26/12/2024

Ընդդիմությունը մտադիր է Փաշինյանից Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան «ստանալ»

Իշխանափոխության օրակարգով փողոցային պայքարի հերթական՝ գարուն-ամառ սեզոնը ձախողելուց և արձակուրդ մեկնելուց հետո ընդդիմությունը որոշել է իշխանափոխության աշնանային սեզոնն իմաստավորել հերթական, դասականը կասեր՝ «անստույգ ու ոչնչատեսիլ» նախաձեռնությամբ։

Խոսքը հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու «պարտքի» մասին է, որի մասին «սրբազան» կոչվող շարժման հարթակից օրերս անոնսեց ԱԺ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Սույն նախաձեռնությունը առաջիկա օրերին ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները շրջանառության մեջ կդնեն, և… այսպիսով քաղաքական օրակարգ չունեցող հայրենի ընդդիմադիրներն իրենց համար աշնանային զբաղմունք կգտնեն՝ կքննեն «թազա «Մարտի 1»-ի»՝ հունիսի 12-ի դեպքերը, մասնավորապես՝ այդ օրը ոստիկանության կողմից իրականացված գործողությունների իրավաչափությունը։

Դեմ չենք, թող ստեղծեն։ Բայց ուզում ենք հիշեցնել իրենց օրոք ստեղծված հանձնաժողովների, մասնավորապես «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ այդ օրերին ընդդիմադիր գործիչներից մեկի դիպուկ դիտարկումը՝ «եթե ուզում ես որևէ հարց թաղել, ապա հանձնաժողով ստեղծիր»։

Նախկինում արդեն գրել ենք, որ հունիսի 12-ի և «Մարտի 1»-ի ողբերգության միջև հավասարության նշան դնել փորձելով նախկին ռեժիմը փափագում է Նիկոլ Փաշինյանից Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան ստանալ, սուբյեկտներ, որոնց իշխանության ստանձնումը, պաշտոնավարումն ու «գահի» փոխանցումն ուղեկցվել են խարդավանքներով, արյամբ ու ահաբեկչությամբ։ Եվ այս հանձնաժողովի ստեղծումը, մեր տպավորությամբ, Փաշինյանից հենց այդպիսի՝ արյունռուշտ կերպար ստանալու համատեքստում է՝ ոստիկանության գործողությունների քննության ֆոնին։

Մինչ կբեմադրվի հայրենի օպոզիցիայի հղացած «աշնանային էտյուդը», նշենք, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության «արշալույսին» ստիպված եղավ Մարտի 1-2-ի ողբերգական դեպքերն ու դրանց հանգեցրած դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորել։ Այնպես չէ, որ իշխանությունը պահելու համար արյան մեջ թաթախված ռեժիմի ուշքը գնում էր նման մարմին ձևավորելու, ինչպես ասում են՝ «ինքն իր իսկ հետքի վրա դուրս գալու» և ինքզինքը պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ հանձնաժողովի պահանջ-պարտադրանքը հնչել էր դրսից։ Այո, այն նույն «դրսից», որին այսօր «սրբազան շարժման» կազմկոմիտեն և դրան ձայնակցող սերժա-քոչարյանական ընդդիմությունը մեղադրում է ցուցարարների հանդեպ գործող «իշխանության ապօրինությունները» չտեսնելու տալու և ՀՀ-ում «ժողովրդավարության գնդակահարությանը» մեղսակցելու մեջ։ Համաձայն ենք, ծիծաղելի ու մի քիչ էլ կարեկցանքի արժանի կշտամբանք է։

Եվ ուրեմն, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 2008-ի ապրիլի 17-ին ընդունել էր 1609 բանաձևը, որում «ցավ էր հայտնել» «ոստիկանության և ցուցարարների միջև բախումների և 2008 թ. մարտի 1-ին բռնության սրացման կապակացությամբ, որի հետևանքով տասը հոգի զոհվեց և շուրջ երկու հարյուր մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ»: Ապաև հավելել էր. «Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրած բուն հանգամանքների, դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքի, այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Երևան քաղաքում արտակարգ իրավիճակ մտցնելու և ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու հարցը լուրջ տարաձայնությունների տեղիք են տալիս և պետք է ենթարկվեն վստահելի և անկախ քննության»: Նույն բանաձևում էլ, ի դեպ, նշվել էր, թե «պետք է անհապաղ իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների և դրանց հանգեցրած հանգամանքների՝ ներառյալ ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու և ցուցարարների գործադրած բռնության երևույթների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննում: Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի մոնիտորինգի ենթարկել և աջակցել նման հետաքննության անցկացմանը»։ Իսկ արդեն իր հաջորդ՝ 1620 բանաձևի «9.2» կետում էլ Վեհաժողովն առաջարկել էր Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին «ներդրում ունենալ 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունները և դրանց հանգեցրած հանգամանքները հետաքննող Ազգային ժողովի հանձնաժողովի աշխատանքին միջազգային փորձագետների մասնակցությանը, եթե բավարարվեն անկախության, թափանցիկության և վստահելիության պայմանները»:

Այդ հանձնաժողովի թափանցիկությունն ու վստահելիությունը, նկատենք, հենց սկզբից կասկածի տակ դրեց «Մարտի 1»-ի «դրդիչ» Հայ ազգային կոնգրեսն ու բոյկոտեց դրա աշխատանքները։ Ի դեպ, սա միակ մարմինը չէր, որ ձևավորվել էր այս տարողունակ հանցագործությունը բացահայտելու համար՝ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, հիշեցնենք, ևս մեկ մարմին՝ «Փաստահավաք խումբ» ձևավորվեց, որն իր փաստահավաք առաքելությամբ պետք է աջակցեր հանձնաժողովին։ «Փաստահավաք խումբն» իր գոյության կարճ ընթացքում կարողացավ վեր հանել ողբերգական դեպքերի ընդհանուր պատկերը և ամենացնցող բացահայտումն անել՝ հետընտրական քաղաքական գործընթացներում բանակի ներգրավումը, որի մասին է վկայում նաև սկանդալային 0038 հրամանը։ Ակնհայտ էր, որ իշխանությունը փաստի առաջ է կանգնելու « Փաստահավաք խմբի» հարցումներին պատասխանելիս, ու որպեսզի չընկնի իր փորած փոսը՝ գերադասեց «ամենահետաքրքիր պահին» անհեթեթ պատճառաբանությամբ լուծարել այդ մարմինը:

Հունիստասներկուսյան դեպքերից հետո, փաստորեն, ընդդիմությունը «իր խոդով» որոշել է քննիչ հանձնաժողով ստեղծել, առանց ԵԽԽՎ-ների կամ այլ միջազգային կառույցների պահանջ-դրդումների, քննելու, ինչպես իրենք են շեշտադրում՝ 2008-ին ընդդիմության կարգավիճակում «Մարտի մեկ» հրահրած, 2024-ին էլ իշխանության կարգավիճակում «Մարտի մեկ-2» «սանձազերծած» Նիկոլ Փաշինյանի «անձնական հրահանգը» կատարած ոստիկանների գործողությունները։ Հասկանալի է, չէ՞, որ ստեղծվելիք հանձնաժողովը, բացի ընդդիմության զբաղվածության հարցը լուծելուց, նաև էժանագին «ֆուրոր»՝ աղմկահույզ հարուցելու նպատակ ունի։

Պատահական չէ, որ «սրբազան պայքար» կոչվող ֆեյսբուքյան էջով վերջերս մի «մինի ֆիլմ» էր տիրաժավորվել՝ «Բռնակալի մարմնացումը», որի տիտրերում նշվում է, թե «2024թ. հունիսի 12-ին ոստիկանությունը հարձակվեց քաղաքացիների վրա, որոնք պահանջում էին վերականգնել իրենց սահմանադրական իրավունքները։ Վիրավորվեց 101 քաղաքացի, որոնք դեմ են, որ Հայաստանից տարածքներ հանձնվեն»։ Փաստորեն, շարժման այդ օրվա «վճռական» հայտարարված հավաքը ԱԺ-ի դիմաց ոչ թե այն մասին էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որ պետք է իրավապահները թույլ տան, որ Բագրատ Գալստանյանը մտնի ԱԺ, այլ ցուցարարների՝ «սահմանադրական իրավունքների վերականգնման պահանջի»։ Շարժման կազմկոմիտեն հետին թվով, փաստորեն, որոշել է սրբագրել հունիսի 12-ի օպերացիայի նպատակը։ Այդ «մինի ֆիլմում», նկատենք, ներկայացված է միայն մեկ հոգու՝ այդ օրը ձեռքի վնասվածք ստացած (ոստիկանների կողմից նետված հատուկ միջոցը վերցնելու հետևանքով) Եսայի Քարամյանի խոսքը (մոտիկ պլանից ցուցադրվում են նաև նրա մարմնի տարբեր հատվածները, որտեղ երևում են ստացած վնասվածքները), և անաչառ դիտողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոստիկաններն են նախահարձակ եղել խաղաղ ցուցարարների վրա, իսկ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հարձակմանը հաջորդած իր հայտարարությամբ ողջունել է ոստիկանության այսպիսի «վայրագ ու անմարդկային» գործողությունները։ Ըստ էության ահա այս նարատիվի սպասարկումն է Մամիջանյանի անոնսած քննիչ հանձնաժողովի ստեղծման գլխավոր մոտիվը։

Հիշողության թարմացում

Քանի որ հիշել ենք 2008-ի դեպքերն ու ոստիկանների վայրագ գործողությունները, ապա ևս մի քանի հիշեցում «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունից, ավելի ճիշտ՝ դրանում առկա՝ մասնավորապես ոստիկանությանն առնչվող առաջարկություններից, որոնց կատարման համար այն ժամանակ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դիմելէր վարչապետ Տիգրան Սարգսյանին: (Նկատենք՝ առաջարկությունները, որոնք առնչվում էին տարբեր ոլորտների, այդ թվում կոռուպցիայի դեմ համակարգային պայքար մղելուն, թվով 30-ն էին)։ Մասնավորապես՝ «կատարել ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ գտնվող հատուկ միջոցների տեխնիկական և որակական հատկանիշների ստուգում՝ որոշելու դրանց պիտանիությունը, և ոչնչացնել այդ չափանիշներին չհամապատասխանող բոլոր հատուկ միջոցները»: «Ոչնչացնել ժամկետանց «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցները» (դրանց հետևանքով, հիշեցնենք, 3 քաղաքացի է զոհվել)։
«Ժամանակավոր հանձնաժողովի տրամադրության տակ եղած տեսանյութերում առկա կադրերում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ ուժի կիրառման բոլոր դեպքերը դարձնել պատշաճ քննության առարկա»:

«Անցկացնել ոստիկանության աշխատակիցների համապատասխան դասընթացներ լրագրողների հետ աշխատանքի կազմակերպման առումով, այն հաշվով, որպեսզի ոչ միայն չսահմանափակեն, այլև ապահովեն և ցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն լրագրողների կողմից իրենց մասնագիտական գործունեությունը արդյունավետ իրականացնելու առումով»: Ահա այսպիսի որակի ու մակարդակի ոստիկանություն ունենալու պայմաններում է, որ տեղի ունեցավ «Մարտի 1»-ի ողբերգությունը։

Հանձնաժողովն, ի դեպ, իր եզրակացության «Եզրահանգումներ»-ում նշել էր, որ «չեն պարզվել այն ոստիկանները, ովքեր իրադարձությունների ընթացքում ֆիզիկական ուժ և բռնություն են գործադրել զանգվածային միջոցառման մասնակիցների նկատմամբ։ Չեն պարզվել, քրեական գործ չի հարուցվել ԱԱԾ այն երկու աշխատակցի նկատմամբ, որոնք Ազատության հրապարակում բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ»։

Հ. Մանուկյան