13/09/2026

EU – Armenia

Անլուրջ խոսքին լուրջ չեն արձագանքում

1992 թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԳ 1-ին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Տեր-Պետրոսյանի պահանջով հրաժարականի դիմում ներկայացրեց: Պատճառը Թուրքիայի հարցում սկզբունքային տարաձայնությունն էր:

Նախագահը կողմնակից էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, իսկ Հովհաննիսյանը որդեգրել էր ավելի կոշտ դիրքորոշում։ Հրաժարականի անմիջական առիթն էլ դարձավ 1992-ի սեպտեմբերին Ստամբուլում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, որում նա բարձրացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հարցերը։

«Նիկոլական» Հայաստանում այդպիսի երևույթի առկայությունն ուղղակի անհնար է: Քանի որ Փաշինյանը միաժամանակ վարչապետ է՝ կասկածելի լեգիտիմությամբ, և կառավարություն՝ թեև անօրինական, բայց փաստացի: Ավելի ցածր պաշտոններին (քննիչ, դատախազ, դատավոր և այլն) չենք անդրադառնում: Սակայն արի ու տես, որ ժամանակ առ ժամանակ այդ անձը բաժանվում է երկու մասի՝ բարձրաձայնելով իրար 180 աստիճանով հակասող պնդումներ: Ինչը, եթե կատարվեր եվրոպական որևէ երկրի վարչապետի կողմից, ապա եթե ոչ նույն, ապա հաջորդ օրը նա ստիպված կլիներ հրաժարական ներկայացնել: Որովհետև անձի երկվությամբ տառապող անձը ժողովրդավարության պայմաններում չէր կարող զբաղեցնեկլ վարչապետի պաշտոնը: Բայց դե մեզանում դա նորմալ է ու հենց այդպես էլ դիտարկվում է Եվրամիության ու եվրոպական պետությունների ղեկավարության կողմից:

Մի 10 օր առաջ Ղրղզստանում նա երջանիկ էր, որ կարողացավ շփվել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Քանի որ մինչ այդ նման հնարավորություն չէր ստանում: Ու ենթականերին էլ, ինչպես «Հրապարակ»-ն էր արձանագրել, հրահանգել է Ռուսաստանի առումով ելույթների տոնայնությունը փոխել դրականի: Սակայն Ֆրանսիա գնալ-գալուց հետո «վերածվեց հզոր վարչապետի»՝ նման մեր Արշակ Բ թագավորին, ով պարսկական արքունիքում փռված հայկական հողի վրա հզորանում էր, պարսկականի վրա՝ խեղճանում: Փաստորեն, ի տարբերություն Արշակունի արքայի, Նիկոլի համար հայրենի հողն աչքիս ֆրանսիականն է: Կամ էլ, ավելի ճիշտ, Ֆրանսդիայի նախագահ Մակրոնի հետ շփվելը: Այն նախագահի, ով Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ կմնա երևի ամենաթույլը:

«Հրապարակ»-ի իմ գործընկեր Անդրեասյանից փոխառելով հոդվածների «զրուցակից հարևանի» դերակատարումը՝ նկատեմ, որ վերջինս «խորհուրդ տվեց» օգտագործել ոչ թե հողի խնդիրը, քանի որ այն բացարձակ հատուկ չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Այլ օգտվել, ասենք, գալլերի (ֆրանսիացիաների նախնիների) վերաբերյալ «Աստերիքս և Օբելիքս» ֆրանսիական կոմիքսների և կինոնկարի սյուժեի կախարդական ըմպելիքից (ֆրանսերեն՝ «potion magique» կամ հայերենով՝ «պոսյո՛ն մաժի՛կ»)՝ պատրաստված գյուղի կախարդ-դրուիդ Պանորամիքսի կողմից:

Կարող էի, իհարկե, հեռու չգնալ ու օգտագործել մեզ շատ ավելի մոտ ռուսական «Լեոպոլդ կատվի արկածները» մուլտֆիլմի հերոսի համար բժշկի (որ կախարդի հույսին չմնամ) պատրաստած՝ «Օզվերին» (Озверин) անվանումը կրող դեղամիջոցը: Բայց հաշվի առնելով, որ դրա մոգական ազդեցությունը պետք է օգտագործվեր ընդդեմ ռուսների՝ բարոյական չհամարեցի խորհրդային մուլֆիլմի ռուս բժշկի պատրաստված դեղամիջոցին դիմելու: Ու այդ պատճառով էլ լավագույն տարբերակը մնաց «պոսյո՛ն մաժի՛կ»-ը:

«Հրապարակ»-ի ընթերցողները, կարծում եմ, գլխի ընկան, որ ֆրանսիական կախարդական ըմպելիքին դիմելու խնդիրն առաջացավ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի «Եթե նման իրավիճակներ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո համամասնորեն կարող է գին առաջանա օրինակ» արտահայտությանը ծանոթանալուց հետո:

Քանի որ երբ Պուտինն արդեն առաջարկել է հանել 102-րդ ռազմակայանը, ապա դրա առումով, օրինակ, «կարող է գին առաջանա» ասելն առավել քան անլուրջ է հնչում: Իսկ անլուրջ խոսքին լուրջ պատասխան տալը կնշանակեր ընկնել վերը նշված անձի բաղչեքը: Ու ստիպված եղա ըստ էության պատասխանելու փոխարեն մի փոքրիկ արշավ կազմակերպել ֆրանսիական ուղղությամբ: