21/11/2024

Թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը, կոտրել դռները, տարել նաև խաչեր․ Լուսանկար

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը:

Մինչ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, որը հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը:

Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է, իսկ հանցագործները վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել այնտեղ, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով՝ հափշտակել հավաքված հանգանակության գումարը, ապա երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ:

Այնուհետև բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: