22/10/2026

EU – Armenia

«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը

Վերջին օրերին ադրբեջանա-թուրքական հարաբերություններն ուշագրավ, եթե չասենք՝ աննախադեպ շրջադարձեր են արձանագրում։ Կողմերի միջեւ «քաղաքական փոխհրաձգություն» է, որն ավելի հետաքրքրական ու լուրջ է դառնում։

«Որոշ թուրք քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի դեմ կոշտ հարձակումների ֆոնին, դպրոցական համազգեստի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը տպավորիչ էր»,- գրում է ադրբեջանական իշխանամերձ կայքերից մեկը՝ Մինվալ․ ազը։

Պարբերականը մեջբերել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի խոսքերը, թե «ադրբեջանցի ժողովուրդը բավականաչափ իմաստուն է՝ ինքնուրույն պաշտպանելու իր կրոնական համոզմունքները եւ իր դիրքորոշումը կառավարությանը հաղորդելու համար՝ հաշվի առնելով ազգային շահերը»։ Նա ընդգծել է, որ Թեհրանի եւ Բաքվի եղբայրական հարաբերությունները պայմաններ են ստեղծում ծագող խնդիրները փոխըմբռնման, կրոնական արժեքների եւ քաղաքացիների իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտում լուծելու համար։

«Հատկանշական է, որ ադրբեջանական հասարակությունն Իրանից լսեց հենց այն զուսպ եւ հարգալից մոտեցումը, որը կարող էր արդարացիորեն ակնկալել իր մերձավոր դաշնակից Թուրքիայից։ Սա ստեղծում է պարադոքսալ իրավիճակ։ Իրանն իսլամական հանրապետություն է, մինչդեռ Թուրքիան սահմանադրորեն աշխարհիկ պետություն է։ Սակայն հենց թուրքական քաղաքական շրջանակներից եւ լրատվամիջոցներից են Բաքվի դեմ հնչում ամենախիստ մեղադրանքները, կարծես պետությունը պարտավոր էր իր ներքին որոշումները համաձայնեցնել Անկարայի հետ»,-ասվում է հոդվածում։ Բայց անկախ կրոնական արժեքների մասին խոսելուց, Թեհրանը սպառնալիքների եւ հանրային ճնշման փոխարեն ընտրել է երկխոսության լեզուն՝ շարունակում է հոդվածագիրը․ «Իրանի ԱԳՆ դիրքորոշումը նաեւ ցույց է տալիս, որ միասնական դպրոցական համազգեստի հարցը կարելի է քննարկել առանց Ադրբեջանին իսլամի դեմ պայքարելու մեջ մեղադրելու։ Սա հատկապես ճիշտ է, քանի որ հարցը վերաբերում է աշխարհիկ կրթական համակարգի կանոններին, այլ ոչ թե քաղաքացիների կրոնական համոզմունքների սահմանափակումներին։ Բաքվի ինքնիշխան որոշումների նկատմամբ հենց այսպիսի հարգանքն է, որը մենք ամենաշատը կցանկանայինք տեսնել այն երկրից, որին սովոր ենք մեր եղբայրական երկիր անվանել»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում կրթական հաստատություններում հիջաբի արգելքի հետ կապված որոշումը բուռն արձագանք է հարուցել Թուրքիայում, որտեղ կոշտ հայտարարություն է արվել, դատապարտվել է ալիեւյան ռեժիմի այդ քայլը։ Բանն այնտեղ է հասել, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք հայտնի լրագրողների, հաղորդավարների, մարզիկների եւ այլ ոլորտների ներկայացուցիչների դեմ։ Թուրքիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել այդ արգելքի դեմ, այդ թվում՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջեւ, որտեղ ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում։

Փաստորեն, «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսն իրականում սնամեջ գաղափարախոսություն է, որի առաջին ճաքերը տեսել ենք 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին, երբ Ադրբեջանի քաղաքական եւ իշխանական շրջանակները կոշտ հակադարձումներ էին անում «մեծ եղբայր» Թուրքիայից հնչող հայտարարություններին եւ վրդովված հերքում, թե 2020 թվականի պատերազմում Անկարայի օժանդակությունը վճռորոշ է եղել հակամարտության ելքի վրա, անգամ՝ գերակա։ Մյուս կողմից, Ալիեւն այնքան է տարվել սեփական «հզորությամբ», որ այդ սնապարծության մեջ այլեւս չի խորշում «ատամ ցույց տալ» թիվ մեկ դաշնակից Թուրքիային։ Թե ուր կհասնի Բաքու-Անկարա այս գժտությունը եւ արդյո՞ք չի դառնա Ադրբեջանում քաղաքական ցնցումների պատճառ, պետք է մի փոքր էլ սպասել։

ՀԳ․ Այն, որ Բաքուն անցել է բացահայտ հակաթուրքական արշավի, պարզ է դառնում Ադրբեջանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունից. Թուրքիայի 31 քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելվել է։ Որոշումն ընդունելիս «հաշվի են առնվել տարբեր սոցիալական ցանցերում եւ ինտերնետային հարթակներում տարածված հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի եւ ղեկավարության դեմ, ինչպես նաեւ՝ բռնի իշխանափոխության, կրոնական արմատականությամբ պայմանավորված բռնության եւ կրոնական ատելության ու թշնամանքի հրահրման կոչերը»։ Այս ցանկում են մասմեդիայի ներկայացուցիչներ, գրողներ, կուսակցությունների նախագահներ, պատգամավոր, պաշտոնյաներ եւ գործիչներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանի դեմ թշնամական կոչեր տարածողների նկատմամբ միջոցառումները շարունակվելու են։