27/12/2024

ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում համընկնում են, թե ինչքանո՞վ կօգտվենք, կախված է մեզնից. Արամ Սարգսյան

ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում, բարեբախտաբար, համընկնում են ու դրանից օգտվելու հնարավորություն, անկասկած, կա: Թե ինչքանո՞վ կօգտվենք, կախված է մեզնից, մեր ճիշտ աշխատանքից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Ջո Բայդենը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, զսպեց նոր պատերազմը Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի հետ մտնելով առճակատման դաշտ։ Նա շատ հայանպաստ նախագահ է և շնորհակալություն Բայդենին ու դեմոկրատներին…

Միևնույն ժամանակ՝ Դոնալդ Թրամպը 2020-ին առաջարկեց սկանդինավ խաղաղապահներ, մենք հրաժարվեցինք։ Թրամպը քարոզարշավի ժամանակ խոսեց ՀՀ-ի մասին՝ խոստանալով խաղաղության հասնել, ԼՂ-ն անվանեց Արցախ, արցախահայությանն էլ՝ բռնի տեղահանվածներ, խոսեց քրիստոնյա եղբայրությունից և աջակցությունից…

Իհարկե, դեմոկրատները, մեր պարագայում, ավելի կանխատեսելի էին, բայց Հանրապետականների հաղթանակից ծայրահեղությունների գիրկը ընկնելն էլ ճիշտ չէ, հաստատ աշխարհի վերջը չէ…

Նման տրամադրություններ տարածելը հիբրիդային պատերազմի համատեքստում է և նպատակ ունի ընկճել մեզ, միանշանակ ձեռնտու է թշնամուն։ Մեր պահվածքը պետք է լինի հակառակը, առավել ևս, որ ԱՄՆ-ը շահեր ունի աշխարհի ցանկացած երկրում, դրանք փոխկապակցված են և երկարաժամկետ…

ՀՀ-ի և ԱՄՆի շահերը մեր տարածաշրջանում, բարեբախտաբար, համընկնում են ու դրանից օգտվելու հնարավորություն, անկասկած, կա, իսկ թե ինչքանո՞վ կօգտվենք, կախված է մեզնից, մեր ճիշտ աշխատանքից։

Աստված օրհնի Հայաստանը»,- ասված է գրառման մեջ։