Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային համաձայնագիրը Մոսկվային «նոր հույս» է տալիս։
Չեխիայի նախագահ Պետր Պավելը ասում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը «բավականին մոտ էր»՝ մինչև նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկեց ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցները։
Երեքշաբթի օրը Axel Springer Global Reporter Network-ի հետ, Պավելը նշել է, որ ռուսական նավթի, օլիգարխների և այլ ոլորտների նկատմամբ ԱՄՆ-Եվրոպա համակարգված պատժամիջոցները Ռուսաստանին «ճնշման տակ» են դնում։ Սակայն այս ամսվա սկզբին Թրամփի կողմից հայտարարված համաձայնագիրը, որի համաձայն Ռուսաստանը ԱՄՆ-ին հարյուր հազարավոր տոննա դիզելային վառելիք կմատակարարի, Ռուսաստանին «շնչելու ժամանակ» տվեց։
«Հիմա շատ ավելի դժվար կլինի», – ասել է Պավելը։ «Ռուսաստանն օգտագործում է այս իմպուլսը ճնշումից դուրս գալու համար, և դա նրանց համար մի տեսակ բարոյական խթան է»։
Չորեքշաբթի Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփը «հաջողությամբ բանակցել է» մի գործարքի շուրջ, որի նպատակն է համաշխարհային շուկան ապահովել «դիզելային վառելիքի հսկայական ծավալներով և նվազեցնել գները»։
Գործարքն արագորեն բացասական արձագանքների արժանացավ, իսկ ամերիկացի սենատորների երկկուսակցական մի խումբ նույնիսկ կոչ արեց Թրամփին չեղարկել այն։
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում հրապարակած գրառման մեջ նշեց, որ այդ գործարքը «ջուր է լցնում Ռուսաստանի ջրաղացին» և թույլ է տալիս նրան «ավելի շատ մարդ սպանել, ավելի երկար պատերազմել, էլ ավելի քիչ հարգանք տածել Ամերիկայի հանդեպ, ինչպես նաև աշխարհին ավելի մեծ կորուստներ ու վնասներ պատճառել»։ Նա մեղադրեց Թրամփին նրանում, որ վերջինս Ֆլորիդայում ընթացող խաղաղ բանակցությունները օգտագործել է որպես «ծխածածկույթ»՝ Ռուսաստանի հետ գործարք կնքելու գործընթացում։
Զելենսկու քննադատությունը Կիևի և Վաշինգտոնի միջև աճող լարվածության հերթական ցուցիչն էր։ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել Զելենսկու վերաբերյալ՝ մեղադրելով նրան պատերազմը ձգձգելու մեջ։ Մինչդեռ Պուտինի մասին նա վերջերս ջերմորեն է արտահայտվել՝ այս շաբաթ նշելով, թե «Ռուսաստանն, անկեղծ ասած, Ուկրաինայի հարցում իրեն նորմալ է պահել»։
Սակայն չորեքշաբթի Պավելը աջակցության խոսքեր հղեց Ուկրաինայի նախագահին։
«Ես կարծում եմ, որ նախագահ Զելենսկին և ամբողջ Ուկրաինան հակամարտության զոհ են, — ասաց Պավելը։ — Ուստի, ես, թերևս, վերջին մարդն եմ, ով Ուկրաինային կմեղադրի հակամարտության համար։ Չէ՞ որ ոչ թե Ուկրաինան հարձակվեց Ռուսաստանի վրա, և ոչ էլ Ուկրաինան էր սպառնում Ռուսաստանին»։
Նա հավելեց, որ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ ավելի բաց մոտեցում է ցուցաբերում, քան եվրոպական որևէ այլ առաջնորդ։
«Որոշ չափով նրան կարող է գրավել Վլադիմիր Պուտինը՝ որպես հեղինակություն ունեցող առաջնորդ, սակայն չեմ կարծում, թե… նախագահ Թրամփը սա դիտարկում է որպես ժողովրդավարության և ավտոկրատիաների միջև պայքար. նա հարցին նայում է պարզապես Միացյալ Նահանգների տնտեսական բարգավաճման տեսանկյունից», — հավելեց Պավելը։
Թեև Պավելը մտահոգություն հայտնեց դիզելային վառելիքի հետ կապված գործարքի վերաբերյալ, նա զերծ մնաց այն պնդումից, թե ԱՄՆ-ը դավաճանել է Ուկրաինային կամ եվրոպական այլ գործընկերներին։
«Դեռ չգիտեմ՝ կարելի՞ է արդյոք սա դավաճանություն անվանել, բայց ես կասեի՝ սխալ է, — ասաց նա։ — Քանի որ… դա այժմ Ռուսաստանին նոր հույս է տալիս. հույս, որ նրանք կարող են հաշվի չառնել Եվրոպան, հաշվի չառնել Ուկրաինան և կենտրոնանալ Միացյալ Նահանգների (և, հնարավոր է, Չինաստանի) հետ գործարք կնքելու վրա՝ ամեն ինչ դասավորելով ըստ իրենց առաջնահերթությունների ու ռազմավարությունների։ Կարծում եմ՝ սա ակնհայտորեն հակասում է Եվրոպայում մեր շահերին»։
Պավելը նաև չբացառեց ապագայում այնպիսի իրավիճակ, երբ եվրոպական երկրները կգնեն ռուսական նավթ, սակայն հավելեց, որ մինչ այդ «որոշ ժամանակ կպահանջվի»։
«Եթե մի օր Ռուսաստանը դառնա մի երկիր, որը հարգում է այլ պետությունների ինքնիշխանությունն ու սահմանները, ապա ինչո՞ւ նման երկրի հետ բնականոն գործարար հարաբերություններ չունենալ։ Բայց Ռուսաստանը դեռ այդ կետին չի հասել», — ասաց նա։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Միջանկյալ փոփոխություններ. ի՞նչ է փոխվում Եվրոպական խորհրդարանում
Բոլսոնարուն չի կործանի Մերկոսուրը, բայց Բրյուսելը կարող է դա անել