Հայաստանում ռուսաստանյան տնտեսական օպերատորների շահերի խախտումը չի մնա առանց ռուսական կողմի «պատշաճ արձագանքի», հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Այս հայտարարության առանցքային բառը «արձագանքն» է։ Մոսկվան ՀԷՑ-ի շուրջ ընթացող գործընթացը ներկայացնում է որպես քաղաքական դրդապատճառներով սեփականության վերաբաշխում, իսկ հայկական երկաթուղու կոնցեսիայի հնարավոր վերանայումը կապում է այլ պետությունների աշխարհաքաղաքական ծրագրերի հետ։ Հայաստանի ներսում գործող ընկերությունների շուրջ իրավական և տնտեսական վեճին այսպիսով ավելացվում է միջպետական հակազդեցության ակնարկը։
Այդ դեպքում արժե բացել ամբողջ հաշվեկշիռը։ Ռուսաստանյան կապիտալի օրինական շահերը Հայաստանում պետք է պաշտպանված լինեն։ Սեփականության իրավունքը քաղաքական նպատակահարմարության առարկա դարձնել չի կարելի։ Պետականացում, լիցենզիայի դադարեցում, կոնցեսիայի վերանայում կամ գույքի օտարում հնարավոր են միայն օրենքով, պատշաճ ընթացակարգով և արդար փոխհատուցմամբ։
Բայց օրենքը պաշտպանում է ոչ միայն ներդրողի իրավունքը։ Այն սահմանում է նաև նրա պարտավորությունները։ Հայաստանում ռուսաստանյան կապիտալի շուրջ խնդիրները չեն սկսվել Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեությունից։
«Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ հարցերը տարիների պատմություն ունեն։ 2008–2013 թվականների գործունեության աուդիտից հետո հարուցված քրեական գործի նյութերում նշվել էին ֆինանսական խախտումների մասին տվյալներ, այդ թվում՝ 428 միլիոն դրամի աշխատանքներ, որոնք փաստաթղթերով կատարված էին համարվել, բայց իրականում չէին իրականացվել։ Այսօր կոնցեսիոների իրավունքների մասին խոսող Մոսկվան չի կարող շրջանցել դրա կառավարման, ներդրումային պարտավորությունների և ֆինանսական կարգապահության շուրջ տարիներով կուտակված հարցերը։
ՀԷՑ-ի դեպքում պատկերը նույնքան խնդրահարույց է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022, 2023 և 2024 թվականներին ընկերությանը բազմիցս տուգանել է միացման ժամկետների խախտումների համար՝ կիրառելով օրենքով նախատեսված առավելագույն՝ 20 միլիոն դրամ տուգանքը։ Միայն 2024 թվականին շուրջ 9800 դիմումների ավելի քան 30 տոկոսի դեպքում ժամկետները չեն պահպանվել։
Կարգավորողի հրապարակած նյութերում նշվում է նաև, որ 2020–2021 թվականներին ՀԷՑ-ը շուրջ 189 միլիարդ դրամի գնումներ է կատարել իր հետ փոխկապակցված 17 ընկերություններից, իսկ որոշ գործարքներում արձանագրվել են անսովոր բարձր մարժաներ։ ՀԷՑ-ը վիճարկել է այդ գնահատականների մի մասը։ Բայց կառավարման, գնումների և պարտավորությունների կատարման շուրջ հարցերը դրանից չեն վերանում։
Ուստի «օրինական շահեր» արտահայտությունից հետո անհրաժեշտ է հնչեցնել նաև երկրորդ հարցը։ Իսկ օրինական պարտավորություննե՞րը։ Մոսկվան այսօր մանրամասն հաշվարկ է ներկայացնում «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության վերաբերյալ։ Գալուզինի խոսքով՝ ընկերությունը Հայաստանում ներդրել է շուրջ 30 միլիարդ ռուբլի, վճարել 15 միլիարդ ռուբլու հարկ և վերանորոգել ավելի քան 520 կիլոմետր երկաթուղի։
Հայաստանն էլ իրավունք ունի ներկայացնելու իր հաշվարկը։ Այդ հաշվարկի ամենածանր էջերից մեկը «Գազպրոմի» պատմությունն է։ 2013 թվականին Հայաստանը «Գազպրոմին» փոխանցեց «ՀայՌուսգազարդում» պետությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը։ Այն գնահատվեց շուրջ 155 միլիոն դոլար և օգտագործվեց կուտակված գազային պարտքի մի մասի մարման համար։ Դրանից հետո «Գազպրոմը» դարձավ ընկերության միակ բաժնետերը։
Այստեղից արդեն պետք է հաշվել ոչ միայն ռուսական ներդրումները, այլև Հայաստանի տվածը՝ սեփականությունը, մենաշնորհային դիրքը, շուկան և երկարաժամկետ իրավական երաշխիքները։ Հենց այս համատեքստում է առանձնապես խոսուն Ծաղկաձորի «Մարիոթի» պատմությունը։
Հայաստանի գազամատակարարման մենաշնորհային համակարգը կառավարող ընկերությունը շուրջ 32 միլիոն դոլար ուղղեց հինգաստղանի հյուրանոցային համալիրի ստեղծմանը՝ հյուրանոցով, խաղատնով, սպա կենտրոնով և ժամանցային ենթակառուցվածքով։ Հետագայում նույն ընկերությունը այդ գույքը դասեց ոչ պրոֆիլային ակտիվների շարքը և հանեց վաճառքի։
Կարելի՞ է հարցնել՝ գազամատակարարման մենաշնորհային օպերատորն ինչո՞ւ էր տասնյակ միլիոնավոր դոլարներ ուղղում հյուրանոցային և խաղատնային բիզնեսին։ Որտեղի՞ց էր այդ գումարը։ Ի՞նչ արդյունք տվեց ներդրումը։ Ինչպե՞ս էին տարանջատված գազային կարգավորվող գործունեության և հյուրանոցային բիզնեսի ֆինանսական հոսքերը։ Ինչո՞ւ տարիներ անց այդ ակտիվը դարձավ վաճառքի ենթակա ոչ պրոֆիլային գույք։ Տարիներ առաջ հրապարակային հարց էր բարձրացվել նաև հյուրանոցի ծախսերի և գազի սակագնի հնարավոր կապի մասին։
Առավել ծանր է տեխնիկական սպասարկման պատմությունը։ Հայաստանի քաղաքացին տարիներ շարունակ առանձին վճարել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման համար։ Այդ ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում էր «Էյ-Ի-Ջի Սերվիսը»՝ 2007 թվականին նախկին վարչապետ և «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի հիմնադրած ընկերությունը։ 2022 թվականին «Գազպրոմ Արմենիան» այն ամբողջությամբ գնեց՝ 100 տոկոս բաժնեմասի համար վճարելով 4.652 միլիարդ դրամ, և «Էյ-Ի-Ջի Սերվիսը» դարձավ «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերություն։
Այս պատմությունն ինքնին կարևոր հարց է բացում։ Տարիներ շարունակ պարտադիր վճարվող ծառայությունը հանձնված էր մասնավոր ընկերության, որը կապված էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, իսկ հետո այդ ընկերությունը գնեց հենց «Գազպրոմը»։
Այս ընկերության տեխնիկական սպասարկման պատմությունն առավել ծանր պատկեր է բացում՝ տարիների ընթացքում հարյուրավոր պատահարներ, հարյուրավոր տուժածներ և տասնյակ մահեր։ Իրավունքները հաշվենք։ Պարտավորությունները՝ նույնպես։
2002 թվականի «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով շուրջ 100 միլիոն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցվեցին Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «Մարս» գործարանը և երեք գիտահետազոտական ինստիտուտ։ Այդ ժամանակ գործարքը հիմնավորվում էր նաև ձեռնարկությունների վերագործարկման և զարգացման հեռանկարով։
Անցել է գրեթե քառորդ դար։ Ուրեմն կարելի է հրապարակել պարզ հաշվետվություն՝ ինչ վիճակում են այդ ակտիվները, ինչ արտադրություն են ստեղծել, որքան արտահանում են ապահովել, քանի աշխատատեղ են տվել, ինչ տեխնոլոգիա են բերել Հայաստան և ինչ արժեք են այսօր ստեղծում երկրի տնտեսության համար։
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, իհարկե, բիզնես չէ։ Բայց ռուսական ազդեցության թեման Գյումրիում վաղուց միայն անվտանգության ոլորտով չի սահմանափակվում։ 2025 թվականի արտահերթ ընտրություններից հետո քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը հրապարակայնորեն կրկնեց իր նախընտրական խոստումները՝ Ռուսաստանից գործարարների գալու, ռուսական մասնակցությամբ հիվանդանոցի հարց լուծելու և համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մասին։
Դրանք ներկայացվում էին գրեթե որպես արդեն համաձայնեցված հեռանկարներ, սակայն հրապարակային դաշտում չերևաց որևէ ռուսական պաշտոնական հաստատում։ Մոսկվայից այդ հայտարարությունների վերաբերյալ հրապարակային հերքում նույնպես չհնչեց։
Սա առնվազն մեկ հարց է առաջացնում․ երբ ռուսական անունը Հայաստանում օգտագործվում է նախընտրական խոստումների, ներդրումների և տնտեսական սպասումների համար, ինչո՞ւ Մոսկվան այդքան զգայուն չէ սեփական անվան օգտագործման նկատմամբ, որքան այսօր զգայուն է ռուսական տնտեսական օպերատորների շահերի հարցում։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարեցին, որ իրենց տեղեկություններով՝ 102-րդ ռազմաբազայի քաղաքացիական անձնակազմի նկատմամբ իրականացվել է քաղաքական ուղղորդում, իսկ աշխատակիցներից պահանջվել է ազդեցություն գործադրել նաև ընտանիքի անդամների և հարազատների ընտրության վրա։ Կազմակերպությունները խոսում էին հնարավոր ընտրական միջամտության մասին և պահանջում իրավական քննություն։
Այստեղ ևս նույն սկզբունքն է գործում․ եթե Մոսկվան Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների շահերը դարձնում է միջպետական օրակարգ, Երևանն էլ իրավունք ունի նույն խստությամբ պահանջելու Ռուսաստանի տնտեսական, ենթակառուցվածքային և պետական ներկայության լիարժեք հաշվետվողականություն։ Գալուզինը առաջարկում է հաշվել ռուսական ներդրումները։ Հաշվենք՝ ներդրումները, ստացած ակտիվները, բացառիկ իրավունքները և չկատարված պարտավորությունները։ Բացենք ամբողջ հաշվեկշիռը։

Բաց մի թողեք
Նոր օրենքի իրական հասցեատերերի շրջանակը Մոսկվայով չի սահմանափակվում
Խոսքը պետական ծառայության իրական արժեքի մասին է
Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում