Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված է։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան շուրջ 2000 մշակութային կոթողներ և հուշարձաններ՝ վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, դամբարաններ, գերեզմանոցներ ու սրբավայրեր: Դրանց թվում էին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), Մեխակավանի Զորավար Սուրբ Աստվածածին եկեղեցի:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը 2022 թվականին հրապարակել է վերլուծություն, ըստ որի՝ Արցախում հոգևոր-մշակութային հուշարձանների ընդհանուր թիվը անցնում է 4000-ը, որի 10 տոկոսը՝ նախաքրիստոնեական, մոտ 1․5 տոկոսը` մահմեդական, մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են և թվագրվում են 4-19-րդ դարերով:
2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով Արցախը ամբողջությամբ հայաթափվեց, իսկ երեք ամիս անց «Կովկասյան ժառանգության պաշտպանության» կազմակերպությունը հրապարակեց Արցախում մշակութային ժառանգության վիճակի մասին վեցերորդ մշտադիտարկման հաշվետվությունը:
Փաստաթղթում հիշատակվում է 44 հոգևոր-մշակութային հուշարձանների մասին, որոնցից 8-ը ավերված են, 12-ը՝ վնասված, 24-ին վտանգ է սպառնում։
2024 թ․ հունիսին «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» կազմակերպությունը հրապարակեց Արցախում մշակութային ժառանգության թվով յոթերորդ մշտադիտարկման հաշվետվությունը։
Ընդամենը 6 ամսվա ընթացքում ավերված մշակութային կոթողների թիվը հասել է 14-ի, վնասված կոթողները 12-ն են, իսկ վտանգի տակ գտնվող հուշարձանների թիվը հասնում է 31-ի։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Արցախի հոգևոր-մշակութային կոթողների օրինակներ, որոնք Ադրբեջանը 2020 և 2023 թվականի պատերազմներից հետո վնասել, մասնակի կամ հիմնահատակ ավերել է:
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ադրբեջանը թիրախավորել էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոցը երկու անգամ հրթիռակոծվեց, ինչի հետևանքով եկեղեցու տանիքը մասամբ փլուզվել էր, գմբեթը՝ վնասվել:
Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը սկսվել է 1868 թվականին և ավարտվել 1887-ին, տեղեկանում ենք եկեղեցու վիմագրություններից: Խորհրդային շրջանում եկեղեցին վերածվել էր հացահատիկի պահեստի: 1960-ականներին եկեղեցու մուտքի մոտ տեղադրված հրեշտակները վնասվել էին, գմբեթը՝ ավերվել: Իսկ արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանը եկեղեցին օգտագործում էր որպես ռազմապահեստ: Եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել է 1998 թվականին:
2020 թվականի պատերազմի հետևանքով Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանը հայտարարեց, որ սկսելու է եկեղեցու վերականգնողական աշխատանքներ: 2021 թվականի մայիսին պարզ դարձավ, որ եկեղեցու գմբեթը ապամոնտաժվել է, իսկ դրա տեղում մզկիթ հիշեցնող կլոր կառույց է տեղադրվել:
Այս տարվա ապրիլին ադրբեջանական ալիքներում գրեցին, որ եկեղեցու «պատերի վերականգնողական աշխատանքները շարունակվում են»։
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 2021 թվականի փետրվարին և 2024 թվականի ապրիլին
Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցի
Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցման հավանական ժամանակահատվածը 18-19-րդ դարերն են: Այն գտնվում էր Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի հյուսիս-արևելյան հատվածում: Խորհրդային տարիներին եկեղեցին ներսից սվաղապատվել ու օգտագործվում էր տնտեսական նպատակներով: 44-օրյա պատերազմի հետևանքով Մոխրենես գյուղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Պատերազմի ընթացքում եկեղեցին չէր վնասվել: Սակայն ինչպես հրապարկեց «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» կազմակերպությունը, 2022 թ․ հուլիսի 6-ի՝ տիեզերքից արված նկարում եկեղեցին հիմնահատակ ավերված է: 2023 թվականի սեպտեմբերի 26-ին արված նկարում հստակ երևում է, որ եկեղեցու տեղում այլ շինություն է կառուցվել:
Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին՝ 2021 թվականի հուլիսին և 2023 թվականի սեպտեմբերին:
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ)
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամը կառուցվել է 1847 թվականին: Եկեղեցին գտնվում է Շուշի քաղաքի արևմտյան հատվածում: Նախկինում այն կոչվել է նաև Ղարաբաղցոց եկեղեցի: Խորհրդային շրջանում ադրբեջանցիները եկեղեցին դարձրել էին ըմպելասրահ:
2020 թվականի պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 15-ին, Facebook սոցհարթակում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում էր Կանաչ ժամ եկեղեցին՝ կիսավեր վիճակում: Տեսանյութում եկեղեցու գմբեթն ու զանգակատունը գրեթե ամբողջությամբ ավերված էին: Տեսանյութի կիսավեր շինության և Կանաչ Ժամի նույնականացումը արել է fip.am-ը՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակված նյութում:
2024 թ․ ապրիլի 18-ին «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» կազմակերպությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ Շուշիի Սուրբ Հովհաննես եկեղեցին հիմնահատակ ավերվել է։ Հրապարակմանը կցված՝ տիեզերքից արված նկարներում հստակ երևում է, որ եկեղեցու շինությունն այլևս չկա։
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին 2020 թվականի հոկտեմբերին և 2024 թվականի ապրիլին
2020 թվականի պատերազմից ի վեր «Կովկասյան ժառանգության դիտարկում» կազմակերպությունը պարբերաբար կատարում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային հուշարձանների արբանյակային լուսանկարներ, որոնք թույլ են տալիս համեմատել դրանց վիճակը նախկինում և այսօր: Այս եղանակով արձանագրվել է՝ մի շարք մշակութային կոթողներ ավերվել են:
Հայկական այլ հուշարձանների՝ ավիրված լինելու մասին հաճախ տեղեկանում ենք ադրբեջանցի օգտատերերից, որոնք այդ մասին տեսանյութեր կամ լուսանկարներ են տեղադրում սոցիալական կայքերի իրենց անձնական հաշիվներում կամ խմբերում:
2024 թ․ փետրվարի 1-ին ադրբեջանական togrulavshar ինստագրամյան էջում հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում էր Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմի եկեղեցին՝ Վանքասար լեռան գագաթին։ Եկեղեցու գմբեթի խաչը հանված էր:
Վանքասարի եկեղեցին հիմնադրվել է 7-րդ դարում: Առաջին անգամ հիշատակվում է Սարգիս Ջալալյանցի «Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան» աշխատության մեջ: Եկեղեցու տարածքում դեռևս անցած դարի 80-ական թվականներին կառուցվել էին ժամանցի վայրեր: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ դրանք վնասվել էին ու վերածվել ավերակների: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո եկեղեցին Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Եկեղեցու այսօրվա վիճակի մասին տեղեկանում ենք ադրբեջանական տարբեր հրապարակումներից։
2023 թ․ նոյեմբերի 8-ին Без Тормозов ադրբեջանական տելեգրամյան ալիքը հրապարակել էր Ստեփան Շահումյանի արձանի նկարը։ Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում տեղադրված արձանն իջեցված էր, գլխիվայր գցված գետնին՝ այլ տարածքում: Նկարը տարածվեց ադրբեջանական տելեգրամյան ալիքներում ու հայկական մեդիայում: Պուրակի արբանյակային լուսանկարներից երևում է, որ արձանի տեղում այլևս ոչինչ չկա:
Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակը 2021 թվականի նոյեմբերին և 2024 թվականի ապրիլին
2024 թ․ փետրվարի 2-ին ադրբեջանական Karabakh Today I Карабах Сегодня տելեգրամ ալիքը գրել էր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) արձանի մասին: Նշվում էր, որ արձանը ապամոնտաժվել է։ Այն տեղադրված էր Ստեփանակերտի «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցի հետևի պուրակում։ Արբանյակային նկարներից երևում է, որ արձանի տեղը դատարկ է:
Բեկորի անվան պուրակը 2021 թվականի նոյեմբերին և 2024 թվականի ապրիլին:
2024 թ․ ապրիլի 21-ից սկսած՝ տիեզերքից արվող նկարներում երևում է, որ հիմնահատակ ոչնչացվել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին: Այս մասին ահազանգել էր «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը»: Եկեղեցին գործում էր 1998 թվականից: 2021 թվականից Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունը» ներկայացրել էր եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։ 2022 թվականին Բերձոր քաղաքը եկեղեցու հետ միասին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Եկեղեցու վիճակի մասին մինչև վերջերս տեղեկություններ չկային:
Բերձորի սրբ.Համբարձման եկեղեցին 2022 թվականի ապրիլին և 2024 թվականի ապրիլին
Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը հայկական մշակութային կոթողները ավերում, վնասում կամ բռնայուրացնում է 20-րդ դարի 20-30-ականներից, իսկ 50-ականներին դա դարձավ այդ երկրի նպատակային քաղաքականությունը։ Վառ օրինակներից է Թարթառի վերին հովտում գտնվող Չարեքտար գյուղի վանքը: Գյուղը խորհրդային շրջանում հայաթափվել էր և բնակեցվել ադրբեջանցիներով, որոնք էլ վանքը վերածել էին անասնագոմի: Տարիների ընթացքում այն ավերվել ու ձևափոխվել էր, իսկ խաչքարերն ու տապանաքարերը ջարդվել և վնասվել էին:
Ալյոնա Հայրապետյան; Շարունակելի
Բաց մի թողեք
Ի՞նչ է մտածում այդ առնչությամբ Ֆրանսիան, կարծես թե դեռ պարզ չէ …
Փլուզվող հարաբերությունների և կառուցակարգերի պայմաններում, երբ հինն այլևս գրեթե «ավերակ» է
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին