22/10/2026

EU – Armenia

Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին

Հայաստանի կառավարությունը առաջիկայում հանրությանը կներկայացնի Սահմանադրության նոր նախագիծը, որը նախատեսվում է ուղարկել նաև Ազգային ժողով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձելու է համոզել ընդդիմադիր ուժերին, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր նշանակություն ունի։ Եթե այդ հարցում համաձայնության հասնել չհաջողվի, հնարավոր են նաև այլ զարգացումներ, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։

«Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- նշել է Փաշինյանը՝ խոսելով հնարավոր տարբերակների մասին։

Վարչապետը նաև ընդգծել է, որ իր քաղաքական հիմնական հանձնառություններից են Սահմանադրության փոփոխությունն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։

Փաշինյանի խոսքով՝ ինքը ակնկալում է, որ Հայաստանի ժողովուրդը կաջակցի իր քաղաքական օրակարգին։ Միաժամանակ նա հայտարարել է, որ հասարակության կողմից աջակցության բացակայության դեպքում իր քաղաքական առաքելությունը Հայաստանում ավարտված կհամարի։