22/12/2024

Թուրքիան ստիպված է «խաղալ» պարտքով կամ՝ «բլեֆով»

Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեին, որը Նիդերլանդների վարչապետն էր մինչ այդ պաշտոնում հայտնվելն ու հենց Թուրքիա էր այցելել թեկնածության հարցում վճռորոշ համաձայնություն ստանալու համար:

Թուրքիայի համաձայնությունն էր լինելու նշանակալին, որպեսզի Ռյուտեն ստանձներ ԳՔ պաշտոնը: Այժմ նա այդ պաշտոնում առաջին այցն է կատարում Թուրքիա, որը տեղի է ունենում հատկանշական ժամանակահատվածում:

Դրա արտահայտումն է նաև այն, որ Էրդողանը նրան ընդունում է Պուտինի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց: Կա՞ր այդպիսի հաշվարկ նրա գործողություններում՝ ընդունել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո: Սա Թուրքիայի համար զուտ ժամանակագրական հարց չէ: Անկարան տևական ժամանակ փորձում է վերգտնել այն «միջնորդական», իսկ իրականում միջանկյալ խաղի դիրքը, որ ուներ ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին:

Մեծ հաշվով, Անկարան այդ դիրքը կորցրեց 2023-ի ամռանը, երբ Արևմուտքի հետ գործարքի շրջանակում հավանության արժանացրեց Շվեդիայի անդամությունը ՆՍՏՕ-ին, ինչը Ռուսաստանի համար էական նշանակություն ունեցող հարց էր: Դրանից հետո նկատելի սառել է ռուս-թուրքական հարաբերությունը և Պուտինը, օրինակ, ավելի քան մեկ տարի հրաժարվում է Թուրքիա այցելելուց, ինչին շատ սպասում է Էրդողանը:

ՌԴ նախագահի հետ նրա հեռախոսազրույցն արդյո՞ք տվել է կրկնակի սակարկման հնարավորություն, բարդ է ասել, հատկապես, որ Էրդողան-Պուտին խոսակցության օրակարգը, իհարկե, բավականին ընդգրկուն է և այնտեղ միայն Ուկրաինան չէ: Ռյուտեն հանդիպումից հետո հայտարարել է, որ օրեցօր անկանխատեսելի դարձող աշխարհում Թուրքիան անգնահատելի ավանդ ունի ՆԱՏՕ-ում՝ ապահովելով հարավային թևի անվտանգությունը:

Այդ դերն Անկարան կարողանո՞ւմ է վաճառել Ռուսաստանի վրա, թե՞ Մոսկվան հրաժարվում է այդ «ապրանքից», քանի որ այժմ, կարծես թե, խաղադրույքները բավականին բարձրանում են, որոնց հետևից հասցնելն այլևս դառնում է Թուրքիայի ուժերից վեր: Այլ կերպ ասած, որքան բարձրանում են խաղադրույքները, այնքան Թուրքիան ստիպված է «խաղալ» պարտքով կամ «բլեֆով», ինչը երկու դեպքում էլ Անկարայի համար խնդիր է: