30/07/2025

Վրաստանի ադրբեջանցի ընտրողների կողմնորոշման խնդիրը հետաքրքիր է …

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ֆեյսբուքյան գրառումով դիմել է հայ և ադրբեջանցի ընտրողներին:

Երկրի ադրբեջանցի քաղաքացիներին ուղերձում նա, մասնավորապես, ասել է, որ չպետք է հավատալ նրանց, որոնք ասում են, թե ձեր քվեն ոչ մի նշանակություն չունի կամ իշխանությունը կիմանա, թե ում օգտին եք քվեարկել: Սաակաշվիլին ադրբեջանցի ընտրողներին կոչ է արել չվախենալ, գնալ ընտրատեղամաս և քվեարկել ընդդիմության օգտին:

Սաակաշվիլին Վրաստանի ադրբեջանցիների հետ համագործակցության հարուստ փորձ ունի և, հավանաբար, առաջնորդվում է այն կանխավարկածով, որ նրանք ավանդաբար պահպանողական են և հիմնականում հետևում են ստացված հրահանգներին: Այս իմաստով Վրաստանի ադրբեջանցի քաղաքացիների շրջանում մեծ է նաև Բաքվի իշխանության ներկայացուցիչների ազդեցությունը:

Այս իրավիճակում վրացական Pirveli հեռուստաընկերությունը Գարդաբանիում «Վրացական երազանք» իշխող կուսակցության կազմակերպած հանրահավաքին ֆիքսել է Չեչնիայի ղեկավար Կադիրովի մերձավոր ընկեր Զաբիթ Սամեդովի ներկայությունը:

Վերջինս էթնիկ ադրբեջանցի է, բռնցքամարտիկ, որ հայտնի է «Մաուգլի» կեղծանունով: Նա մշտապես բնակվում է Գրոզնիում և որպես մարզիկ վայելում է Կադիրովի հովանավորությունը: Վրացական հեռուստաընկերությունը պարզել է, որ նա Քվեմո Քարթլի է գործուղվել անձամբ Կադիրովի ցուցումով:

Ըստ տեղեկությունների՝ Զաբիթ Սամեդովը Քվեմո-Քարթլիի ադրբեջանցի բնակչության շրջանում մեծ հեղինակություն է վայելում և նրան հանրահավաքի է տարել Վրաստանի խորհրդարանի իշխող կուսակցությունից պատգամավոր Սավալան Միրզոևը:

Հեռուստաընկերության հարցմանն ի պատասխան Դմանիսիի քաղաքապետն ասել է, որ հարգանքով է վերաբերվում Սավալան Միրզոևին, բայց տեղյակ չէ, որ կադիրովականները մասնակցում են Վրաստանի ընտրական գործընթացներին:

Վրաստանի ադրբեջանցի ընտրողների կողմնորոշման խնդիրը հետաքրքիր է նրանով, որ անցած կիրակի ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցել է նաև «Վրաստանի ադրբեջանցի մտավորականների խորհուրդ» կոչվող կառույցը, որն ավելի քան մի քանի ամիս առաջ է կազմավորվել:

Հանրահավաքին ելույթ է ունեցել այդ կառույցի ներկայացուցիչ Հասանովան, որ վերջում վրացերենից անցել է ադրբեջաներենի և հայրենակիցներին կոչ արել հանուն միասնական հայրենիքի ազատության և բազմազանության՝ քվեարկել ընդդիմության օգտին:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում ադրբեջանցի շուրջ 200 հազար ընտրող կա գրանցված։ Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա ադրբեջանցի ընտրողների քաղաքական կողմնորոշումն իրոք կարող է քվեարկության արդյունքների վրա նշանակալի ազդեցություն ունենալ:

Ամենայն հավանականությամբ, այդ հարցում գործի է դրվելու նաև պաշտոնական Բաքվի ազդեցության գործոնը: Քվեմո Քարթլին սահմանակից է Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆայի շրջաններին: Վերջին չորս տարիներին, սակայն, կապված Ադրբեջանի կողմից ցամաքային սահմանը փակելու հետ, մարդկային շփումները հասել են նվազագույնի:

Քաղաքական ի՞նչ կողմնորոշում կդրսևորեն Վրաստանի ադրբեջանցի ընտրողները: Ըստ երևույթին՝ մեծամասնությունը կքվեարկի իշխող «Վրացական երազանքի» օգտին: Ի դեպ, այդ կուսակցությունն ընտրապայքարին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որ նախընտրական ցուցակում անցողիկ տեղ է հատկացրել պատգամավորության թե հայ, թե ադրբեջանցի թեկնածուների: