14/11/2024

Ըստ Բաքվի բռնապետի, որոնք են Հայաստանի ռևանշիստական քայլերը, որոնցից ինքը վախենում է

Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը «շնորհ է արել» և կամուֆլյաժով ու «երկաթե բռունցքի» խորհրդանշանով Շուշի կամ Ստեփանակերտ չի մեկնել, նախընտրել է տիկնոջ և «գահաժառանգի» հետ այցելել Բաքվում հիմնադրած «Հաղթանակի այգի» և այնտեղից ուղերձ հղել, որ Հայաստանում պետք է իր խոսքերի գինն իմանան և եթե փորձեն Ադրբեջանի հետ խոսել ռևանշի լեզվով, ապա կխայտառակվեն ոչ միայն իրենք, այլև իրենց թիկունքին կանգնածները:

Ալիևին ասել է, որ Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ, երկրի տարածքային ամբողջականությունը սահմանի ողջ երկայնքով վերականգնված է: Նա, սակայն, հավելել է, որ որոշ ուժեր փորձում են Հայաստանը ներկայացնել որպես խաղաղության աղավնի և Ադրբեջանին ստիպում են մոռանալ երեսնամյա օկուպացիան: Ալիևը հակադարձել է, որ Ադրբեջանում ոչ ոք դա երբեք չի մոռանա, մոռանալու իրավունք չունի, ներկա և ապագա սերունդները դա պետք է միշտ հիշեն:

Ադրբեջանի նախագահը, եթե հիմք ընդունենք Բաքվի մամուլի փոխանցած տեղեկությունը, հայ-ադրբեջանական բանակցությունների, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների և մոտ կամ տեսանելի հեռանկարի մասին ոչինչ չի ասել: Ըստ երևույթին՝ նա բավարարվել է այնքանով, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերցումը նույնպես իր խոսքն է, որին Հայաստանում պետք է հավատան:

Իր երկրում և անձամբ իր համար էյֆորիկ օրով նման ելույթը, մանավանդ դինաստիական իշխանության ցուցադրման ֆոնին, կարելի է, ռուսների ասած՝ в порядке вещей համարել, եթե դրան նախորդած չլիներ Հայաստանի «ինքնասպանության ճանապարհի» մասին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարությունը, որտեղ ուղղակի մեղադրանք է հնչեցված Միացյալ Նահանգների հասցեին այն իմաստով, որ Վաշինգտոնը ձգտում է Հայաստանին կտրել հարևաններից, նրա տնտեսական զարգացումն ապահովող ԵՏՄ-ից՝ նրան մղելով ընտրել «ինքնասպանության ճանապարհ»:

Ադրբեջանի նախագահը, եթե մի կողմ թողնենք նրա խոսքի վերամբարձ ոճը և ինքնագովեստի բազմաթիվ շեշտադրումները, փաստացի ասում է այն, ինչ ՌԴ ԱՀԾ-ն: Այն է՝ Հայաստանը տարածաշրջանից դուրս անվտանգության գործիքակազմ, տնտեսական հեռանկար և քաղաքակրթական ընդհանրություններ չպետք է փնտրի: Ալիևը Հայաստանի այդ քայլերը գնահատում է որպես արտաքին միջամտությամբ ռևանշի հասնելու քաղաքականություն, իսկ ՌԴ ԱԴԾ-ն՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու, նրա աշխարհաքաղաքական շահերը սահմանափակելու արևմտյան նախագծումներին աջակցություն:

Իսկ եթե մոտեցումների այս նույնականությունը համադրենք հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումն արագացնելու նախաձեռնության ոչ արդյունավետության մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի տեսակետին, ապա կստացվի, որ կամ Մոսկվան բացահայտ խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, կամ այդ հարցում նրա և Բաքվի շահերը լիովին համընկնում են:

«Չմոռանալ երեսնամյա օկուպացիայի մասին»՝ թարգմանաբար նշանակում է «միշտ պատրաստ լինել պահի, երբ Հայաստանի տարածքի մի մասն օկուպացնելու առիթ և հնարավորություն կստեղծվի»: «Հայաստանն ընտրում է ինքնասպանության ճանապարհ»՝ նշանակում է, որ Ռուսաստանը «կարող է Ադրբեջանին նման հնարավորություն տալ»: Կամ առնվազն դրա համար բավարար պայմաններ ստեղծել: Ալիևի՝ նոյեմբերի 8-ի ծածկաթերթիկը, այսպիսով, երկու առաջ գրել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Մի բան, որ իրեն նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը թույլ չի տվել:

Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը ե՞րբ և ո՞ր հատվածից է սկսվելու: Մեղրիի՞ց: