Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Գործնականում, Միացյալ Նահանգները ԱՄՆ Անկախության տարեդարձի կապակցությամբ տոնական ընդունելությունը մշտապես կազմակերպել է Երեւանում: Բայց, այստեղ ուշադրության առարկան ոչ թե այն է, որ առաջին անգամ տոնական ընդունելություն է կազմակերպվում նաեւ մարզերում, այլ, որ այդ ընդունելությունը կազմակերպվում է Կապանում:
Կարծես թե չկա կարիք ավելորդ անգամ մատնացույց անել այն քաղաքական բազմաշերտ միջավայրը, որ ձեւավորված է Սյունիքի մարզի եւ Կապանի շուրջ, հաշվի առնելով թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական իրողություններն ու մոտիվները: Այդ իմաստով, ԱՄՆ առաջին անգամ ըստ էության պաշտոնապես դիվանագիտական միջոցառում է կազմակերպում Կապանում, եւ այդ հանգամանքը առնվազն առաջացնում է հարցի հիմք, թե արդյո՞ք Նահանգները կարող է դիտարկել Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հարց: Ինչպես հայտնի է, Կապանում գլխավոր հյուպատոսություն է հիմնել Իրանը:
Այդ առնչությամբ, Իրանի դեսպանը հայտարարել էր, որ այժմ Իրանը Կապանում է եւ սյունեցիները կարող են հանգիստ լինել անվտանգության տեսանկյունից: Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին է հայտարարել Ռուսաստանը, որը հույս է հայտնել, որ մինչեւ 2024 թվականի ավարտ հյուպատոսությունը կհիմնվի:
Կապանում հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին 2023 թվականի գարնանը հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան: Ի՞նչ փուլում է Ֆրանսիայի մտադրությունը ավելի քան մեկ տարի անց, այս պահին պարզ չէ:
ԱՄՆ Կապանում կլինի՞ չորորդը, ինչի պարագայում չորս հյուպատոսությունների առկայությունը փաստորեն կձեւավորի յուրահատուկ «խաչմերուկ»՝ հյուպատոսությունների խաչմերուկ Կապանում:
Բաց մի թողեք
Ռուբիոն և Ֆիդանը անսասան աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Լուսանկար
Իրանի նախագահի խոսքում ստորգետնյա խութեր, այնուամենայնիվ կան, ահա դրանք
Արցախի ավելի քան հինգ հազար պատմա-մշակութային հուշարձանների մասին «ամբողջական տեղեկատվական բանկ, ցավոք, չունենք»