05/02/2025

«Պուտինը պարտվել է. խաղաղության ժամանակը եկել է». Թրամփ. Ինչ է ասել Պուտինը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է վերջ դնել Ռուսաստանի հետ պատերազմին, հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Սա ինչ-որ նորություն է,- ասել է Թրամփը։- Նա հրադադար է ուզում։ Մենք մանրամասները չենք քննարկել։ Նա կարծում է, որ ժամանակը եկել է»:

Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս պետք է կարծի, որ «ժամանակը եկել է», որովհետև Ռուսաստանի նախագահը «պարտվել է. երբ կորցնում եք 700 հազար մարդու, ուրեմն ժամանակը եկել է»։ Դա չի ավարտվի, մինչև խաղաղություն չհաստատվի»:

ԱՄՆ նորընտիր նախագահի կարծիքով՝ Մոսկվան չկարողացավ հասնել իր նպատակներին, և «նրանք բոլորը խրված են այս սարսափելի պատերազմի մեջ, որը երբեք չպետք է տեղի ունենար»։

«Ես հայեցակարգ եմ մշակում, թե ինչպես վերջ դնել այս անհեթեթ պատերազմին»,- հավելել է Թրամփը։

Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել Զելենսկու հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։ Axios-ի տեղեկություններով՝ հանրապետականը ի սկզբանե չէր պլանավորել բանակցել Ուկրաինայի նախագահի հետ, սակայն նրան համոզել է Մակրոնը, և արդյունքում խոսակցությունը ստացվել է «լավ և արդյունավետ»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ «ճշմարտությունը Ռուսաստանի կողմն է», «ոչ ոքի չի հաջողվի նվաճել կամ կոտրել այն»։ «Նվաճել կամ կոտրել Ռուսաստանը ոչ ոքի չի հաջողվի: Մեր կողմն է և ճշմարտությունը, և զենքի ուժը, և ոգու ուժը»,- ասել է ՌԴ ղեկավարը «Ռուսաստանի հերոսներին» ոսկե աստղեր շնորհելու արարողությանը։