«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նախօրեին ԱԺ ամբիոնից ջանում էր կոռուպցիոների կամ պոտենցիալ կոռուպցիոներների պիտակ փակցնել իշխանության որոշ ներկայացուցիչների, ընդհուպ հիշել էր այն՝ պոզով-պոչով, բայց իրականում՝ անպոզուպոչ այն «կենդանուն», որի մասին ժամանակին խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ անելով պատկերավոր համեմատություն։
Ի դեպ, Գրիգորյանին թերևս պետք է հորդորել Փաշինյանի բնորոշումներին հղումներ անելիս պահպանել ճշգրտությունն ու վերարտադրել ասվածի համատեքստը։
Եվ ուրեմն, 2019-ին Փաշինյանը մասնավորապես ազդարարել էր․ «Նույնիսկ մեր ամենամերձավոր քաղաքական թիմի անդամները չեն ունենալու ներում և բեկում՝ կոռուպցիայում ներգրավվելու պարագայում։ Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի, և այս առումով խնդիրն ավելի է բարդանում։ Կոռուպցիայի մեզ ակնհայտ ձևերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում՝ լինել երաշխավորված կոռուպցիայի մեջ ներքաշվելուց․․․»։
Ըստ ֆանտաստ ժանրում «ստեղծագործող» Գրիգորյանի՝ Փաշինյանը տարիներ անց ընկերացել է այդ «կենդանու»՝ մոնստրի հետ, «իր մշտական ընկերը դարձրել», և «որևէ քննարկում իրական փոփոխություններ կոռուպցիայի դեմ պայքարի մասով ընդհարապես չկա»։
Տիկինն այնուհետ փորձեց ապացուցել, թե «ինչպես է այս իշխանությունը ոտից գլուխ թաթախված կոռուպցիայի մեջ» և, ի դեպ, ելույթի ժամանակ լեզվական սայթաքում ունեցավ՝ «Ռոբերտ Խաչատրյան»-ը արտաբերելով «Ռոբերտ Քոչարյան»։ («Ռոբերտ» անունը պատգամավորի ենթագիտակցությունը, փաստորեն, ասոցացնում է կոռուպցիայի հետ)։
Թվում էր՝ «Իմ քայլ»-ը դաշինքի կազմում ժամանակին մանդատ ստացած Գրիգորյանը, հաշվի առնելով, թե այժմ ո՞ր պերսոնի կուրացիայի տակ գործող խմբակցությունն է ներկայացնում, պետք է ձեռնպահ մնար այդ զազրելի երեւույթը բնորոշող տերմինը՝ «կոռուպցիա»-ն, հոլովելուց։ Այդ պերսոնն ու նրան փոխկապված անձինք, որոնցից մեկն էլ Գրիգորյանի մանդատավոր կոլեգան է, հիշեցնենք, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողի կարգավիճակ ունեն։
Ինչն է ուշագրավ՝ այսքան տարի Քոչարյանի առաջնորդած խմբակցության անդամը հանդիսացող պատգամավորը, որն այդքան ուշադիր ու նախանձախնդիր է ՔՊ-ականների կոռուպցիոն «հակումների» բարձրաձայնման հարցում, չի հետաքրքրվել՝ հարց չի հղել իր քաղաքական պատրոնին վերջինիս ունեցվածքի մասին։
«Եթե էդ հարցադրման նպատակահարմարությունը գտնեմ, այո, կխոսեմ, հետագայում նաև ձեզ հետ կխոսեմ։ Բայց ես կարծում եմ՝ դուք ինքներդ հնարավորություն ունեք էդ հարցադրումները նաև ներկայացնելու։ Եվ, իմիջիայլոց, դուք հիշում եք, տարիներ շարունակ 4 միլիարդի (դոլար-խմբ․) պատմություն ա եղել, իմ հիշելով՝ ինչքան հայտնի գործարաններ և այլն կային, իր անունը փոխկապակցված էր, հիմա որևէ խոսք դրա մասին չկա, բայց կա անունով իրավական գործընթացներ, հասկանում ենք՝ իրենք իրենց էության մեջ քաղաքական գործընթացներ են ․․․»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ի պատասխան հարցի՝ հետաքրքրվե՞լ է՝ որքան է և ինչպես է ձևավորվել Քոչարյանի ունեցվածքը, ասաց Գրիգորյանը։
Անկեղծ ասած, վերջինիս վերլուծական կարողությունների մասին լավ կարծիք ունենք, բայց այդ կարողությունները, փաստորեն, ի դերև են ելնում, երբ բանը հասնում է երկրորդ նախագահի ունեցվածքի մասին դատողություններ անելուն։ Նույն անհեթեթ հակափաստարկը Քոչարյան ընտանիքին ռուսական կայքերից մեկի կողմից տարիներ առաջ վերագրված «4 միլիարդի» մասին, հնարք, որը սիրում են կիրառել նախկին նախագահի ընտանիքի անդամներից ոմանք https://www.facebook.com/watch/?v=458703504630637 ՝ ապացուցելու, թե, իրենց բնորոշմամբ՝ ռուսական «ճ» կլասի կայքի https://versia.ru/pochemu-vse-nyneshnie-popytki-normalizacii-zhizni-prostyx-grazhdan-armenii-obrecheny գրածը կեղծիք է, այլապես այն գործարանները, բանկերը և այլ գույքեր, որոնք տարիներ շարունակ վերագրվում էին իրենց, այժմ էլ կվերագրվեին դատարանում քննվող ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Մինչդեռ խոսքն ընդամենը չեղած-չերեւացած, չնչին մի գումարի մասին է, որը, ճիշտ է, էլի միլիարդներով է հաշվվում, բայց՝ հայկական արժույթով՝ 2,7 միլիարդ դրամ․․․․պյուս՝ մնացած եղած-չեղածը https://armtimes.com/hy/article/298019:
Ողջամիտ կասկածը, մինչդեռ, պետք է ստիպեր Աննա Գրիգորյանին հարց հղել ինքզինքը՝ տեսնես այդ ի՞նչ տեսակի, քանի՞ պոզ ու պոչ ունեցող կենդանու հետ է ընկերացել կամ բարեկամացել ՀՀ երկրորդ նախագահը, որ պրեզիդենտի «չոր աշխատավարձով» կարողացել է նման կարողություն դիզել։
Ասենք՝ քանի՞ գիշեր չի քնել, օրը քանի՞ ժամ է աշխատել նրա որդի Լևոն Քոչարյանը, որ 23 տարեկանում դարձել է (2008 թվականին) «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր (ըստ «թղթերի»՝ 60 տոկոս) և խորհրդի անդամ։ Ինչպե՞ս, քանի՞ գլուխ ունեցող «մոնստրի» և կամ չնաշխարհիկ կենդանու հետ ընկերանալու արդյունքում է, որ նրա ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը 2002թ-ից (այն տարիներից սկսած, երբ թանկագին հայրիկը ՀՀ նախագահն էր) զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս մի շարք ոլորտների ընկերություններում հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ է։ Արդյոք Սեդրակ Քոչարյանի երիտասարդ ձեռնարկատեր դառնալու գործում որևէ ազդեցություն ունեցե՞լ է կոռուպցիայի այս կամ օրգանը, թե՞ այդ գործում դեր են խաղացել «թանկարժեք տղայի» բացառիկ կարողությունները՝ «աղվեսի ճարպկությունը», «արծվի սրատեսությունը», «նապաստակի արագավազությունը», ինչու չէ նաև «գայլի նյուխը», «առյուծի երախն» ու «կոբրայի ֆշշոցը»։
Հ․Գ․ Իմիջիայլոց, կոռուպցիոն թեմաներով մտավարժանքի թեմա որպես Աննա Գրիգորյանին առաջարկում ենք ուսումնասիրել իր քաղաքական պատրոնի օրոք իրականացված աղմկահարույց, տասնյակ քաղաքացիների տնանկ դարձրած՝ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագիրը, առերեսվել դրա կոռուպցիոն դրսևորումներին ու դրանցում Ռ․ Քոչարյանի «թաթախվածության» աստիճանին։
Գրիգորյանին կարող են օգնել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի այս ուշագրավ բացահայտումները https://transparency.am/hy/media/news/article/3287։ Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության որոշումներով Երևանի քաղաքապետին թույլատրվել է հողամասերը տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով` նրա ձեռքը տալով կոռուպցիոն լծակ՝ պայմանավորվելու նաև հնարավոր անօրինական մուծումների և գործընթացների վերաբերյալ:
Այսպես, Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունից օգտվելով և «բանակցելով», հողատարածք է տրամադրել «Վիզկոն» ՍՊԸ-ին, որի տնօրեն Պավել Անդերսոնը 550.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է քաղաքապետարան այս մարմնի հետ ուղղակի առնչություն ունեցող մեկ այլ կառուցապատողի` Սիմոն Աղազարյանի միջոցով։
…Ընդ որում, Երևանի քաղաքապետն այս որոշումն ընդունել է՝ գերազանցելով իր լիազորությունը և փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության որոշման մեջ` ձեռքբերող ընկերություններից մեկի անունը`«Ավանտ-տուր» ՍՊԸ-ն փոխարինելով մյուսով` «Վիզկոն» ՍՊԸ-ով: Հետաքրքրական է նաև այն, որ մի շարք կառուցապատողներ իրենց կողմից կառուցվող շենքերի նախագծերը պատվիրել են 1999-2004 թթ. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի և քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, Երևանի կենտրոնի քաղաքաշինական ծրագրերի հեղինակ Նարեկ Սարգսյանին՝ վերջինիս վճարելով որպես մասնավոր անձի, կամ նրա վերահսկողության տակ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությանը:
Եվ թեև այս «պոզով-պոչով» այլանդակության մասին հայտնի էր դեռ շատ վաղուց, սակայն վարույթներ հարուցվեցին 2018-ի հեղափոխությունից հետո, օրերս էլ հայտնի դարձավ, որ խախտված իրավունքներով բնակիչներին փոխհատուցելու որոշում է կայացվել: Քննությամբ հիմնավորվել է, որ անշարժ գույք գնահատող ընկերության տնօրենը, օժանդակելով կառուցապատում իրականացնող ընկերության տնօրենին, գույքերը գնահատել է իրական շուկայական արժեքներից 2-6 անգամ ցածր:
Ե՛վ կառուցապատող, և՛ գնահատող ընկերությունների տնօրենները հիմա մեղադրյալ են: Մեղադրյալի աթոռին հայտնված սիրիահայ գործարար, կառուցապատող ընկերության սեփականատեր Ավետիս Ղարագուլյանին, օրինակ, ըստ մամուլի հրապարակումների ՀՀ էր բերել Սերժ Սարգսյանի երբեմնի դեսպան եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։
Հեղինե Մանուկյան
Բաց մի թողեք
Ֆրանսիայի հետ «սուվերեն մրցակցությունն» Ալիևին դրական ոչինչ չի խոստանա
Լևոն Քոչարյանը «քյոռփա» ժամանակ կամ` «առանց պպզել սեղանի տակ անցնելու» տարիքում
Միլիոնների գույք Դուբայում ու 3 քրեական վարույթ. հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը. Լուսանկար