14/12/2024

Գյումրիում ովքեր պատրաստ են ինձ հետ 24 ժամ օր ու գիշեր աշխատելու, որովհետև ժամանակը շատ քիչ է, խնդիրները՝ շատ․ Սիրակ Մինասյան

Գյումրու քաղաքապետարանի նախասրահում զարդարված տոնածառն ազդարարում է՝ գալիս են նոր ժամանակներ:

7368fd28-f900-48a7-af36-b62a4aff8bac (1).jpg (227 KB)

Կառույցը, ի տարբերություն նախորդ երկու ամիսների, մարդաշատ է, գրեթե բոլոր աշխատակիցները տեղերում են, բաժնի պետերն էլ՝ նիստերի դահլիճում:

Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի նախկին պետ, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի արդեն նախկին տնօրեն Սարիկ Մինասյանը դեկտեմբերի 13-ին քաղաքապետարան մտավ այս անգամ որպես փրայմերիզը հաղթած քաղաքապետի պաշտոնակատար:

Բաժնի պետերը համբերատար սպասեցին մինչև նա ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Երևանից հասնեն Գյումրի: Ձեռքսեղմումներից, բարևից ու ողջույններից հետո նախարարը հայտարարեց՝ Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու։ Ավելին՝ Սարիկ Մինասյանը նաև առաջիկա արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է լինելու:

444.jpg (139 KB)

Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կառույցում շատերին է ճանաչում, ինչպես տարիներ առաջ, այսօր էլ եկել է աշխատելու: Վստահ է՝ արհեստավարժ թիմ է ունենալու:

«Ովքեր պատրաստ են ինձ հետ 24 ժամ օր ու գիշեր աշխատելու, որովհետև ժամանակը շատ քիչ է, խնդիրները՝ շատ, 2 ամսից ավել Գյումրին համայնքի ղեկավար չի ունեցել: Կարծում եմ՝ եթե եռանդով լծվենք գործին, ամեն բան կկարգավորենք: Բաժնի պետերի հետ խորհրդակցություն կանցկացնեմ, կգնահատեմ հարցերի հրատապությունը, և, ըստ հերթականության, կանդրադառնանք դրանց»,- ասաց Մինասյանը:

Ի՞նչ կադրային վերադասավորումներ կլինեն: Հարցին Մինասյանը հստակ պատասխան չունի:

«Ում որ գտանք, որ աշխատանքում ճիշտ է իրեն դրսևորել որպես համայնքային ծառայող, միշտ եղել է գյումրեցու կողքին, չի եղել «սրա-նրա մարդը», կշարունակի աշխատել: Գյումրին փոքր է, մեկս մեկիս ճանաչում ենք, հաստատ կարող ենք էդ մարդկանց մենք տարբերակել»,- ասաց նա:

Ժամանակին «Քաղաքացիական պայմանագիր»-ը «Բալասանյան դաշինք»-ի հետ հուշագիրը խզեց՝ առաջին պլան բերելով ստվերային կառավարման փաստը: Այսօր դաշինքը չկա, սակայն թիմից բազմաթիվ պաշտոնյաներ շարունակում են աշխատել: Չկա՞ մտավախություն, որ ստվերը դեռ տեղում է՝ հարցին, Մինասյանն արձագանքեց՝ եթե կլինեն այդպիսիք, չեն շարունակի աշխատել:

5681bc5d-7f61-41f3-85f6-bb1c9455ed23.jpg (164 KB)

«Բնականաբար, կան անձնական կապեր, երկար տարիների նույնիսկ բարեկամական կապեր ունեցողներ կան, էդտեղ միշտ լինելու է անվստահություն, կարծում եմ՝ իրենք էլ ճիշտ կհասկանան և իրենց կողմից առաջին քայլը կկատարեն»,- ընդգծեց Մինասյանը:

Կանխատեսելի՞ էր արդյոք Սարիկ Մինասյանի համար փրայմերիզի արդյունքները: Նրա խոսքով՝ եթե կանխատեսելի չլիներ, չէր ինքնառաջադրվի:

Մինասյանը չի հերքել խոսակցությունները, որ իր առաջադրմամբ մեծապես շահագրգիռ է ԱԺ նախկին պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը՝ նշելով, թե ով իրեն ճանաչում է, այդ հարցում շահագրգիռ է:

Հիմա արդեն հաղթանակից և նշանակվելուց հետո նախատեսում է քաղաքացիների հետ ավելի մեծացնել շփումները, որ մարդիկ իրեն ավելի լավ ճանաչեն, քանի որ առջևում արտահերթ ընտրություններն են, և գյումրեցին պետք է հասկանա՝ արժե՞ իրեն վստահել քաղաքի ղեկը:

44.jpg (149 KB)

«Գյումրին ընտրական գործընթացներում միշտ առանձնացել է իր դիրքորոշմամբ, գյումրեցին նախընտրությունը մշտապես տվել է ոչ թե կուսակցությանը, այլ անձին: Այնպես որ եթե ընդունեմ ՔՊ-ին անդամագրվելու որոշում, կամ չընդունեմ, հաստատ գյումրեցին կրկին կգնահատի իմ անձը, թե նախկինում ով եմ եղել, ինչպիսի քաղաքապետ եմ, ինչ եմ կարողացել անել և իր ընտրությունը կկատարի: Էս պահին ո՛չ հերքում, ո՛չ հաստատում եմ ՔՊ-ին իմ անդամակցումը»,- ասաց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը:

Ի՞նչ արդյունք է ակնկալում Սարիկ Մինասյանը արտահերթ ընտրություններում: Ըստ Մինասյանի՝ ընթացքը չգիտի, բայց ավարտը լավ է լինելու, հենց այսօրվանից էլ պատրաստվում են ընտրություններին:

Այս պահին Մինասյանը քաղաքապետարան մենակ է եկել, սակայն չի հերքում, որ իր վստահելի անձանց էլ կբերի:

«Բնականաբար, իմ վստահելի մարդիկ էլ պետք է լինեն, որ կարողանամ հանձնարարությունը տամ, ու ինքը արագ կարողանա իմ հանձնարարած խնդիրներն արագ լուծի»,- նկատեց Մինասյանը: