23/12/2024

Հիասթափված եմ անարդարությունից. Արթուր Ալեքսանյանը մեկնաբանել է՝ ինչու է հանել մեդալը պարգևատրումից հետո

Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն առաջին մեկնաբանությունն է տվել եզրափակիչ գոտեմարտից հետո:

«Այստեղ ոսկե մեդալի համար էի եկել, բայց բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց իմ գոտեմարտի ժամանակ: Դրվագներից մեկում իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել, և ես մարզիչներին ասացի, որ բողոքարկեն: Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ:

Չկար լարվածություն, քանի որ սա իմ երրորդ եզրափակիչն էր և չորրորդ Օլիմպիական խաղերը: Պարզապես այսպիսի մրցաշարերում, այն էլ՝ եզրափակչում, անգամ թեթև մանրուքները կարող են լուրջ հարցեր լուծել»,- ասում է Արթուր Ալեքսանյանը:

Այդուհանդերձ, Ալեքսանյանն ընդգծում է՝ կշարունակի մարզական կարիերան, թեև մրցավարական կողմնակալություններն ու անարդարությունները հիասթափեցնող են. «Այո, այս անարդարություններից շատ եմ հիասթափվել, բայց դեռ կմնամ ըմբշամարտում:

Ընդ որում, կողմնակալությունները միայն իմ դեպքում չէին:

Սլավիկ Գալստյանը մաքուր հաղթանակ տարավ, մրցավարն արձանագրեց հաղթանակը, ու նա կարող էր դուրս գալ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, բայց այսօր Սլավիկը մնաց առանց մեդալի, քանի որ ինչ-ինչ պատճառներով գոտեմարտի արդյունքը փոխվեց:

Նույնն Արսեն Հարությունյանի պարագայում էր: Այն զգացողությունն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կար: Գիտեմ, որ բողոքարկում է եղել: Հուսամ՝ արդարությունը կվերականգնվի»,- ասել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում վաստակեց փոխչեմպիոնի տիտղոսն ու արժանացավ արծաթե մեդալի:

Մեդալների հանձնման արարողության ժամանակ Ալեքսանյանը ստացել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ու հանել այն կրծքից: