22/11/2024

«Եվրոպան չպետք է վախենա Թրամփի հաղթանակից». Շառլ Միշելը՝ Երրորդ համաշխարհայինի իրական սպառնալիքի մասին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը դեկտեմբերի 1-ից հեռանում է պաշտոնից, Երրորդ համաշխարհային պատերազմի սկսման վտանգը «իրական» է համարել և կոչ է արել խուսափել դրանից։

«Ոչ մի կասկած չկա, որ մենք ծայրահեղ վտանգավոր պահ ենք ապրում ոչ միայն Եվրոպայի համար, այլև ամբողջ աշխարհի։ Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է, բայց մենք կարող ենք և պետք է խուսափենք դրանից։ Դեռ հնարավոր է փոխել պատմության ընթացքը»,- ասել է Միշելը Soir թերթին տված հարցազրույցում։

Բրյուսելի պաշտոնյան չի հստակեցրել, թե ում է տեսնում որպես հնարավոր հակամարտության մասնակիցների։

Միաժամանակ Միշելը կոչ է արել ռազմական շինարարությունը դարձնել Եվրամիության հետագա տրանսֆորմացիայի հիմնական տարրերից մեկը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «հայտնագործել նոր եվրոպական երազանք», որը հիմնված կլինի տնտեսական հզորության, անվտանգության ու պաշտպանության ոլորտների առաջնահերթ զարգացման վրա։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Եվրոպան վերածվի կարոտի և հպարտության թանգարանի՝ հրաշալի անցյալով»,- կարծում է նա։

Խոսելով ԱՄՆ ընտրությունների մասին՝ Միշելն ընդգծել է, որ «ռացիոնալ տեսանկյունից (նախագահի թեկնածուներ Դոնալդ) Թրամփը և (Քամալա) Հարիսը միանման են բազմաթիվ տնտեսական հարցերում», ուստի Եվրոպան չպետք է վախենա Թրամփի հաղթանակից։