25/12/2024

ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար. Թաթոյան

ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին:

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։

Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս.«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգության երաշխավորում», այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածքում երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումով։

Ակնհայտ է, որ սա հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիր է, որ նաև բերելու է Հայաստանի ժողովրդագրական վիճակի կործանարար փոփոխության: Ակնհայտ է նաև, որ այդ անձանց թվում Ադրբեջանի իշխանությունը նախատեսել է իր այն հատուկ ծառայությունների գործակալների, հայատյացների բնակեցում, որոնք ապահովեցին Արցախի շրջափակումը` «էկոակտիվիստ» ձևանալով: Ընդ որում, ոչ միայն չի խոսում խաղաղությունից, այլ միայն խորացնում է թշնամանքը:

Այս պայմաններում ՀՀ կառավարության ղեկավարն ու նրա հետևից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում են Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարվելու մասին` կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։ Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանությանը նվիրել հնարավորություն մաքրվելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած հանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագա հանցանքների համար:

Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի։

Խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց կայուն խաղաղություն հնարավոր է միայն երկիրն ուժեղացնելու, մեր ազգային շահերն ու իրավունքները, արժանապատվությունն ապահովելու, դիվանագիտական և միջազգային մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու միջոցով։

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան