12/12/2024

Նախկին դատավորներ Նարինյանի և Կուբանյանի հետ փոխկապակցված անձանց գույքը ենթակա է բռնագանձման. Լուսանկար

Սնանկության դատարանի նախկին դատավորներ Գևորգ Նարինյանին, Արա Կուբանյանին և վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։

Նարինյանին ուղղված ծանուցագրում մասնավորապես նշված է, որ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշվածի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։

Արա Կուբանյանին փոխկապակցված անձ Լևոն Կուբանյանին ուղարկված ծանուցագրում էլ նշված է, որ Դատախազության վերոհիշյալ վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել Արա Կուբանյանին պատկանող գույքի առնչությամբ, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, «ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»: Ըստ Դատախազության՝ բռնագանձման է ենթակա նաև Կուբանյանին փոխկապակցված մեկ այլ անձի՝ Աղավնի Կուբանյանին պատկանող գույքը։

Նշենք, որ Գևորգ Նարինյանին, Արա Կուբանյանին, ևս երկու անձի՝ Աշոտ Խաչատրյանին, Տիգրան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, գործը 2022-ին ուղարկվել է դատարան։ Գևորգ Նարինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։

Արա Կուբանյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի որոշմամբ 2023 թ. փետրվարից (նախքան այդ կասեցված լիազորություններով) դատավորներ Նարինյանն ու Կուբանյանը դադարել են պաշտոնավարել։