23/12/2024

Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողնների կողմից՝ բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ, իրականացված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ բացահայտվել է նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած գողության դեպքը։

Այդ օրը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատից գողացել էին շենքի ջեռուցման համակարգերը և ջեռուցման մարտկոցները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից մեկ օր անց՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատի վարչական շենքից ջեռուցման համակարգերի և ջեռուցման մարտկոցների գողությունը կատարել է Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Վ․-ն։

Նույն օրը վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ինքն իր ծանոթներ Վանաձոր քաղաքում բնակվող «ղարաբաղցի Ռոմկան»՝ մականունը՝ «Ճուտ», Արոն, Սարոն, Տիկոն և Գեղամը նախորոք պայմանավորվելով նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, հանդիպել և Գեղամի մուգ կապույտ գույնի, առանց համարանիշների ավտոմեքենայով գնացել են վերոգրյալ մշակույթի պալատ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսաներ և ջեռուցման մարտկոցներ:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերոգրյալ անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։