15/01/2025

Պուտինն ու Մեդվեդևը գլուխները կորցրել են, անկապ դուրս են տալիս

Չեչնիա այցելություն կատարած Վլադիմիր Պուտինն այցելել է Ախմաթ Կադիրովի գերեզման և Գուդերմեսում Ռուսական հատուկջոկատայինների համալսարանում հանդիպել պատերազմ մեկնող կամավորների հետ, հայտնում է Կրեմլը։ Նա նաև դարձել է հանրապետության պատվավոր քաղաքացի։

Ախմաթ Կադիրովի գերեզմանի մոտ, որը այցի ծրագրի առաջին կետն էր, Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչության ժամանակ զոհված հանրապետության ղեկավարը եղել է իր մտերիմ ընկերը, և նրան անվանել է «շատ տաղանդավոր, ազդեցիկ և կարգին» մարդ։ «Շատ բան արեց չեչեն ժողովրդի համար։ Կարծում եմ՝ զգալի չափով փրկեց չեչեն ժողովրդին»,- ասել է Պուտինը։

Հատուկջոկատայինների համալսարանում, որտեղ Պուտինը ժամանել է դրանից հետո, նա զրուցել է ռազմաճակատ մեկնելու պատրաստվող կամավորների հետ։ «Դուք ինքներդ ձեզ համար բարդ որոշում եք կայացնում։ Մի բան է կրակել այստեղ՝ հրաձգարանում, և մեկ այլ բան՝ վտանգի ենթարկել քո կյանքն ու առողջությունը: Բայց դուք ունեք Հայրենիքը պաշտպանելու ներքին պահանջ և նման որոշում կայացնելու քաջություն։ Եթե ​​դուք նման որոշում եք կայացրել, ուրեմն արդեն հաղթել եք»,- դիմել է Պուտինը կամավորներին։

Միաժամանակ, Կադիրովը, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինին հայտնել է, որ Չեչնիայում ձևավորվել է մի քանի տասնյակ հազարանոց պատրաստված մարտիկների ռեզերվ, որոնք պատրաստ են հրամանի դեպքում մեկնել ռազմական գործողության ​​գոտի։

Կուրսկի մարզի վրա Կիևի հարձակումից հետո Ռուսաստանը որևէ բանակցություն չի վարի Ուկրաինայի հետ՝ մինչև թշնամու ամբողջովին ջախջախում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Կուրսկի մարզի վրա նեոնացիստների կողմից կատարված ահաբեկչությունից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Որևէ մեկի կողմից լիազորություն չստացած միջնորդների դատարկախոսությունները հիանալի խաղաղության թեմայով դադարեցված են: Այժմ բոլորը ամեն ինչ հասկանում են, թեև բարձրաձայն չեն ասում: Հասկանում են, որ այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև թշնամու ամբողջովին ջախջախում»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը Telegram-ալիքում։