարձի ու փառաբանության հիշատակին։
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը։ Տոնի անվանումը կապված է պատմական այն իրադարձության հետ, երբ Սուրբ Խաչը պարսկական գերությունից վերադարձվել է Երուսաղեմ և կրկին կանգնեցվել Գողգոթայում։
Խաչվերացի և հաջորդող մեռելոցի վերաբերյալ հաճախ առաջացող հարցերին անդրադարձել է Զաքարիա Սրբազանը՝ ներկայացնելով երեք հիմնական պարզաբանում։
Ի՞նչ կապ ունի Խաչվերացը ննջեցյալների հետ
Ըստ Սրբազանի՝ Խաչվերացն ինքնին ննջեցյալներին նվիրված տոն չէ։ Այն ուրախության և Սուրբ Խաչի վերադարձի ու փառաբանության տոնն է, իսկ տոնին հաջորդող երկուշաբթին սահմանված է որպես մեռելոց։
Խաչվերացը փոխում կամ ընդհատո՞ւմ է ննջեցյալի քառասունքը
Պարզաբանվել է, որ եկեղեցական որևէ տոն չի կարող փոխել կամ ընդհատել ննջեցյալի յոթի, քառասունքի կամ տարելիցի օրը։ Դրանք նշվում են համապատասխան ժամկետներում՝ անկախ Խաչվերացի տոնից։
Նոր և հին ննջեցյալների համար մեռելոցն այլ կե՞րպ է անցկացվում
Այս հարցում ևս տարբերություն չկա։ Անկախ նրանից՝ որքան ժամանակ է անցել մահվանից, մեռելոցի օրը հարազատները կարող են այցելել հանգուցյալների շիրիմներին։
Խաչվերացի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին, Մեռելոց է։ Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, ապա կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո հավատացյալներն այցելում են իրենց հանգուցյալների գերեզմաններին։

Բաց մի թողեք
Մահացել է Հարություն Կարապետյանը. Լուսանկար
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
Տհաճ է, բայց ստիպված եմ ասել․․․