22/10/2026

EU – Armenia

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտենում է իր ավարտին»

Ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտենում է իր ավարտին։ Այդ մասին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպման արդյունքներն ամփոփելիսշ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Չգիտեմ, թե որքանով ենք մոտենում, բայց գործը գնում է դրան»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով պատերազմի ավարտի հեռանկարների մասին հարցին։

Ուշակովի խոսքով՝ եվրոպական երկրներն «սկսել են ավելի լուրջ» մոտենալ կարգավորմանը։ «Ես չէի փնովի նրանց (եվրոպացիներին)։ Համենայն դեպս, ինձ թվում է, (Եվրոպայում) սկսել են մտածել և ավելի լուրջ մոտենալ այս ճգնաժամի լուծմանը»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Մոսկվան և Կիեւը համաձայնել են ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների առաջարկին՝ անցկացնել եռակողմ բանակցություններ տեխնիկական մակարդակով՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ Ուիթքոֆն ու Քուշները առաջարկել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել։

«Ուկրաինական կողմն այս գաղափարն ընդունել է երեկ Օսլոյում, իսկ ռուսական կողմը՝ այսօր Սանկտ Պետերբուրգում»,- երեկ հայտնել է Axios-ի աղբյուրը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ռուսաստանն աջակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ խաղաղ բանակցություններ անցկացնելու նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ Կիեւն այս տեղեկությունը ստացել է ամերիկյան կողմից։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վիտկոֆֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։ Նա նշել է, որ նման եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում՝ նոյեմբերի կեսերին՝ մասնավորապես ամսվա 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։

«Մենք դիտարկում ենք Աբու Դաբին… Պայմանավորվածությունն այն էր, որ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի կեսերին՝ մոտավորապես 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում»,- ասել է Ուշակովը։