Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված` զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական վարույթով իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը:
«Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին:
Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և, լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը, մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ն.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի՝ հրազենային վնասվածքով դին:
Կարենը 23 տարեկան էր, Ոսկեվազ համայնքի բնակիչ: Նա կոչումով լեյտենանտ էր։ Ավարտել էր ռազմական համալսարանը։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ