Սերժ Սարգսյանի օրոք Արդարադատության փոխնախարար, ապա՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, հետո էլ՝ ԼՂՀ ՄԻՊ աշխատած, ապա նաև՝ թավշյա հեղափոխությունից հետո (2018 թ․ սեպտեմբեր) իր վերջին պաշտոնից հրաժարական տված ու ընդդիմադիր փաստաբանի կարգավիճակում այժմ էլ նախկին իշխանության ներկայացուցիչների ու աջակիցների շահերը պաշտպանող մի սուբյեկտ կա՝ Ռուբեն Մելիքյան անունով։
Սուբյեկտն այս նախօրեին բացել է իր՝ խոսքի համար պատասխանատու օրգանն ու ․․․․տխուր, դառն ու գարշահոտ մտքեր արտաբերել Գյումրիում կայացած ուրախ մի միջոցառման, դրա շրջանակներում համերգային ծրագրով հանդես եկած երգիչ-երգահան Թաթա Սիմոնյանի հասցեին։ Կարճ ասած՝ «Թաթա է քրֆել»՝ առանց դրա համար պատասխանատվության կանչվելու։ Ենթադրում ենք՝ առայժմ։ Թեև ատելություն, վիրավորանք ու ընդհուպ հայհոյանք պարունակող խոսքի տիրաժավորումը մեր սկզբունքներին դեմ է, բայց բացառության կարգով մեջբերենք պետության անունից իրավապաշտպան առաքելություն իրականացրած սուբյեկտի խոսքը․ «Թաթա անունով ծախված ոչնչության Գյումրիի համերգը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ հայ ազգի արժանապատվությունը նվաստացնելուն, ինքնությունը ոչնչացնելուն, ինքնագնահատականը զրոյացնելուն ուղղված հերթական ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ օպերացիան։ Կազմակերպիչը ՀՀ իշխանությունը զավթած հակահայ խմբակն էր։ «Մասսովկան» էլ հիմնականում կողքի գյուղերից բերված միամիտ մարդիկ։ Օպերացիայի նպատակներից մեկն էլ գյումրեցիների նկատմամբ դժգոհության ու վատաբանության ալիք ստեղծելն էր, որը ցավոք «փայլուն» հաջողվեց։ Ուստի խնդրում եմ կենտրոնանալ այս պատմության բուն էության ու նպատակի վրա, իսկ գյումրեցիներին հանգիստ թողնել։ Տեսնես թաթայի ծնո՞ղն իրեն ոնց է զգում, թաթայի ծնո՛ղը»։
Ֆեյսբուքյան սույն գրառումն, անխոս, խղճահարություն ու նողկանք է հարուցում հանդեպ դրա հեղինակը, հատկապես հաշվի առնելով այն դիրքը, այն պատասխանատու պաշտոնները, որոնք վերջինիս վստահել են նախկին ռեժիմի օրոք։ Բայց նողկանքն ու խղճահարությունը մի կողմ դնելով թերևս պետք է կենտրոնանալ «այս պատմության բուն էության և նպատակի վրա»․ Մելիքյանի գրառման մոտիվն ամենևին էլ «մեղավոր հանված» (իր մի խումբ ընդդիմադիր ընկերների կողմից՝ համերգին մասնակցելու համար) գյումրեցիները կամ «մասսովկա» դարձած «շրջակա գյուղերի միամիտ բնակիչների» իրավունքները պաշտպանելը չէ։ Ոչ էլ հայ ազգի՝ «նվաստացված արժանապատվության», «ոչնչացված ինքնության» վերականգնումը։
Այլ այն հանգամանքը, որ երգիչը մասնակցել է մի համերգի, որը կազմակերպվել է պետական իշխանության հովանավորությամբ ու հատկապես մասնակցությամբ։ ԼՂՀ նախկին ՄԻՊ-ը, մեծ հավանականությամբ, Թաթային չէր «նախշի», նրա ծնողին չէր «հիշի», եթե միջոցառումը տեղի ունենար որպես երգչի հերթական համերգ որպես։ Մելիքյանն ու ի դեմս նրա՝ նախկին իշխանության քարոզչական «տասովշիկները» թունավորվել են այն հանգամանքից, որ համերգը քիչ է, որ կայացել է իշխանության հովանու ներքո, այլ, ինչպես գրառման հեղինակն է իր «բացատրական լայֆում» նշում՝ վերածվել անձամբ Նիկոլ Փաշինյանի PR-ի, «որի նպատակը ցույց տալն էր, թե Հայաստանում ժողովուրդը ուրախանում է, հաշտ է այս մահաբեր ընթացքի հետ»։
«Սա օգտագործեցին որպես առիթ, որպեսզի ցույց տան, թե մարդիկ տեսեք ո՜նց են ուրախանում, սա քաղաքական օրակարգի հարց ա։ Խնդիրը էն չի, որ մարդիկ համերգին են գնում, չէ, սա ցուցադրական հարց ա։ Այսինքն, էստեղ էն չի, թե ինչի են մարդիկ համերգ տալի, եթե մարդիկ երգիչներ են, բնականաբար էլ նրանք պետք է համերգներ տան, դա բան չի։ Բայց կոնկրետ էս համերգը, սա համերգ չէր, սա քաղաքական PR ակցիա էր ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը օկ է, ինչ ուզում եք, արեք, ախպեր, անվտանգությունը սենց վիճակում չենք պատկերացնում՝ ինչ ա լինելու, բոլորի հետ կռված, բոլորի հետ վիճած, ոչնչության դերում ենք միջազգային հարաբերություններում, բայց մարդիկ ուրախանում են, հլը տեսեք։ Եվ Թաթան էն մարդն ա, հլը մի կողմ թողնենք էս համերգը, ինքը ասելիք ունի, ինքը 2018 թվականին պատասխանատվություն ա ստանձնել էս իշխանությունների համար էդ իրա հայտնի երգով՝ «էսքան ուրախ չէի տեսել հորս ու մորս»։
Դրա համար են հիմա մարդիկ հարցնում՝ ծնողդ ոնց ա, Թաթա։ Եվ սա ինքը մի կողմ թողած գնացել ա, երկրորդ անգամ դարձել ա էս իշխանությունների քաղաքական գործիքը։ Ուրիշ մարդիկ չկա՞ն, դիմել են, բայց էդ մարդիկ մերժել են։ Էդ մարդը չի մերժել։ Ինքը օկ ա էս ամեն ինչի հետ, դրա համար ինքը ենթակա ա հանրային պարսավանքի, սա ա հարցը»։
Ինչ է ստացվում՝ Սերժ Սարգսյանի նախկին կադրը, փաստորեն, իրեն վերագրել է «բարոյաքննիչի» ֆունկցիա ու հանրային պարսավանք է փորձում սանձազերծել մեկի հանդեպ, որը, որպես մշակութային գործիչ, իր առաքելությունն է իրականացրել՝ երգել է իր հանդիսատեսի համար։ Ճիշտ այնպես, ինչպես Մելիքյանն է իր առաքելությունն իրականացնում՝ պաշտպանելով իր վստահորդներին՝ առանց իր այդ գործունեության համար հանրային պարսավանքի արժանանալու, առանց անբարոյականության ու սիմուլյանտության մեջ մեղադրվելու։ Նա, ի դեպ, երբ նախկին ռեժիմի օրոք պաշտոններ էր զբաղեցնում, Սերժ Սարգսյանի, նրա գլխավորած նախընտրական կոմպանիաները ծաղկեցնում էին շոուբիզնեսի ծաղկաբույլի հայտնի ներկայացուցիչները՝ Նունե Եսայան, Շուշան Պետրսյան, Արսեն Գրիգորյան (ցանկը հսկայական է)։
Չենք հիշում, որ Մելիքյանն այդ օրերին ստատուս գրեր կամ լայվ մտներ ու նրանց անվաներ ընտրությունների արդյունքները տոտալ կեղծելու արդյունքում իշխանությունը բռնազավթած Սերժի «քարոզչական գործիքներ», նրա վերարտադրման համար պատասխանատուներ, այն դեպքում, երբ այդ մարդու կառավարած երկրում մարդու իրավունքները աղետալի վիճակում էին (արդարադատության նախարարի նախկին տեղակալը ի պաշտոոնե է տեղեկացված այդ մասին ու եթե բարոյականություն ունի՝ կհաստատի մեր խոսքերը) դատական համակարգը՝ ողբալի, պետական թալանը, կոռուպցիան ու հովանավորչությունը՝ սոսկալի ու զազրելի ծավալների․․․Մելիքյանի համար այս ամենը վստահաբար «օկ» էր, քանի որ իրեն վստահված պաշտոնում նա հով ու ապահով «լռված» էր, ինչպես ասում են՝ կուշտ էր ու գոհ, հետևաբար, երկրում տիրող աղտեղությունների ու խայտառակության մասին խոսեր, Սերժ Սարգսյանի տոնը խանգարեր, որ ի՞նչ աներ․․․
Մելիքյանն ու դեմս նրա՝ նախկին իշխանության քարոզչական «տասովշիկները» այժմ ազատ են իրենց մտքերն արտահայտելիս, ընդհուպ՝ մառազմի ու անբարոյականության «մաստել կլասս» ցուցադրելիս, քանի որ զրկվել են պետական պաշտոններից, կուշտ ու գոհ վիճակ պարգևող ատրիբուտներից, և նրանց միակ պաշտոնն ու առաքելությունը երկրում գաղջ մթնոլորտ հարուցելն է, թշնամանք ու ատելություն տարածելը (միաժամանակ ճամարտակելով հաշտության, հանդուրժողականության օրակարգի մասին), իրենց ռազմահայրենասիրական խրախճանքներին չմասնակցող գործիչներին թիրախավորելն ու այդ ամենի համար իրավական պատասխանատվություն չկրելը։
Օբյեկտիվ հարց է ծագում՝ տեսնես Մելիքյանի ընտանիքն ու մասնավորապես նրա ծնողներն իրենց ինչպե՞ս են զգում գրառման հեղինակի դաստիարակության մասին վկայող՝ խոսքի՝ վերաբերյալ ստորակարգ մշակույթին առնչվելիս։
Հ․Գ․ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ թիրախավորվում ու անլվա խոսքերի են արժանանում իշխանության հետ հաշտ, այսինքն՝ նրանց չհայհոյող, նրանց ձեռքը սեղմող, իրենց մասնակցությամբ միջոցառումներին հրավիրող մշակույթի գործիչները։
Շաբաթներ առաջ նման մի նողկալի արշավ էլ սկսվել պարուհի Սոֆի Դևոյանի դեմ, միայն այն բանի համար, որ նրա 70-ամյակի միջոցառմանը մասնակցել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ժամանակ առաջ էլ ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը նախագահի նստավայրում հանդիպում էր կազմակերպել մի խումբ մտավորականների հետ, մասնավորապես՝ դերասան Ռաֆայել Քոթանջյան, Հովհանես Չեքիջյան, Նարա Շլեպչյան, Ռոբերտ Ամիրխանյան, և նախկին ռեժիմի պրոպագանդիստները՝ փեսա Միքայել Մինասյանի մոտ աշխուժակ աշխատողներից սկսած մինչև այդ ոլորտում հմտացած «վետերաններ», վաստակաշատ այս գործիչներին անվանել էին «Նոյի թվի թոշակառուներ», «փոքրապատիվ մուրացկաններ», «Ալեն Սիմոնյանին բավարարելու համար մայմունություններ անող, քծնող, խոնարհվող»-ներ, «Ալիևի հետ էլ սեղան նստելու պատրաստ ազգի թափոն»-ներ, «փալաս» և այլն..․
Այնպես որ, Ռուբեն Մելիքյան անունով պերսոնն իր վարքագծով՝ վիրավորել ու հայհոյել վաստակ ունեցող անձանց, օրիգինալ չէ։
Հ․ Մանուկյան
Բաց մի թողեք
Հանրությունը էդպես էլ չիմացավ՝ Փաշինյանն էր ճի՞շտ՝ նախկինները պատերազմը նրա «ջեբը քցեցին», թե՞ …
Բոլորը սպասում են «մոլլապետության ինքնափլուզմանը»
Փաշինյան – Պուտին հանդիպում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգում